Քաղաքական

11.01.2011 10:59


Հայկ Խանումյան. «2010-ը Արցախում որակական փոփոխությունների տարի չեղավ»

Հայկ Խանումյան. «2010-ը Արցախում որակական փոփոխությունների տարի չեղավ»

«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչ Հայկ Խանումյանի համոզմամբ՝ 2011թ. Արցախի համար խորհրդանշական տարի է լինելու:

-Այս տարի երկիրը նշելու է անկախության հռչակման 20-ամյակը: Բնականաբար, Ամանորին ամենախմված կենացները խաղաղության և այդ անկախության միջազգային ճանաչման համար էին,-«7օր»-ին ասել է Հ. Խանումյանը՝ նկարագրելով, թե 2011թ. ինչպես են դիմավորել Արցախում։

Հիշեցնելով 2010թ. նոյեմբերին արցախ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ՊԲ-ի անցկացրած ամենամասշտաբային զորավարժությունը՝ նա ընդգծել է, որ դա պատասխանն էր Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և դիվերսիոն գործողություններին, որոնք 2010թ. ընթացքում հաճախակի էին դարձել, և որ դրանք, ինչպես նաև բանակում տեղի ունեցած ողբերգական ելքով մի շարք միջադեպեր լուրջ անհանգստություն էին առաջացրել արցախյան հասարակության մեջ.

-Սակայն նոյեմբերյան զորավարժությունները, որոնք անցան բարձր մակարդակով և առանց զոհերի (ինչը շատ դժվար է տվյալ մասշտաբի զորավարժության դեպքում), ցույց տվեցին, որ Պաշտպանության բանակն ունի բարձր մարտունակություն և պատրաստ է արդարացնել իր վրա դրված հույսերը:

Նույն ոգով, սակայն, Հ. Խանումյանի կարծիքով, չի կարելի խոսել Արցախի միջազգային ճանաչման մասին:

-Անցած տարի հայկական զույգ հանրապետությունները, հայկական լոբբին որևէ լուրջ քայլ չարեցին Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Ավելին' ՀՀ ԱԺ-ում տապալվեց ՀՀ կողմից Արցախի ճանաչման օրինագիծը: Ավելին' Արցախի ճանաչման գործընթաց սկսելու շուրջ լուրջ անորոշություն կա հայկական (ՀՀ, ԼՂՀ, սփյուռք) քաղաքական կառույցների, վերլուծական կենտրոնների շրջանում, ինչը չի կարող անհանգստացնող չլինել: Միևնույն ժամանակ հույսեր չկան նաև հակամարտության կարգավորման գործընթացից, որը դեռևս ընթանում է երկկողմ ձևաչափով, բանակցությունների սեղանին վերադառնալու արցախյան իշխանությունների բոլոր ջանքներն ու հայտարարություններն անուշադրության են մատնվում: Աստանայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ հարցի լուծում մոտ ապագայում սպասել պետք չէ, և որ Մադրիդն էլ, Քի-Ուեսթի, Պրահայի, Ռամբուեյի և այլ քաղաքների հետ միասին, արցախյան հարցի կարգավորման պատմության մեջ հերթական քաղաքն էր: Աստանան նաև ցույց տվեց, որ ԵԱՀԿ-ն՝ որպես անվտանգության համակարգ, լուրջ ճգնաժամի մեջ է և անկարող' լուծելու արցախյան հակամարտության պես բարդ մի հիմնախնդիր,-նշել է «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչը:

Նրա կարծիքով՝ 2010թ. Արցախում որակական փոփոխությունների տարի չեղավ: Կենսական այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, աչքի են ընկնում բարձր անարդյունավետությամբ և կոռուպցիայի առկայությամբ: Եթե առողջապահության համակարգի ցածր մակարդակը ամենօրյա դժգոհությունների առիթ է, ապա կրթության ցածր մակարդակը լուրջ մարտահրավեր է երկրի ապագայի համար և երկարաժամկետ առումով բացասական լուրջ ազդեցություն է ունենալու երկրի համար: Շատ մասնագիտությունների գծով որակյալ կադրերի բացակայությունն է՛լ ավելի անարդյունավետ են դարձնում տարբեր համակարգերը:

Ըստ նրա՝ արցախյան հասարակության հիմնական մարտահրավերի' ժողովրդագրական խնդրի տեսանկյունից ևս անցնող տարին մեծ հույսեր չի արթնացրել: Վերաբնակեցման, հայրենադարձման ծրագրերն արդեն մի քանի տարի է՝ սառեցված են, թերբնակեցված շրջաններում շինարարություն կատարվում է տարին 1-2 շենք արագությամբ:

-2011թ. առանձնահատուկ հույսեր չպետք է ունենալ ո՛չ երկրի միջազգային ճանաչման, ո՛չ հակամարտության լուծման, ո՛չ էլ ներքին կյանքում արդյունավետ լուծումների առումով: Միակ հույսն այն է, որ 2011թ. հերթական խաղաղ տարին է լինելու,-եզրափակել է Հ. Խանումյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը