Քաղաքական

26.07.2017 17:14


«Դե որ սանկցիա եք կիրառում, ես էլ Ձեզ ասում եմ ցռան մոզի». Պավլիկ Մանուկյանը` դատավորին

«Դե որ սանկցիա եք կիրառում, ես էլ Ձեզ ասում եմ ցռան մոզի». Պավլիկ Մանուկյանը` դատավորին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 14-ի՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի քրեական գործի քննությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Դատական նիստն այսօր մեկ ժամով ընդմիջվել էր պաշտպաններ Արայիկ Պապիկյանի, Արա Զաքարյանի, Մուշեղ Շուշանյանի վարքագիծը քննելու և որոշում կայացնելու համար: Ըստ դատական կարգադրիչների՝ նրանք հրաժարվել են զննության ենթարկվելուց, իսկ դատավորները արձանագրություններին կից գրառել էին, որ զննությունը վերածում են խուզարկության: Դատավորն այսօր դատական սանկցիա կիրառեց: Այս մասին հայտնում է tert.am-ը։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հայտնեց, որ դատարանը որոշել է պաշտպաններ Արայիկ Պապիկյանի, Արա Զաքարյանի, Մուշեղ Շուշանյանի և Տիգրան Հայրապետյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա` պատասխանատվության ենթարկելու մասին դիմումով դիմելով Փաստաբանների պալատ:

Արա Զաքարյանը հակադարձեց և ասաց, որ դատավորի պահանջն անօրինական է, դատավորը թույլ չտվեց առարկություն հայտնել, իսկ Արա Զաքարյանը շարունակեց:

Դատական նիստը դատավորն ընդմիջեց և գնաց խորհրդակցական սենյակ Արա Զաքարյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու համար: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո Արա Զաքարյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ պատասխանատվության ենթարկելու մասին դիմով դիմելով Փաստաբանների պալատ:

Դատավորը նաև հայտնեց, որ ընդմիջման ժամանակ ստացել են կարգադրիչներից մեկի արձանագրությունը Հայկ Ալումյանին զննության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև մեկ միջնորդություն պաշտպան Գյուրջյանից, ինչին կանդրադառնա ավելի ուշ:

Դատավորն անցավ թարգմանիչ Անի Հովհաննիսյանին գործում ներգրավելուն: Դատավարության կողմերի դիրքորոշումը հարցնելու ժամանակ պաշտպան Արա Զաքարյանն ասաց, որ կամ 20 րոպեով ընդմիջի նիստը, կամ կարգադրիչներին ասի, որպեսզի բերեն իր պայուսակը, այլապես առանց նյութերն ուսումնասիրելու չի կարող դիրքորոշում հայտնել թարգմանչին գործում ներգրավելու վերաբերյալ:

Դատական նիստն ընդմիջվեց 20 րոպեով:

Նիստը վերսկսվեց, սակայն Արա Զաքարյանը դեռևս դահլիճում չէր: Պաշտպաններն ասացին, որ հնարավոր է՝ դեռ չի հասցրել նյութերին ծանոթանալ:

Այդ ընթացքում Պավլիկ Մանուկյանը հայտարարությամբ հանդես գալու ցանկություն հայտնեց, սակայն դատավորն ասաց, որ հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն կստանա ավելի ուշ. «Տեղից մի խոսեք, իսկ քանի որ չեք ենթարկվում դատարանի կարգադրությանը, Ձեր նակատմամբ կիրառվում է դատական սանկցիա՝ նախազգուշացում»:

«Ես ամեն կերպ աշխատում եմ հարգալից վերաբերվել Ձեզ, բայց էլ արդեն տեղ չկա: Տեսնում եք, որ չեմ խանգարում, բայց էլ տեղ չկա: Ես սանկցիայից չեմ վախենում, ես մահվան երախ եմ մտել դուրս եկել, ես վախենալու բան չունեմ»,-ասաց Պավլիկ Մանուկյանը հակառակ դատավորի՝ լռելու մասին հրահանգին:

«Երեք անգամ զգուշացվելուց հետո էլի շարունակում եք խոսել, դրա համար Ձեր նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա՝ տասը ժամով հեռացում»,-ասաց դատավորը:

Պավլիկ Մանուկյանն ասաց, որ արգելում է իր պաշտպաններին ներկա գտնվել դատական նիստին իր բացակայության ընթացքում. «Եվ բացի այդ, եթե Դուք իմ հանդեպ սանկցիա եք կիրառում, ես էլ Ձեզ ասում եմ՝ ցռան մոզի»:

Մանրամասները՝ tert.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը