Աշխարհ

25.07.2017 11:30


Ադրբեջանցի ընդդիմադիրը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել

Ադրբեջանցի ընդդիմադիրը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել

Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել: Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Ֆաիգ Ամիրլիին մեղավոր է ճանաչել կրոնական ատելություն հրահրելու և քաղաքացիների՝ կրոնական հավաքներ անցկացնելու իրավունքը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Ամիրլին, ով նաև «Ազադլըղ» օրաթերթի ֆինանսական տնօրենն է, չի ընդունել իրեն հասցեագրվող մեղադրանքները:

Ընդդիմադիր գործիչը ձերբակալվել է անցած տարվա օգոստոսին: Իրավապահները պնդում են, թե Ամիրլիի մոտ ԱՄՆ-ում բնակվող և Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի գրքերից են հայտնաբերել:

Ադրբեջանական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները շեշտում են, որ թուրքական իշխանությունների գործողությունները Գյուլենի հետևորդների նկատմամբ օգտագործվում են նաև Բաքվի կողմից՝ Ադրբեջանի իշխանությունների քննադատներին լռեցնելու համար:

Մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո Ադրբեջանը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Այս խորագրի վերջին նյութերը