Քաղաքական

22.01.2010 17:46


ՀՀԿ պատգամավոր. «Թուրքական իշխանությունները միշտ փորձել, փորձում և փորձելու են Հայաստանի իշխանությունների հետ խոսել նախապայմանների լեզվով»

ՀՀԿ պատգամավոր. «Թուրքական իշխանությունները միշտ փորձել, փորձում և փորձելու են Հայաստանի իշխանությունների հետ խոսել նախապայմանների լեզվով»

Ի՞նչ հույսերով էին ՀՀ իշխանությունները և մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնում «ֆուտբոլային» դիվանագիտությունը։ Մինչ այս տարբեր կարծիքներ են հնչել, իսկ այսօր արդեն տպավորորությունն այնպիսին է, որ միակ հույսն, այսպես ասած, միջազգային հանրությունն էր։ Համենայնդեպս, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ թուրքական իշխանությունները միշտ փորձել, փորձում և փորձելու են Հայաստանի իշխանությունների հետ խոսել նախապայմանների լեզվով, իսկ ՀՀ սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշումը նրանց համար սառը ցնցուղ էր։

-Եթե թուրքական իշխանություններն Էրդողանի գլխավորությամբ փորձում են իրենց նպատակները, նախապայմանները փաթաթել Հայաստանի վզին, պարտադրել, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր Սահմանադրությունից, Անկախության հռչակագրի դրույթներից, ապա համոզված եղեք, որ դա երբեք նրանց չի հաջողվելու, և հանդիպելով Հայաստանի իշխանությունների կոշտ քայլերին՝ նրանց համար սա կարծես թե անակնկալ էր, այդ թվում նաև Սահմանադրական դատարանի որոշումն իր մեկնաբանություններով,- հայտարարեց Գ. Մելիքյանը՝ հավելելով.

-Համոզված եմ, որ եթե նույնիսկ ՍԴ-ում արձանագրություններին «այո՛» չասվեր, որ բխում են ՀՀ սահմանադրությունից, միևնույնն է, թուրքական կողմը որևէ պատրվակ և պատճառ կգտներ, որպեսզի կանխամտածված ձևով փորձեր իր կողմից վավերացման ուշացումը կամ ձգձգումը, կամ ողջամիտ ժամկետում վավերացում չիրականացնելը կապեր ՀՀ իշխանությունների հետ, սակայն համոզված եմ նաև, որ դա նրան չի հաջողվելու։

Այստեղ, իհարկե, բնական հարց է առաջանում՝ եթե ՀՀ իշխանություններն ի սկզբանե գիտեին, որ թուրքական իշխանությունները միշտ փորձել, փորձում և փորձելու են Հայաստանի իշխանությունների հետ խոսել նախապայմանների լեզվով, այդ դեպքում ի՞նչ հույս ունեին, որ «ֆուտբոլային» դիվանագիտության պարագայում այդ նախապայմաններն այլևս առաջ չեն քաշվի, կամ այդ փորձերն անհաջողությամբ կպսակվեն։ Պարզվում է, որ դա թուրքերին անել թույլ չի տա միջազգային հանրությունը։ Մասնավորապես ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը համոզված է, որ միջազգային հանրությունը Թուրքիային պարտադրելու է առանց նախապայմանների վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, այլապես, ըստ նրա, դրանք ընդհանրապես չէին ստորագրվի։

-Կարծում եմ, որ Թուրքիան պարտադրված կարգով է ստորագրել այս արձանագրությունները, և մինչև վերջ էլ իր պարտականությունները միջազգային հանրության առջև կատարելու է։ Ուղղակի կարող է որոշակի ձգձգումներով կատարի և ողջամիտ ժամկետում անընդհատ խուսափի չվավերացնել արձանագրությունները։

Ուրեմն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացն սկսելիս ՀՀ իշխանությունների հույսը միջազգային հանրության ճնշումնե՞րն են եղել։ Մեր այս հարցին ի պատասխան՝ Գ. Մելիքյանն ասաց.

-Հայկական կողմն ընդհանրապես իր հույսը դրել է ճշմարտության վրա, որ ճշմարտությունը կբացահայտվի, որ դա նաև միջազգային հանրությունը կգնահատի։ Այս նախաձեռնությունը երբ կատարվեց հայկական կողմից և հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, այո՛, նաև հույս ունեինք, որ միջազգային հանրությունը կգնահատի դա, և հայկական կողմի այս նախաձեռնությունը, բարձ գնահատական ստանալով միջազգային հանրության կողմից, կպարտադրվի նաև Թուրքիային, որ ընդունի։

-Եթե չպարտադրի՞,- հարցրեցինք։

-Հնարավո՛ր չի,- վստահություն հայտնեց նա։

Հետաքրքիր է նաև այն, թե ինչո՞ւ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրախությամբ ընդունում Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի առաջարկած օժանդակությունը, ավելին՝ միաժամանակ հայտարարելով, որ միայն հիմար մարդը կհրաժարվի օժանդակությունից՝ շատ լավ իմանալով, որ թուրքական կողմը միշտ էլ փորձելու է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ։ Պարզվում է՝ Թուրքիայի օժանդակությունը, ըստ Գ. Մելիքյանի, կարող է դրական, արդար իմաստով լինել։

-Նախագահը չի ասել՝ Թուրքիա՛, Ադրբեջանի կողմից անարդար միջամտություն իրականացրու, այլ միջազգային իրավունքի տեսանկյունից,- մեկնաբանեց ՀՀԿ պատգամավորը։

Եվ սա այն դեպքում, երբ րոպեներ առաջ նույն Գագիկ Մելիքյանն էր հայտարարում, որ «Թուրքիան մինչֆուտբոլային դիվանագիտությունն էլ, Ղարաբաղի հարցի հետ կապված, տարբեր միջազգային ատյաններում անընդհատ, այդ թվում նաև Ադրբեջանի հետ համատեղ կամ առանձին, միշտ բարձրաձայնել է այդ թեման»։ Այսպիսով, Գ. Մելիքյանը եզրակացնում է, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը չէ Թուրքիային հնարավորություն տվել միջազգային ասպարեզում բարձրաձայն և շարունակաբար խոսել ԼՂ-ի խնդրի կարգավորման մասին.

Իսկ ընդհանրապես իշխող խմբակցության անդամը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի արդյունքում Հայաստանը շահեկան վիճակում է հայտնվել, քանի որ միջազգային հանրության առջև ՀՀ-ի վարկանիշը բավական բարձրացել է. միջազգային հանրությունը տեսավ, որ հայերը, միջազգային իրավունքից ելնելով, գնում են Թուրքիայի հետ հարաբերությունների կրագավորմանն առանց նախապայմանների։

Իսկ եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, ապա, Գ. Մելիքյանի խոսքերով, ՀՀ ԱԺ մեծամասնությունը նույնպես (հատկապես ՍԴ որոշումից հետո) պատրաստ է առանց վերապահումների վավերացնել դրանք։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը