Մեկնաբանություն

19.07.2017 22:00


Ռուս-ղազախական «անտառը» և հայկական «տաշեղը»

Ռուս-ղազախական «անտառը» և հայկական «տաշեղը»

Ռուսական հայտնի խոսք կա՝ «Անտառը հատում են, տաշեղները թռնում են»: Այդ խոսքն ամբողջությամբ կիրառելի է ռուս-ղազախական «վարորդական» հակամարտության արդյունքում ՌԴ-ում վարորդությամբ փող վաստակող ՀՀ քաղաքացիների ունեցած խնդիրների առումով:

Ինչպես հայտնի է, հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում բիզնես նպատակով չեն կարող օգտագործել իրենց վարորդական իրավունքը: Ռուսաստանում ընդունված օրենքն ուղղված է Ղազախստանի քաղաքացիների դեմ, բայց տուժում են նաև ՀՀ քաղաքացիները (ռուսաց լեզվի ազդեցության գոտուց աստիճանաբար դուրս գալու Աստանայի քայլերը նյարդայնացրել են Կրեմլին և ռուսները որոշել են յուրօրինակ ձևով ճնշել ղազախներին, բայց ձեռքի հետ տուժել են նաև հայերը):

ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինը ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է խնդրի լուծման համար ՀՀ-ում ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու: Եթե պաշտոնական Երևանը կշիռ ու հարգանք ունենար, ապա այդպիսի առաջարկ ռուսական խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը չէր կարողանա անել, բայց հիմա այլ վիճակ է և մեզ հետ անտակտ են վարվում:

Պարզ է, որ վարորդական իրավունքի հետ կապված պատմությունը ՀՀ իշխանությունները կուզենան լուծել ի շահ ՀՀ այն քաղաքացիների, ովքեր ՌԴ-ում ավտոմեքենա են վարում բիզնես նպատակով, գումար վաստակում և ուղարկում Հայաստան, բայց քանի որ, կրկնեմ, Հայաստանը կորցրել է իր կշիռն ու հարգանքը, ապա Մոսկվայում առանձնապես չեն մտահոգվում մեր անկախության դեմ ուղղված առաջարկ անելիս:

Հայաստանի իշխանություններին հիմա այլ բան չի մնացել, քան սեփական հաճախորդների միջոցով ՌԴ-ին ատամ ցույց տալը: Խաղի մեջ է մտցվել տխրահռչակ «Ելք» դաշինքը, որը ներկայացնող «արևմտամետ» պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել (ոչ պակաս «թնդության» արևմտամետ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարել է, որ կօժանդակի Մարուքյանին): Այդպիսով իշխանություններն ուզում են ցույց տալ Մոսկվային, որ Հայաստանում շատ վատ է ընդունվել «վարորդական» որոշումը, և բացի այդ՝ ուզում են նաև ցույց տալ, որ Հայաստանում եթե իրենք չլինեն, ապա արևմտամետ ընդդիմությունը կգա ու Հայաստանին կտանի դեպի ՆԱՏՕ: Թե որքանով արդյունավետ կլինի և կլուծի հայ վարորդների խնդիրը Բ26-ի այս քայլը, դժվար չէ կռահել. Մոսկվայում հայաստանյան իշխանությունների «ատամները» հաշվել են:

Ինչ վերաբերում է Մարուքյանին ու ընդհանրապես «Ելք» դաշինքին, ապա նրանց համար սա նախագահական նստավայրից ստացած հերթական առաջադրանքն է, որը կատարում են:

Ներքին կյանքում պետք էր, որպեսզի «ընդդիմադիր» «Ելք»-ը հայտարարի, որ խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ են ու իրենք ընդունում են ՀՀԿ-ի հաղթանակը, արեցին: Հիմա էլ պետք է Բ26-ի ձեռքում հակառուսական գործիք դառնալ, դարձել են: Այդպիսով հա՛մ թունդ հայրենասեր են երևում, հա՛մ թունդ «արևմտամետիստ», հա՛մ էլ հաջող բիզնես-նախագիծ են իրականացնում: Այսինքն՝ «Ելք»-ը կատարում է այն գործառույթը, ինչի համար որ իշխանությունները դրանց մտցրել են խորհրդարան: ՀՀ քաղաքացիների հարցերը և Հայաստանի պետական շահերը սրանց համար երկրորդական են:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Մի ժամանակ էլ «թունդ արևմտամետները» եվրաասոցացվում էին: Այնպես ասոցացվեցին, որ վերջում իրենց իրական շեֆի հետ միասին հայտնվեցին Կրեմլի «պադվալում»:

Վախենամ այս անգամ էլ «արևմտամետ» մարուքյանները հասնեն այն բանին, որ ռուսերենը Հայաստանում իրոք դառնա երկրորդ պետական լեզու՝ հետագայում առաջինը դառնալու միտումով:

Այս խորագրի վերջին նյութերը