Մեկնաբանություն

23.01.2010 16:17


Ու՞մ հաշվին էր Եգիպտոս մեկնել Գալուստ Սահակյանի կինը

Ու՞մ հաշվին էր Եգիպտոս մեկնել Գալուստ Սահակյանի կինը

Հունվարի 16-ին պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Մկրտիչ Մինասյանը, Համլետ Հարությունյանը, Սուրիկ Պողոսյանը, Վարդան Բոստանջյանը, Հովհաննես Մարգարյանը, Արայիկ Գրիգորյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես տեղեկացանք «Առավոտ» օրաթերթի հրապարակած ֆոտոռեպորտաժից՝ պատվիրակության հետ Եգիպտոս էր մեկնել նաև Գալուստ Սահակյանի կինը։    

«7օր»-ը փորձել է պարզել, թա ի՞նչ կապ ունի Գալուստ Սահակյանի կինը Հովիկ Աբրահամյանի՝ Եգիպտոս մեկնած պատվիրակության հետ, և արդյոք նրա մեկնման ծախսերը մտնո՞ւմ են պատվիրակության ընդհանուր ծախսերի մեջ։

ՀՀ ԱԺ լրատվական վարչության աշխատակից Էլյա Գրիգորյանը նշել է, թե իրենք չեն կարող ասել՝ Գալուստ Սահակյանի կինը եղե՞լ է պատվիրակության մեջ, թե՞ ոչ, և ավելացրել է, որ այդ հարցը հնարավոր է պարզել ՀՀԿ խմբակցությունից։ Այն հարցին, թե որքան են կազմում պատվիրակության մեկնման ծախսերը, նա պատասխանել է, որ լրատվական վարչությունն իրավասու չէ պատասխանել նման հարցերի։

ՀՀ ԱԺ կադրերի վարչության պետ Վարդուհի Խաչատրյանը, սակայն, մեզ տեղեկացրել է, որ Գալուստ Սահակյանի կինը չի եղել պատվիրակության մեջ։

-Ես հաստատ կարող եմ ասել, որ կնոջ մեկնման ծախսերը հոգացել է ԱԺ պատգամավորը։ Ինչ վերաբերում է ընդհանուր պատվիրակության մեկնման ծախսերին, ասեմ՝ իսկ «7օր»-ի ինչի՞ն է պետք, թե որքան գումար է ծախսվել,-ասել է ԱԺ աշխատակիցը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ապշած է. ինչպե՞ս կարող է մարդկանց մտքով անցնել, որ պատվիրակության մեջ իր կինն էլ է եղել։

-Ցանկացած պատգամավորի իրավունքն է, որ եթե գործուղման է գնում, կարող է կնոջն էլ հետը տանել իր ծախսերով։ Կնոջս ծախսերը հոգացել եմ ես։ Նա պատվիրակության անդամ չի և չէր էլ կարող լինել,-Գ. Սահակյանը։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը