Կարծիք

22.01.2010 16:05


Ավելին, քան հեղափոխությունը

Ավելին, քան հեղափոխությունը

Ուկրաինական ընտրությունների հետ կապված հիմնական զարգացումները (երկրորդ փուլի անհաշտ պայքար՝ չբացառելով, թերևս, անկանխատեսելի զարգացումները) դեռ առջևում են, բայց այս պահին էլ կարող ենք, ըստ երևույթին (եթե նշածս ենթադրական անկանխատեսելի զարգացումները «համը չհանեն»), մի կարևոր փաստ ամփոփել, որն անմիջականորեն առնչվում է նաև մեր խնդիրներին: Ինչպես գիտեք, Ուկրաինայի գործող նախագահ Յուշչենկոն, ստանալով ընտրողների ձայների նվազագույն տոկոսը, հեռանում է նախագահի պաշտոնից: Սա կարելի է համարել աննախադեպ երևույթ հետսովետական տարածքի համար՝ չհաշված, իհարկե, Մերձբալթիկայի երկրները: Այս օրերին ռուսական ԶԼՄ-ներով շատ բան կարող են ասել Յուշչենկոյի մասին՝ ձեռ առնել, մատնանշել թերացումները, վերհիշել Մայդանի օրերը, երբ Յուշչենկոն հերոս էր և այլն, բայց իրականում ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ԱՊՀ գրեթե ցանկացած գործող նախագահ նորմալ ընտրությունների և քիչ թե շատ զարգացած հասարակության առկայության դեպքում հազիվ էլ մի 5-10 տոկոս ձայն հավաքի: Իսկ հեղափոխական առաջնորդի դեպքում հերոսացումից մինչև ժողովրդականության կտրուկ անկում ընկած ճանապարհը միշտ էլ կարճ է: Սովորաբար գործող նախագահի կամ նրա «պաշտոնական» ժառանգորդի ցածր վարկանիշի խնդիրը լավագույն դեպքում լուծվում է վարչական ռեսուրսի և անհավասար պայմաններում անցկացվող ու զանգվածային ոչնչացման զենքի կիրառում հիշեցնող PR արշավի միջոցով (ինչպես, օրինակ, Ելցինի դեպքում 1996-ին), իսկ ավելի հաճախ՝ ուղղակի կեղծիքների և բռնության օգնությամբ: Խախտելով այս ավանդույթը՝ Ուկրաինայի գործող նախագահը կատարեց իր պատմական առաքելությունը՝ դուրս հանելով Ուկրաինան այս օրինաչափության դաշտից: Հազիվ թե նա կարողանար անել ավելին իր ղեկավարած պետության համար: Կարելի է նույնիսկ ասել, որ եթե գործող նախագահն ունենար էլ հաղթելու շանսեր, պետք է դրանք չօգտագործեր և իր պարտության միջոցով ստեղծեր արդիական պետական համակարգի հիմքերն Ուկրաինայում: Յուշչենկոյի այս քայլը շատ ավելին է, քան նրա առաջնորդությամբ կատարված հեղափոխությունը: Դա այդպես է, մանավանդ եթե հիշենք, որ մյուս հեղափոխական առաջնորդը՝ Սահակաշվիլին, չանցավ նույն փորձությունը:

Բնականաբար, Յուշչենկոն ո՛չ հերոս է, ո՛չ էլ սուրբ: Նրա վարկանիշի կտրուկ անկումը տարիների ընթացքում օբյեկտիվ պատճառներ ունի, ինչպես և իր հասցեին հնչեցվող քննադատությունը: Թե՛ որպես մարդ, թե՛ որպես երկրի ղեկավար՝ նա կարող է ունենալ բազմաթիվ թերություններ: Ենթադրենք նույնիսկ, որ իր անհատական հատկանիշներով նա զիջում է հետսովետական տարածքի այլ «ուժեղ» առաջնորդներին՝ նույն Սահակաշվիլուն, Մեդվեդևին, Ալիևին և այլոց: Բայց սա չէ խնդիրը: Թեկուզ լինելով միջակ ունակությունների և մարդկային հատկանիշների տեր մարդ՝ նա կարողացավ ապահովել համակարգային լուրջ ճեղքում: Եթե այս ճեղքումն ամրապնդվի ներկայիս հիմնական երկու թեկնածուների կողմից, ապա Ուկրաինան, համակարգչային խաղերի բառապաշարով ասած, կանցնի նոր «լևելի»: Նոր «լևելի» դեպքում խնդիրները, բնականաբար, չեն վերանում, այլ նույնիսկ բարդանում և շատանում են, իսկ նախկին «լևել»-ների խնդիրներն էլ մոռացվում կամ ոչ էական են թվում: Բայց կարծում եմ՝ չարժե բացատրել, թե ինչու են մարդիկ ձգտում հաղթահարել նախնական՝ ավելի պարզ մակարդակները և հասնել ավելի բարդին:

Կարծում եմ՝ պարզ է, որ այս ամենն առնչություն ունի Հայաստանի հետ: Մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկի հետ խոսում էինք այն բանի մասին, որ մեզանում նույնիսկ քաղաքական մեկնաբանների մակարդակով խոսակցությունը հիմնականում պտտվում է անհատների, ոչ թե համակարգի խնդիրների շուրջ: Զրույցի ընթացքում ծանոթս լավ օրինակ բերեց: Նա հիշեցրեց մի քանի տարի առաջվա իրավիճակը, երբ Հայաստանում կար բջջային հեռախոսահամար ճարելու խնդիր: Այդ խնդիրը լուծվեց մեկ օրվա ընթացքում, երբ մուտք գործեց բջջային կապի երկրորդ օպերատորը, և վերացավ մենաշնորհը: Այսինքն, երբ հարցը համակարգային լուծում ստացավ: Այս օրինակից պարզ է, որ խնդիրը ոչ թե Արմենթելի ղեկավարության վատ կամ լավ լինելու մեջ էր, այլ համակարգի: Եթե փոխեինք օպերատորի նախագահին, բայց մնար նույն մենաշնորհային համակարգը, ոչնչի չեինք հասնի: Նույնն է քաղաքական դաշտում: Անհատներ փոխելով՝ խնդիր չի լուծվում: Տպավորություն կա, որ մեր հասարակությունն անընդհատ լավ ու վատ անհատներ է փնտրում՝ հույս ունենալով փոխել իրավիճակը: Հիշեցի նաև մեկ այլ խոսակցություն, որը նույնպես վերջերս էր տեղի ունեցել: Իշխանամետ ծանոթներիցս մեկն ինձ համոզում էր, թե ի՜նչ լավ մարդ է մեր վարչապետը, և ինչպես է նա Ս. Սարգսյանի հետ միասին ուզում փոխել իրավիճակը երկրում, բայց, ավաղ, չի ստացվում: Ես, անկեղծ ասած, չհավատալու խնդիր չունեմ: Ենթադրենք՝ լավն են, և ուզում են: Բայց դա ոչինչ չի փոխում, քանի, որ խնդիրը «լավ տղերքի» կառավարություն ձևավորելը չէ: Ի վերջո, սրբերը միշտ էլ դեֆիցիտ ապրանք են եղել, իսկ այսօր՝ առավել ևս: Հայաստանի առջև ծառացած խնդիրներն այնքան բարդ են, որ դրանք ցանկության իսկ դեպքում կարճ ժամանակահատվածում ի զորու չէ լուծել նույնիսկ սրբերի բրիգադը: Բայց կա մի բան, որ մեր ներկայիս «լևելում» կարելի է լուծել մեկ ակնթարթում: Բավական է, որ շատ լավ ու շատ խելոք ղեկավարները մեկ անգամ կամովին հեռանան իշխանությունից:

«7օր» կայքում երեկ մի հարցում տեսա, որը վերաբերում էր Հայաստանում իշխանության փոփոխության նախընտրելի ճանապարհին՝ հեղափոխությո՞ւն, սահմանադրական ճանապա՞րհ, թե՞ հեղաշրջում: Անկեղծ ասած, դժվարացա միանգամից պատասխանել և քվեարկեցի «այլ»-ի օգտին: Հավասար այլ պայմաններում ես կքվեարկեի հեղափոխության օգտին, եթե համոզված լինեի, որ մյուս քվեարկածների մեծամասնությունը մոտավորապես նույնն է հասկանում հեղափոխություն ասելով, ինչ ես, և չի նույնացնում դա հեղաշրջման հետ: Իմ հասկացածը մոտավորապես հետևյալն է. հեղափոխությունը մի գործընթաց է (ոչ թե կարճ ժամանակահատվածում իրականացվող գործողություն, որը հեղափոխական գործընթացի ընդամենը գագաթնակետը կարող է լինել), որն ընգրկում է ոչ միայն քաղաքական, այլև հասարակական լայն ոլորտները, որը տեղի է ունենում նախ մտքերի, գաղափարների, ապա նաև՝ հասարակական ինստիտուտների դաշտում և հետո միայն մարմնավորվում որպես քաղաքական ակտ: Բոլոր մեծ հեղափոխություններն էլ եղել են նախ մտքերի մեջ: Իսկ մտքերի դաշտում հեղաշրջումն ապահովվել է տվյալ երկրի մտավոր վերնախավի կողմից, որը տվել է նախ սուր քննադատությունը, ապա նոր արժեհամակարգի հիմքերն է ստեղծել, ինչպես նաև անձնական օրինակով հաստատել իր՝ նոր արժեքների կրող լինելը: Եթե մեր հասարակության գերակշիռ մասը դեռ չի կարողանում վերացարկվել անձերի մակարդակից, ապա դրա մեղքը վերնախավինն է, որը չի ձևակերպում համապատասխան նպատակ և արժեքներ: Բացի այդ, Ուկրաինայի և Վրաստանի օրինակով տեսնում ենք, որ միայն հեղափոխությունը դեռ քիչ է: Այն պետք է իր տրամաբանական ավարտն ունենա. հեղափոխականները պետք է կամովին զիջեն իշխանությունը, որպեսզի համակարգային փոփոխությունը և անցումը հաջորդ մակարդակին կայանա: Ուկրաինան առայժմ հեղափոխության ավարտի դրական օրինակ է ծառայում, իսկ Վրաստանը՝ դեռ ոչ: Հայաստանին էլ մնում է ուշադիր լինել հարևանների օրինակներին:

 Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը