Լրահոս

21.12.2010 10:52


Ադրբեջանի առաջատար ԶԼՄ-ները շարունակում են արատավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող ֆիլմը. հնարավոր են դատական հայցեր

Ադրբեջանի առաջատար ԶԼՄ-ները շարունակում են արատավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող ֆիլմը. հնարավոր են դատական հայցեր

«Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանն ու ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը հանդես են եկել հայտարարությամբ' ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից ֆիլմի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մասին: Հայտարարության մեջ ասվում է.

 «Մոսկվայում լայն թափով շարունակվում են «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները: Կինոնկարը հիմնված է միեւնույն հորն ընկած հայի եւ ադրբեջանցու հոգեբանական դրամայի վրա:  Սկզբում երկու հերոսներն էլ ատելու են միմյանց եւ համարելու են հայերին ու ադրբեջանցիներին անհամատեղելի: Կարծիք, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում շատերն են կիսում:

Հորում մի քանի ժամ միասին անցկացնելուց հետո հերոսների միջեւ երկխոսություն է սկսվում, որի ընթացքում վեր են հառնում նրանց հուզող թեմաները: Արդյունքում' հայն ու ադրբեջանցին հարկադրված գտնում են մինչ այժմ անլուծելի թվացող հարցերի պատասխանները:

«Ընդհատված երգը» առողջ բանավեճ է, հազվադեպ հանդիպող քաղաքակիրթ երկխոսություն' երկու ժողովուրդների ներկայացուցիչների միջեւ: Ֆիլմում չկան բացասական կերպարներ, ուղղակի հերոսներից յուրաքանչյուրն ունի ճշմարտի մասին իր պատկերացումները: Անսպասելի ավարտը դիտողին կհարկադրի խորհել հայ-ադրբեջանական շարունակվող լարվածության մթնոլորտում առաջին հայացքից անկարեւոր թվացող արժեքների մասին:

Այս ֆոնի վրա տարօրինակ է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից ֆիլմի դեմ նախաձեռնած քարոզարշավը, ինչը հասել է այնպիսի չափերի, որ, թերեւս, կարելի է համեմատել խորհրդային տարիներին պաշտոնական քարոզչությանը հակասող ֆիլմերի դեմ ծավալվող արշավների հետ:

Ֆիլմն արատավորելու գործին են լծվել ադրբեջանական գրեթե բոլոր տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցները: Այս գործելաոճը շարունակելու դեպքում մենք պատրաստվում ենք դատական հայցեր ներկայացնել' ընդդեմ ապատեղեկատվության սկզբնաղբյուր հանդիսացող ' 1news.az եւ vesti.az լրատվական գործակալությունների:

Մեր տեղեկություններով, օրերս ադրբեջանական հեռուստատեսությունը եւս ցուցադրել է ռեպորտաժ, որում կասկածի տակ է առնվել «Ընդհատված երգը» ֆիլմի անաչառությունը:

Գտնում ենք, որ ադրբեջանական անթաքույց հիստերիան պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆիլմը նկարահանվում է հայերի կողմից:

Սկսելով կինոնկարի դեմ այս թունոտ արշավը, ադրբեջանական ԶԼՄ-ները ավելի են բորբոքում կրքերը հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ, ինչը կարելի է դիտարկել որպես անհանդուրժողականության եւս մեկ, այն էլ ամբողջովին անհիմն, դրսեւորում:»

Նշենք նաեւ, որ հաջորդ շաբաթվա սկզբին Մոսկվայում տեղի կունենա ֆիլմի ռեժիսորի եւ պրոդյուսերի մամուլի ասուլիսը: Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» հոգեբանական դրամայի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում 2011թ. գարնանը:

Կինոնկարի կարգախոսն է' «Ցանկացած պատերազմի նպատակը խաղաղությունն է»:

Այս խորագրի վերջին նյութերը