Քաղաքական

12.07.2017 14:58


Լևոն Մնացականյան․ «ՊԲ-ն ի վիճակի է համարժեք պատասխանելու հակառակորդի սադրանքներին»

Լևոն Մնացականյան․ «ՊԲ-ն ի վիճակի է համարժեք պատասխանելու հակառակորդի սադրանքներին»

Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:

Հանդիպման մեկնարկին ողջունելով բարձրաստիճան հյուրերին` բանակի հրամանատարը վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններին՝ դրանք որակելով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած զանգվածային հարձակում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից գործողության մեջ դրված հատուկ նշանակության ուժերը, մեծ քանակությամբ զրահատանկային ստորաբաժանումները, համազարկային, հրթիռային և հրետանային միջոցները, արդի տեխնոլոգիաներ պարունակող զինատեսակներն ու ընտրված հարվածային ուղղությունները: Այնուհետև Լևոն Մնացականյանը ներկայացրել է հետապրիլյան աշխատանքները՝ նշելով, որ կատարվել են համակողմանի վերլուծություններ, ներկայացրել տեղ գտած բացթողումների ու թերացումների վերացման ուղղությամբ կատարված և կատարվելիք գործընթացների համալիրը: Ներկայումս առաջնագծում տիրող իրադրությունը որակելով որպես կայուն վերահսկվող՝ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ պաշտպանության բանակն ի վիճակի է համարժեք պատասխանելու հակառակորդի սադրանքներին և պատրաստ է իրավիճակից ելնելով ձեռնարկել նաև հարձակողական գործողություններ:

Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին առաջնագծում ինժեներական կահավորման, մարտական հերթապահությունն էլ ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, բանակում կիրառվող նորարարություններին, տեսադիտարկման համակարգերի հնարավրություններին ու արդյունավետությանը:

ԱՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը