Կարծիք

12.07.2017 08:50


Հայաստանում որոշումներ կայացնողները շատ հեռու են պետականություն հասկացությունից

Հայաստանում որոշումներ կայացնողները շատ հեռու են պետականություն հասկացությունից

Կենտրոնական բանկի կողմից նոր դրամանիշների վրա պատկերվող անձերի ընտրությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում որոշումներ կայացնողները շատ հեռու են պետականություն հասկացությունից:
Մի կողմ թողնենք այն, որ նման որոշումները հանրային քննարկումներից հետո են ընդունվում: Դրամի պատկերներով կարևորվում է պետականությունը և մշակույթը:
Կարճ ասած դրամանիշները մեսիջներ են պարունակում:

1. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայի հույն էր (դեռ հարց է, թե հոր կողմից պարսիկ է եղել, թե դա հնարել են, որ իրեն Արշակունի ներկայացնեն) ու ընդամենը քաղաքական որոշումից հետո մեծ խմբով գործուղվել է Հայաստան` Կեսարիայից:

Եթե դրանով ցանկանում են Գարեգին Բ-ի բրենդավորման համար քրիստոնեությունը շեշտել, կարող էին Տրդատ 3-ի պատկերը տեղադրել կամ էլ Պապ թագավորի, ով եկեղեցին կտրեց Կեսարիայի ղեկավարումից ու Հայաստանի պատմության ընթացքում ամենաճակատագրական որոշումը կայացրեց, ինչի համար էլ սպանվեց, կամ Մաշտոցի` ով նույնպես քրիստոնեական գործիչ էր, այբուբենի մասին էլ դեռ չխոսենք:

2. Պարզ է, որ Տիգրան Պետրոսյանը ոչ մի առընչություն չի ունեցել Հայաստանի հետ, անգամ չի բնակվել այստեղ և ոչ էլ կարճատև շախմատի աշխարհի չեմպիոն լինելն այնպիսի աշխարհացունց իրադարձություն էր, որ դրամի վրա պատկերվի: Ընդամենը Սերժ Սարգսյանի համապատասխան տեղն են փորձել մտնել` ընթացիկ նպատակների համար բրենդավորման խնդիր են ուզում լուծել:

3. Պարզ է, որ Այվազովսկուն դրամի վրա պատկերելով ոչ թե մշակույթ ունենալն, այլ հակառակը` չունենալն է շեշտվում: Այսինքն, արժանի մարդ չգտնելու պատճառով դրսից են «տղա» բերում:

4. Չգիտեմ ով ոնց, բայց մազոխիստական (18+) Անլռելի Զանգակատուն պոեմի համար Սևակին ոչ թե դրամի վրայից, այլ դասագրքերից է պետք հանել: Անչափահասների մոտ փսիխոզ առաջացնող պոեմը պետք է դասագրքերից հանվի: Մնացածն էլ ճաշակի հարց է, կոնկրետ ինձ ինքը երբեք հետաքրքիր չի եղել, բայց այդ հարցով չեմ վիճում, մասնագետ չեմ, ինձ քաղաքական կողմն է հետաքրքրում:

5. Վիլյամ Սարոյանի մասին խոսելն անիմաստ է. միջին կարգի ամերիկացի գրող է և ոչ Ամերիկայում, ոչ էլ Հայաստանում որևէ ցնցող հետք մարդկանց գիտակցության վրա չի թողել:

Հ.Գ. Եզրակացությունը մեկն է, որոշումներ ընդունողները դեռևս Սովետական Միությունում են ապրում և պատկերացում չունեն, թե ինչ է պատականությունը և դրա համար էլ ինչ արել կամ անելու են, ամեն ինչ թարս է ստացվում (ստացվել, ստացվելու):

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը