Քաղաքական

11.07.2017 12:53


Ստեփանակերտը բացասական է գնահատում սպառազինության մատակարարումն Ադրբեջան

Ստեփանակերտը բացասական է գնահատում սպառազինության մատակարարումն Ադրբեջան

Պաշտոնական Ստեփանակերտը բացասական է գնահատում ցանկացած երկրից սպառազինության մատակարարումն Ադրբեջան: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, նաև հավելելով՝ չի համարում, թե ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջան ուղղված են հայության դեմ: Ըստ նրա, դա ռուսական կողմի բիզնեսն է:

«Սա պարզապես բիզնես է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որը մեր կարծիքով ճիշտ չէ, Ադրբեջանն այն պետությունը չէ, որին պետք է նման զենք մատակարարել: Բայց դա Ռուսաստանի ներքին գործն է, և կրկին պետք է ասենք՝ ինչքան էլ տարօրինակ չլինի, այդ զենքի մրցավազքն ինչ-որ ձև պահպանում է խաղաղությունն ու կայունությունը, որովհետև եթե կողմերն ունեն հզոր զենքեր, դա նաև զսպիչ հանգամանք է»:

Հարցին՝ «չէ՞ որ հենց այդ զենքով են ադրբեջանցիները կրակում հայկական ուժերի, հայաբնակ բնակավայրերի վրա», Բաբայանն արձագանքել է․ «Այո, միգուցե նրանք օգտագործում են այդ զենքերը, բայց եթե Ռուսաստանը չմատակարարի, այլ պետություն է մատակարարելու, նույն Իսրայելը, նույն Պակիստանը, բազմաթիվ այլ երկրներ մատակարարում են: Չգիտես ինչու միայն ռուսական կողմի մատակարարման վրա է սևեռված բոլորի ուշադրությունը: Ի վերջո՝ մենք էլ ունենք «Իսկանդեր» և այն մենք ձեռք ենք բերել Ռուսաստանից, չպետք է դա մոռանանք»:

Վերլուծաբան Արմեն Գրիգորյանի խոսքով, 2011 թվականից ի վեր, երբ ձախողվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման կազանյան բանակցությունները, Ադրբեջանը ձեռնամուխ եղավ լայնամասշտաբ սպառազինմանը: «Ապրիլյան պատերազմից հետո սահմանին տեղակայված տեսախցիկները ցույց են տալիս, որ ապրիլյան սցենարը մի քիչ դժվարանում է, հանկարծակի հարձակման էֆեկտը չկա: Հիմա պետք է հասկանալ, թե Ադրբեջանն ինչպես է փոխելու մարտավարությունը: Նույն այդ «Սոլնցեպյոկ»-ները, որը ստացել է, դրանք ապրիլյան պատերազմում էֆեկտիվ չեն աշխատել: Պատերազմը հայկական կողմին էլ ցույց տվեց, որ մեր տանկերն էֆեկտիվ չեն աշխատել»,- ասել է վերլուծաբանը:

Մանրամասները՝ «Ազատություն»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը