Աշխարհ

11.07.2017 12:27


Մայիսին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 16 տոկոսով

Մայիսին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 16 տոկոսով

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ 2017թ. մայիսին Թուրքիա է այցելել 2 մլն 890.000 օտարերկրացի, որոնց 1.65 տոկոսը այս երկրում մնացել է միայն մեկ օր: Թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այդ ցուցանիշը 16.27 տոկոսով գերազանցում է 2016թ. մայիսին գրանցված արդյունքները:

Թուրքիայի նահանգների մեջ զբոսաշրջիկների թվով առաջատարը Անթալիան է. մայիսին այս նահանգ է ժամանել 1 մլն 48.000 օտարերկրացի (զբոսաշրջիկների ընդհանուր թվի 36.27 տոկոսը): Երկրորդ տեղում Ստամբուլն է՝ 831.000 (28.74 տոկոս) ցուցանիշով:

3-5րդ հորիզոնականներում են համապատասխանաբար Արդվինը (244.958 մարդ կամ 8.48 տոկոս) Մուղլան (236.173 մարդ կամ 8.17 տոկոս) և Էդիրնեն (233.357 մարդ կամ 8.07 տոկոս):

2017թ. հունվար-մայիս ամիսներին Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.5 տոկոսով: 2017թ. առաջին հինգ ամիսներին այս երկիր մուտք գործած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 8 մլն 763.000 , որոնցից 99.900 մարդ (1.14 տոկոսը) երկիր է մուտք գործել միայն մեկօրյա ժամկետով:

Ընդ որում՝ նշված ժամանակահատվածում ևս զբոսաշրջիկների կողմից նախապատվություն է տրվել վերոնշյալ հինգ նահանգներին:

2017թ. մայիսին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների մեջ ամենամեծ թիվ են կազմել Ռուսաստանի քաղաքացիները՝ 21.06 տոկոս կամ 608.000 մարդ: Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 10.21 տոկոս կամ 295.000 ցուցանիշով: Երրորդ տեղում Վրաստանն է՝ 8.15 տոսկոս կամ 235.000 ցուցանիշով:

Հունվար-մայիս ժամանակահատվածում ևս առաջատարները մնում են Ռուսաստանը, Վրաստանը և Գերմանիան:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը