Կարծիք

20.12.2010 14:59


Երբ կորցնում են լսելու ունակությունը

Երբ կորցնում են լսելու ունակությունը

Սերժ Սարգսյանը թեւերը քշտած ձեռնամուխ է եղել անարդարության դեմ պայքարի սուրբ գործին: Այս գործընթացի շրջանակներում կարմիր քարտի արժանացավ էկոնոմիկայի տխրահռչակ նախարար, վարչապետ Տիգրան Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Ներսես Երիցյանը: Ընդ որում, Երիցյանի կինը համերգ չէր գնացել, նա էլ որեւէ մեկին չէր ապտակել: Ստացվում է, որ նրա պաշտոնանկությունը բոլորովին այլ պատճառներ ունի: Մի՞թե Սերժ Սարգսյանը հասկացել եւ ընդունել է, որ Երիցյանը տնտեսությունը տանում էր կործանման ճանապարհով: Հնարավոր է, բայց դեռ մեկ տարի առաջ, երբ Երիցյանը ցինիկ հայացքով նայում էր պատգամավորների եւ լրագրողների աչքերին ու հայտարարում, թե Հայաստանը պատվով հաղթահարեց տնտեսական ճգնաժամը, Սերժ Սարգսյանը նրա կողքին էր:

Հետաքրքիրն այն է, որ հիմա, օրինակ,  ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ընդունում է, որ ռեցեսիան կասեցվել է, իսկ տնտեսական ճգնաժամը' ոչ, բայց ամիսներ առաջ' այս տարվա փետրվարին, Երիցյանը ժպիտը դեմքին հայտարարում էր Հայաստանի պես երկրում ճգնաժամի ավարտի մասին:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ Երիցյանի հայտարարությունն այն աստիճան անհեթեթ էր, որ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոալիցիայի դեմքը փրկելու համար ստիպված էր հայտարարել, որ ցավոք, ճգնաժամը դեռ ավարտված չէ: Ամենայն հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ՀՀԿ-ում ոմանց սրտով չէր, քանի որ ԲՀԿ-ի եւ հենց Գագիկ Ծառուկյանի դեմ հանրապետականները հուժկու գրոհ սկսեցին: Ուշագրավ է եւ ընդգծման արժանի, որ գրոհին չմասնակցեցին ՀՀԿ-ում ընդգրկված տնտեսագետները, քանի որ նրանք շատ լավ հասկանում էին, թե ինչ ծանր վիճակում է գտնվում մեր երկրի տնտեսությունը: Նրանք լռեցին, իսկ ահա շարմազանովները հավեսով սկսեցին իրենց կոալիցիոն գործընկերոջը մեղադրել չուզողության մեջ: Այս հարձակումը ցույց տվեց, որ կոալիցիայի ներսում ինչ որ բան այն չէ: Ավելին, եթե ԲՀԿ-ն գրոհին պատասխաներ համարժեք գրոհով, ապա կոալիցիան վաղուց տրոհված կլիներ' դրանից բխող հետեւանքներով:

Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ականներն ամեն կերպ փորձում էին բանավեճը վերածել երկխոսության, նշելով, որ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել մանր եւ միջին բիզնեսին, բայց շարմազանովները շարունակում էին իրենց հարձակումները, իսկ Ներսես Երիցյանն էլ Տիգրան Սարգսյանի հետ վարում էր իր տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին մի քանի ծանր հարված հասցվեց: Գործը հասավ նրան, որ արտագաղթը նոր թափ ստացավ: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, միայն այս տարվա առաջին տասն ամսվա ընթացքում հայրենիքը լքել է մոտ 60 հազար մարդ: Ավելորդ չէ շեշտել, որ նրանց գերակշիռ մասը մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն են եւ նրանց ընտանիքի անդամները:

Հիմա, երբ Ներսես Երիցյանը պաշտոնանկ է արվել, հույս կա, որ Սերժ Սարգսյանը վերջապես ընդունել է իր սխալը եւ հասկացել վարվող տնտեսական քաղաքականության էությունը: Իսկ ամիսներ առաջ միայն մեկ ՀՀԿ-ական հայտնվեց' Վարդան Այվազյանը, որը հանդգնեց պաշտպանել Գագիկ Ծառուկյանին: Իր համարձակության համար Այվազյանը ենթարկվեց ՀՀԿ-ականների սուր հարձակմանը, որի արդյունքում երկար ժամանակով հայտնվեց հիվանդանոցում:

Եթե ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերոջ քննադատություններին է այսպես վերաբերվում, ապա դժվար չէ կռահել, թե ինչ արձագանքի են արժանանում ընդդիմության դիտողությունները եւ քննադատությունները:

Շաբաթներ առաջ ՀՀԿ-ական կարկառուն գործիչներից մեկը ընդդիմությանը մեղադրում էր միայն խոսելու եւ որեւէ բան չառաջարկելու մեջ, բայց եթե մի ուժ ի վիճակի չէ լսել իր գործընկերոջ խորհուրդները, ապա ինչպես են պատրաստվում կլոր սեղանի շուրջ քննարկել հակառակ դաշտի առաջարկությունները: Ստացվում է, որ ՀՀԿ-ից մոտ երկու տարի պահանջվեց հասկանալու համար, որ ԲՀԿ-ի դիտողությունները լուրջ հիմքեր ունեին:

Հիշեցնենք, որ Ներսիսյանի ներկայացրած օրինագծերն այնքան վնասակար էին, որ մի քանի անգամ ԲՀԿ խմբակցությունը ստիպված է եղել դեմ քվեարկել, բայց այս քայլը որեւէ հետեւանք չի ունեցել: Այժմ, երբ Ներսես Երիցյանը պաշտոնանկ է արվել, կարելի է շատ մեծ զգուշավորությամբ ասել, որ Սերժ Սարգսյանը ճիշտ հետեւություններ է արել: Իհարկե, դեռ ժամանակ է պետք հասկանալու համար այս պաշտոնանկությունների պատճառները, բայց ակնհայտ է, որ ինչ որ փոփոխություններ կլինեն: Իսկ եթե հաջորդ նախարարը շարունակի այն, ինչ անում էր Երիցյանը, ապա տնտեսական իրավիճակը ավելի կվատթարանա' դրանից բխող հետեւանքներով:

Եթե այս ամենից Տիգրան Սարգսյանը եւս հետեւություններ չանի, ապա տնտեսական ճգնաժամը մեր երկրում միայն կխորանա, որից դուրս գալն արդեն ահռելի ջանքեր կպահանջի: Հիմա արդեն ավելորդ է գուշակել, թե ում դեմ էր ուղղված այս պաշտոնանկությունը, մնում է սպասել եւ հետեւել, թե էկոնոմիկայի նախարարությունում եւ կառավարությունում ընդհանրապես ինչ փոփոխություններ կլինեն: Եւ ամենակարեւորը, մենք կտեսնենք, թե ՀՀԿ-ն գոնե կսովորի՞ լսել եւ հետեւություններ անել իր կոալիցիոն գործընկերոջ առաջարկներից եւ քննադատություններից:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը