Աշխարհ

07.07.2017 14:55


Համբուրգում տեղի է ունեցել Էրդողան-Մերկել հանդիպումը

Համբուրգում տեղի է ունեցել Էրդողան-Մերկել հանդիպումը

G20 (Մեծ քսանյակ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայի Համբուրգ քաղաք մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ մամուլի համար բաց արարողակարգից հետո հանդիպումը շարունակվել է փակ դռների ետևում և տևել մոտ 1 ժամ:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքն ու նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Այդ դռնփակ հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:

Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը