Կարծիք

07.07.2017 09:21


Ինչպես կառավարում են երկիրը, այնպես էլ գնահատում ենք

Ինչպես կառավարում են երկիրը, այնպես էլ գնահատում ենք

Կեսօրին սուպերմարկետում նախկին պատգամավորի հանդիպեցի, որը անցած 25 տարիներին մի քանի կուսակցություն է փոխել, նաև տևական ժամանակ դիվանագիտական կորպուսում է աշխատել:
Բարև-մարևն անցնելուց հետո միանգամից ասաց.
- Ախր, վատ բաների մասին շատ ես գրում, էդքան էլ պետք չի, էլի, պետք ա լավ բաների մասին գրել,- բավական գիրացած տեսքով, յուղոտ ժպիտը դեմքին՝ ասաց նա:
- Ո՞նց...Եթե մեր իրականությունն եմ ներկայացնում այնպես, ինչպես կա, ապա դա համարվում է «վատ բաների մասին գրե՞լ»,- զարմացած հարցրի նրան:
- Չէ, դե, մենակ քո մասին չեմ ասում...Պետք չի, էլի, էդքան բացասական աուրա ստեղծել, ինչի լավ բան չկա՞, մի քիչ էլ լավ բաների մասին պետք ա գրվի,- իրենը պնդեց մի քանի կուսակցություն փոխածը:
- Այդ բացասական աուրան գալիս է վերևից՝ Բաղրամյան 26-ից, ինչպես կառավարում են երկիրը, այնպես էլ գնահատում ենք, լավ բաները ո՞րն է...Հիմա դուք արդեն մանդատ չունեք, պատգամավոր չեք, բա ո՞նց եք ապրում,- հարցրի ես:
- Շատ լավ, ի՞նչ է եղել, որ...Երկու երեխաներս էլ դրսում են սովորել ու ավարտել, տղաս եկավ, որ մնա, այստեղ աշխատի, բայց որ տեսնում է, թե ինչքան չարացածություն կա այստեղ, ինչքան բացասական աուրա կա էդ գրածների պատճառով, հիմա փոշմանել է,- որդու՝ կրկին արտերկիր վերադառնալու պատճառը իմ ու ֆեյսբուքյան մյուս օգտատերերի փիս-փիս բաներ գրելուն վերագրելով՝ ասաց նա:
Այսինքն՝ եթե մենք միայն լավի մասին գրեինք, հաստատ իր որդին մնալու էր հայրենիքում և գործելու էր ի բարօրրություն մեր երկրի:
Մի խոսքով, նա իրենը պնդեց, ես՝ իմը ու դուրս եկա սուպերմարկետից...

Մանդատից զրկված այսքան չաղ ու բախտավոր, այսքան գոհ ու երջանիկ, այսքան «հայրենասեր» ջիպավոր ու իր դաչա շտապող մարդու չէի տեսել: Մանդատ չունի, բայց առանց դրա էլ շարունակում է մնալ Բ26-ի «գծի մեջ»...
Նաև էս տեսակն է, որ ամեն գնով «քաջ Նազարին» պահում է գահին...
Ի՜նչ հայրենիք, ինչ բան...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը