Աշխարհ

07.07.2017 00:08


ԵԽ-ն եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները

ԵԽ-ն եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները

Հուլիսի 6-ին Ստրասբուրգում կայացած ԵԽ նիստի ժամանակ Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունվել: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ նշյալ զեկույցով Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների փաթեթի՝ ուժի մեջ մտնելու դեպքում, Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներին կոչ է արվում առկախել պաշտոնական Անկարայի հետ եվրաանդամակցության շուրջ բանակցությունները: Զեկույցի ընդունման օգտին քվեարկել է Եվրահանձնաժողովի 477 պատգամավոր, իսկ 64-ը դեմ է արտահայտվել:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51.41 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, իսկ 48.59 տոկոսը՝ դեմ: Փոփոխությունների փաթեթով նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգի, իսկ երկրի նախագահի լիազորությունները ընդլայնվում են:

Զեկույցում նշվել է, որ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Միաժամանակ ԵԽ-ն կոչ է արել եվրոպական երկրներին իրենց տարածքում արգելել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դրոշի ծածանումը՝ հիշեցնելով, որ վերջինս գտնվում է ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Այս զեկույցին արդեն հասցրել է արձագանքել թե Թուրքիայի արտգործնախարարությունը, թե Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը:

Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի այդ զեկույցը: Վերջինս որակվել է, որպես «սադրանք» ուղղված Թուրքիայի դեմ: Չելիքը նույնպես զեկույցը դատապարտող հայտարարություն է արել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը