Աշխարհ

06.07.2017 15:04


ՌԴ ԱԳՆ-ն անհասկանալի և ոչ բավարար է համարում Բաքվի պատասխանը․ «Այս ամենը վայրենություն է հիշեցնում»

ՌԴ ԱԳՆ-ն անհասկանալի և ոչ բավարար է համարում Բաքվի պատասխանը․ «Այս ամենը վայրենություն է հիշեցնում»

Այսօր ՌԴ արտգործնախարարությունը դարձյալ անդրադարձել է Ադրբեջանում Ռուսաստանի հայազգի քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի խնդրին, վերահաստատելով Ռուսաստանի վճռականությունը՝ իր քաղաքացիների խախտված իրավունքների վերկանգնման հարցում:

Նախօրեին ռուսաստանյան ТАСС գործակալությունը, հղում անելով երկրի արտաքին գետրատեսչության հաղորդմանը, տեղեկացրել էր, որ Մոսկվան մտահոգված է Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ ազգային պատկանելությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքով, ինչին Բաքվից արձագանքել էին, թե «Ադրբեջանը հարկադրված է մի շարք մարդկանց հանդեպ կիրառել համապատասխան կարգավորումներ»:

Ազատությունը հայտնում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության այսօր տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտքի թույլտվության արգելման մասին լրատվամիջոցների բարձրացրած բազմաթիվ հարցադրումների առնչությամբ՝ հարկադրված ենք փաստել, որ այդ երկիր ժամանող ՌԴ քաղաքացիներն իսկապես ենթարկվում են ազգային պատկանելությամբ պայմանավորված խտրականության»:

Հաղորդագրության մեջ բերվում են նման վերաբերմունքի օրինակներ, ընդհուպ այն դեպքերի հիշատակումը, երբ Ադրբեջանում հարցաքննվել են նաև ռուսական ազգանվամբ մարդիկ, որոնք կասկածվել են «հայկական արմատներ ունենալու մեջ»:

«Այս ամենը վայրենություն է հիշեցնում, չխոսելով արդեն այն մասին, որ ուղղակիորեն խախտվում են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները, ինչը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 1997 թվականի հուլիսի 3-ին կնքված բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրին»,- հայտարարում է ՌԴ արտգործնախարարությունն ու հավելում, որ ռուսական կողմը բազմիցս նման փաստերի առնչությամբ բողոքի նոտաներ է հղել Բաքվին:

ՌԴ արտաքին գերատեսչությունը նաև ընդգծում է՝ հղված բողոքներում «ելակետ ենք ունեցել նաև այն, որ Ադրբեջանն իրեն ներկայացնում է իբրև ազգային և կրոնական հանդուրժողականության օրինակ, վերջին ժամանակներում էլ հայտարարում է հայ-ադրբեջանական հասարակական երկխոսությունը կարգավորելու մտադրության մասին»:

«Սակայն մեր սպասելիքները չեն արդարացել, նշված միջադեպերի քննություն չի իրականացվել, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխան նոտայում նշված է, թե Ադրբեջանը հարկադրված է մի շարք մարդկանց հանդեպ կիրառել համապատասխան կարգավորումներ:

Այդ պատասխանը համարում ենք անհասկանալի և ոչ բավարար: Դա ցույց է տալիս, որ Ադրբեջան մեկնող Ռուսաստանի քաղաքացիները նախկինի պես ենթակա են կամայականությունների զոհ դառնալուն: Շարունակում ենք պահանջել՝ դադարեցնել այդ զայրացուցիչ ու խտրական գործելակերպը և, բնականաբար, անելու ենք համապատասխան հետևություններ»,-հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Այս խորագրի վերջին նյութերը