Աշխարհ

06.07.2017 14:40


Ինտերպոլը հերքել է Թուրքիայի համար արգելք սահմանելու մասին լուրը

Ինտերպոլը հերքել է Թուրքիայի համար արգելք սահմանելու մասին լուրը

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) հերքել է լուրերն այն մասին, թե որոշ տվյալների բազաներ արգելափակվել են Թուրքիայի համար:

«BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ Ինտերպոլի խոսնակը հայտնել է, որ Ինտերպոլի ոչ մի բազայի, այդ թվում և միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ցանկի նկատմամբ Թուրքիայի համար արգելք չի սահմանվել:

«Ինտերպոլը աջակցում է բոլոր 190 երկրներին՝ ի շահ անվտանգության ոլորտում արդյունավետ համագործակցության: Թուրքիայի մուտքը որևէ բազա չի արգելափակվել, նման արգելք չի սահմանվել նաև միջազզգային հետախուզման մեջ գտնվող անձանց տվյալների բազայի վերաբերյալ», - նշել է խոսնակը:

Ինտերպոլից նաև պարզաբանել են, որ համաձայն կազմակերպության կանոնակարգի՝ Ինտերպոլն իրավունք չունի որևէ քաղաքական, կրոնական, ռազմական կամ էթնիկ բնույթի գործուներություն ծավալել կամ միջամտել նման խնդիրների: Կազմակերպության դերն է ապահովել հնարավորինս ընդարձակ համագործակցություն տարբեր երկրների օրենքների և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի շրջանակներում:

Այս համատեքստում կազմակերպությունը ստուգում է անդամ երկրների կողմից մուտքագրվող հայտարարությունները և եթե դրանք որևէ կերպ խախտում են վերոնշյալ կանոնակարգը կամ չափանիշները, ապա չեն ներառվում տվյալների բազայի մեջ:


Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Ինտերպոլն անորոշ ժամանակով արգելափակել է Թուրքիայի մուտքը տվյալների բազա: Թուրքական կողմի պնդմամբ՝ պատճառն այն էր, որ 2016թ. հեղաշրջման փորձից հետ մեկ տարվա ընթացքում Թուրքիան «Գյուլենական համայնքի» (FETÖ) հետ կապի մեղադրանքով Ինտերպոլի բազայում էր ներառել 60.000 անձանց անուններ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը