Աշխարհ

06.07.2017 18:52


Իրաքը ավելի քան 70 միավոր Տ-90 տանկ կգնի Ռուսաստանից

Իրաքը ավելի քան 70 միավոր Տ-90 տանկ կգնի Ռուսաստանից

Ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը Իրաքի հետ 73 միավոր Տ-90Ս/ՍԿ տանկերի վաճառքի պայմանագիր է կնքել: Պայմանագիրը պատրաստվում է իրականացնել 2017-ին: razm.info-ն գրում է, որ այս մասին նշված է ընկերության 2016 թվականի տարեկան հաշվետվության մեջ:

Մեկ այլ պայմանագրով էլ նախատեսվում է Վիետնամին վաճառել 64 միավոր Տ-90Ս/ՍԿ տանկ: Այս պայմանագիրը նույնպես նախատեսվում է իրականացնել 2017 թվականի ընթացքում:

Նույն զեկույցում նշված է, որ Եգիպտոսում ընկերությունը նախատեսում է Տ-90Ս տանկերի հավաքման կենտրոն ստեղծել:

Բացի Ռուսաստանից, Տ-90 տանկերը մտնում են նաև Հնդկաստանի, Ալժիրի, Թուրքմենստանի, Ուգանդայի, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ:

Ընդ որում՝ Ադրբեջանը տանկի ամենախոշոր օպերատորներից է: Տ-90Ս տանկերը Ադրբեջանին մատակարարվում էին 2010-11 թվականներին Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերի համաձայն: Նշվում էր, որ Ադրբեջանը պատվիրել էր 94 միավոր Տ-90Ս տանկ: Տ-90Ս տանկերն արտադրող ընկերության տնօրենը 2016-ի ամռանը հայտնել էր, որ Ռուսաստանն 2015-ին վերջացրել է Ադրբեջանին տանկերի մատակարարումը:

Սակայն 2017-ի մարտին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության խորհրդի նիստի ժամանակ նշվել է, որ 2016-ին Ռուսաստանը շարունակել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարումները: Հետևում է, որ եթե Ադրբեջանին նոր տանկեր են մատակարարվում, ապա գործում է պայմանագրի լրացուցիչ կետը՝ օպցիոնը: Դրանով Ադրբեջանը ցանկության դեպքում կարող էր գնել ևս մոտ 100 միավոր Տ-90Ս տանկ:

Տ-90Ս տանկը Տ-90-ի արտահանվող տարբերակն է: Տ-90 տանկը Տ-72 տանկի արդիականացումն է ու հիմնական բնութագրերով նման է Տ-72-ին։ Այն ռուսական սպառազինության է ընդունվել 1992-ին:

Տանկի վրա տեղադրված են 125 մմ 2Ա46Մ5 (արդիականացված 2Ա46) հարթափող թնդանոթ, ինչպես նաև թնդանոթին կցված ՊԿՏ 7,62 մմ ու զենիթային 12,7 մմ ՆՍՎՏ կամ «Կորդ» գնդացիրներ։

Տանկն ունի 1000 ձիաուժ հզորությամբ Վ-92 շարժիչ, այն անցանելիության չափորոշիչներով ոչնչով չի գերազանցում Տ-72 տանկերին։

Այս խորագրի վերջին նյութերը