Աշխարհ

05.07.2017 14:04


Մոսկվան Բաքվից պահանջում է դադարեցնել ՌԴ հայազգի քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքը

Մոսկվան Բաքվից պահանջում է դադարեցնել ՌԴ հայազգի քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքը

Ռուսաստանը Բաքվից պահանջել է դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքը: Ազատությունը գրում է, որ այս մասին հաղորդում է ռուսաստանյան ТАСС գործակալությունը:

«Հարկադրված ենք փաստել, որ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիներն իսկապես խտրական վերաբերմունքի են արժանանում՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ»,- ըստ գործակալության, հայտնել են ՌԴ արտաքին գերատեսչությունից, վկայաբերելով մի շարք օրինակներ:

«Շարունակում ենք պահանջել՝ դադարեցնել այդ մտահոգիչ գործելակերպը, ինչն անհամատեղելի է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ»,- նաև նշել են ՌԴ արտգործնախարարությունում, հավելելով, թե ստեղծված իրավիճակից «բնականաբար կարվեն հետևություններ»:

Հղում անելով ՌԴ արտաքին գերատեսչության տվյալներին, գործակալությունը նշում է, որ այս տարվա սկզբից Բաքուն մերժել է հայկական ազգանվամբ 25 ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան․ նրանց ժամերով սպասեցրել են, մի շարք դեպքերում՝ զրկելով սնվելու, երբեմն անգամ ջուր խմելու և բուժօգնություն ստանալու հնարավորությունից, այնուհետև իրենց իսկ հաշվին արտաքսել են երկրից:

Նման դեպքերում իբրև հիմնավորում է նշվել քաղաքացիների հայկական ազգանունը, սակայն եղել են նաև դեպքեր, երբ Ադրբեջանում հարցաքննել են նաև ռուսական ազգանվամբ մարդկանց՝ «հայկական արմատները բացահայտելու նպատակով», շարունակում է ТАСС-ը:

Ըստ գործակալության, Ռուսաստանի ԱԳՆ-ում նաև նշել են, որ նման փաստերի հետ կապված բազմիցս բողոքի նոտաներ են հղել Բաքվին, սակայն դրանք «ընկալելի և բավարար պատասխան» չեն ստացել: ТАСС-ը նաև տեղեկացնում է, որ ՌԴ ԱԳՆ հաղորդման համաձայն, Ադրբեջանի արտգործնախարարությունից հետևյալ պատասխանն է ստացվել․ «Նման անցանկալի միջադեպերի կանխման համար Ադրբեջանը հարկադրված է մի շարք մարդկանց հանդեպ կիրառել համապատասխան կարգավորումներ»:

Այս խորագրի վերջին նյութերը