Քաղաքական

05.07.2017 10:48


Ադրբեջանի բանակը կրակում է բնակավայրից և բողոքում պատասխան հարվածից (տեսանյութ)

Ադրբեջանի բանակը կրակում է բնակավայրից և բողոքում պատասխան հարվածից (տեսանյութ)

Հուլիսի 4-ին Ադրբեջանի բանակի կողմից Արցախի հայկական դիրքերին կրակելու ՊԲ հրապարակումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական, ևս մեկը վիրավորվել է։

Սակայն ինչպես երևում է ադրբեջանական Ալխանլի գյուղի դիրքից և Google Maps առցանց քարտեզից, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիրքավորված են գյուղի հարևանությամբ, իսկ տեղ-տեղ նաև գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին։

Ավելին, Պաշտպանության բանակն իր ավելի ուշ հրապարակած հաղորդագրության մեջ նշում է, որ ադրբեջանական կողմը հուլիսի 4-ի առավոտյան ժամերից ականնետային կրակ է վարել հայկական դիրքերի ուղղությամբ։ Եվ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը հենց Ալխանլի գյուղի կրակակետերից ՊԲ զորամասի հրամանատարական կետի ուղղությամբ կրակել է TR-107 կայաններով, հայկական կողմը պատասխան հարված է հասցրել, ինչի «արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին»։

Հատուկ շեշտենք, որ քարտեզ կազմված է դեռևս 2012 թվականի արբանյակային լուսանկարներից, հետևաբար ադրբեջանական դիրքերի և խրամատների տեսքը ներկայում կարող է և փոխված լինել։
Հատկանշական է, որ նույն ուղղությամբ ադրբեջանական բանակը սադրանքների է դիմել նաև նախկինում։ Օրինակ՝ նման սադրանքներից մեկից հետո Ալխանլի գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական հենակետերի նկատմամբ հայկական զինուժը պատժիչ գործողություններ է իրականացրել 2015 թվականին։ Այդ գործողության տեսագրությունը նախկինում հրապարակվել էր ու մեկ անգամ ևս ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։

Ավելացնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ նույն օրն ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, ականանետներով և նռնականետներով։

Հայկական կողմը կրակոցների հետևանքով կորուստներ չի ունեցել։ Ավելի ուշ Պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել թշնամու դիրքերի ուղղությամբ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը