Կարծիք

02.07.2017 00:04


Ամեն բան գլխիվայր շուռ է եկել

Ամեն բան գլխիվայր շուռ է եկել

Անկախությունից հետո ես նամակներ չէի ստանում և դա ինձ համար անսովոր մի բան էր:
Հանկարծ մեր կյանքից անհետացավ փոստատարը, ու ես մի տեսակ տխրեցի. ասես, ոչ ոքի պետք չես, քեզ հիշող ու քեզ Բան ասող չկա...
Այսպիսի մանկական շփոթության մեջ էի...Եվ այդ վհատ շփոթությունը ձգվեց շա՜տ երկար տարիներ: Ու միայն վերջին տարիներին հանկարծ իմ հասցեով «հաստ» ծրարներ եկան: Ես կրկին վերապրեցի այն մանկապատանեկան, երիտասարդական հրճվանքը, որ երբևէ ունեցել եմ...
Նախ Ֆրանսիայում բնակվող գրող-հրապարակախոս Կարեն Սիմոնյանն սկսեց ինձ ծրարով իր գրքերը ուղարկել (հերթով):
Վերջին տարիներին էլ Վարդգես Դավթյանն է իր գրքերն ինձ ուղարկում, և այդ ծրարված գրքերն ամեն անգամ ստանալու պահին ասես աշխարհով մեկ եմ լինում:
Գիտական, գիտահանրամատչելի, գեղարվեստական և հրապարակախոսական բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ Վարդգես Դավթյանի նոր՝ հոգեբանական ճեպանովելների ժողովածուն օրերս ստացա («Կնքամայրը»):
Մեր հարևանի բառով ասած՝ «փոշտի» աշխատակիցը, ճիշտ է, ամեն անգամ դուռը ծեծում է ու ծրարը մունաթով համարյա շպրտում է երեսիս, թե՝ «յանի էս ինչ ես ստացել, որ...», բայց ես ամեն անգամ ուրախանում եմ, երբ գրքով ծրար եմ ստանում, որը, մեծ հաշվով, ծավալուն գեղարվեստական նամակ է:
Դեռ չեմ հասցրել Վարդգես Դավթյանի ճեպանովելների նոր շարքն ընթերցել, բայց ուշադրությունս գրավեցին նովելների վերնագրերը, որոնք հայտնի ստեղծագործությունների անուններով են կամ դրանց վերափոխված տարբերակով (փոքր-ինչ սարկաստիկ). օրինակ՝ «Վարպետը և Մարգարիտան...», «Պատվի համար«, «Կիրք ճանապարհի..» և այլն:
Բայց չդիմացա ու «Կիրք ճանապարհի...» նովելը կարդացի: Սովետի շրջանում Երևան-Բերդ երկար ճանապարհ կտրող աժդահա ավտոբուսի փոքրիկ ուղևորն ինչե՜ր է տեսել ու զգացել: Մի փոքրիկ պատկեր է, որտեղ արտացոլված է սովետահայ իրականությունը. նեղլիկ օդանցքներով միշտ մարդաշատ ավտոբուսում տոթ ու խեղդոց է ու դու քեզ կամավոր կալանավոր ես զգում. «վերջում նստածները դհոլով, ակորդիոնով սկսում էին ինչ-որ որբևայրի համերգ. հիմնականում նույն երգերը երգելով»: Լավ է, սրանք ճամփի կեսին իջնում էին, իսկ հետո լսվում էր առջևի նստարանի ուղևորների զրույց-վիճաբանությունը հայ գրողների մասին. Մահարու, Զարյանի հայտնի մոտեցումների ու պահվածքի թեմայով:
Հեղինակի դիտարկումը ակամա բացահայտում է ոչ վաղ անցյալի և մեր այս օրերի արժեհամակարգային ակնհայտ տարբերությունը: Ամեն բան գլխիվայր շուռ է եկել:
Նախկինում առաջին տեղում գիրը, գրականությունը, արվեստն էր, իսկ ռաբիսը՝ ամենահետին մասում:
Հիմա ճիշտ հակառակն է:

(Թեպետ, կամավոր կալանավորի մասով ոչինչ չի փոխվել):

Այս խորագրի վերջին նյութերը