Աշխարհ

30.06.2017 15:49


Թուրքիան Twitter-ից պահանջել է հեռացնել Պենտագոնի նախկին ներկայացուցչի հաշիվը

Թուրքիան Twitter-ից պահանջել է հեռացնել Պենտագոնի նախկին ներկայացուցչի հաշիվը

Թուրքիան Twitter միկրոբլոից պահանջել է ջնջել Պենտագոնի նախկին ներկայացուցիչ Միշել Ռուբինի հաշիվը: Թուրքական կողմի պնդմամբ՝ վերջինս խախտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական իրավունքները: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այդ պահանջը հիմնված է հունիսի 16-ին թուրքական դատարանի կայացրած որոշման վրա:

Ըստ այդմ՝ եթե Twitter-ը յոթնօրյա ժամկետում չհեռացնի Ռուբինի հաշիվը, ապա ընկերությունը կարող է տուգանվել: Սակայն հեղինակավոր սոցիալական հարթակը դեռևս որևէ քայլ չի արել Թուրքիայի պահանջը կատարելու ուղղությամբ: Հայտնի է միայն, որ Twitter-ի իրավաբանական բյուրոն հուինիսի 26-ին այդ մասին տեղեկացրել է Ռուբինին, ներկա պահին ընկերությունը աչքի է անցկացնում հնարավոր քայլերը:

Twitter-ի ներկայացուցիչներից մեկ նկատել է տվել, որ Twitter-ի հաշիվները կարող են հեռացվել միայն այն դեպքում, եթե օգտատերերը խախտեն հենց Twitter-ի կողմից սահմանված կանոնները:

Միշել Ռուբինը հայտարարել է, որ սա Twitter-ի համար լուրջ քննություն է: Նա կարծիք է հայտնել, որ եթե Twitter-ը այժմ ենթարկվի Թուրքիայի պահանջին, ապա դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ ընդհանրապես լրագրողներ գործունեության և մասնավորապես Թուրքիայից փախած, սակայն Twitter-ի միջոցով իրենց լրագրողական գործունեությունը շարունակող բազմաթիվ լրագրողների վրա:

Ռուբինը նշել է, որ սոցիալական ցանցերում իր կատարած գրառումների պատճառով նա նույնիսկ մահվան սպառնալիքներ է ստացել. «Այն, որ Էրդողանը կարողանում է իր երկրի ներսում լռեցնել մարդկանց, դեռ չի նշանակում, թե նա կարող է նաև դադարեցնել երկրից դուրս ծավալվող ամեն տեսակ քննարկում», - նշել է Ռուբինը:

Հիշեցնենք, որ Էրդողանի՝ մայիսի 16-ին կայացած ամերիկյան այցից առաջ Ռուբինը Twitter-ում հետևյալ գրառումն էր կատարել. «Էրդողանի՝ երկրից հեռանալը այս փուլում կարո՞ղ է ռիսկային լինել: Հնարավոր է, որ նա չկարողանա վերադառնալ երկիր: @RT_Erdogan»:

Սոցցանցերում ամերիկացի պաշտոնյայի կատարած այս և այլ գրառումների պատճառով հունիսի սկզբին Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունում հայց է ներկայացվել՝ «Հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով:

Հայտնի է նաև, որ ավելի վաղ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն ներկայացվել էր մեկ այլ հայց, որտեղ 17 ամերիկացի պաշտոնյաների թվում որպես մեղադրյալ նշվում է նաև Միշել Ռուբինի անունը: Այդ հայցի հիման վրա, հավանական է, որ Թուրքիայի այցելելու դեպքում Ռուբինի վերաբերյալ ազատազրկման որոշում կայացվի:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը