Մեկնաբանություն

17.03.2009 10:58


Թամանյանի կտակը (լացելու կատակ)

Թամանյանի կտակը  (լացելու կատակ)

Բոլորովին վերջերս լուրջ բացահայտում են արել հայ ճարտարապետները' հետազոտելով Մեծ Թամանյանի քաղաքաշինական կտակը:

Պարզվում է, որ մայրաքաղաքի հատակագիծը կազմելիս, Մեծ Թամանյանը երազում տեսել է Նոստրադամուսին, իմացել, թե ութսուն տարի անց ինչի՞ց կարելի է փող «սարքել» Երևանում, ու նոր միայն կազմել է կտակը:

Այսպես. կտակել է Հյուսիսային պողոտա, որ տարածվում է քաղաքի հյուսիսից հարավ'15 կիլոմետր լայնքով: Ու փույթ չէ, որ «կատոկի տակ կգնան» քաղաքի կանաչ գոտիներն ու դիմագծի կոլորիտային շտրիխները: Մի հետաքրքիր բան էլ է կտակել Թամանյանը. Երևանում ավտոբուսներ չպետք է աշխատեն' դրանց վրա հին աստվածների անեծքն է, իսկ ուղևորափոխադրումները պիտի կազմակերպեն բացառապես ԱԺ պատգամավորները, այն էլ «պայթած» գազելներով: Չգնահատեցին անեծքի ուժը կոմունիստները, տեսա՞ք ինչ եղավ...

Բայց ամենահետաքրքիր տողը, որ թողեց Թամանյանն իր կտակում, վերաբերում էր քաղաքն առանց ջրի, ավելի ճիշտ ջրային ավզանների թողնելուն:

Սկսենք հերթով: Քաղաքային իշխանություններին հո հարիր չէ շարքային հարկատուների հաշվին միջոցներ ծախսել ու նույն շարքայինների համար Զանգվի ձորում հանգստի գոտիներ կառուցել ու պահպանել: Ավելորդ է անգամ մտածել ձորում աղբահանության, գետի մաքրության պահպանման վրա ծախսեր կատարելու մասին (նույն շարքային հարկատուների փողերով): Դրա համար էլ մտածված էր, որ ոչ շարքային քաղաքացիների միջոցներով պիտի ասֆալտապատվեր, բետոնապատվեր, կառուցապատվեր ու չգիտեմ, թե էլ «ինչապատվեր» ձորը, որտեղ, միևնույն է, պիտի միայն ոչ շարքայինները «հանգստանան»:

Քաղաքային իշխանություններին հո չի կարելի նեղել, ծառայողական մեքենաների բենզինի փողերը կրճատել, միջազգային բնապահպանական օժանդակություններն ու գրանտները ծախսել, ասենք, Երևանյամ լճի հատակը տիղմից մաքրելու, շրջակայքը բարեկարգելու ու կանաչապատելու համար: Երևանը հո Ժնևը չի՞, որ լիճ ունենա, ճահիճն էլ բավական է: Հասկացավ Թամանյանն ու կտակեց սերունդներին, որ լճափի զբոսայգին արմատախիլ արվի, տարածքը տրվի մի որևէ գերտերության' դեսպանատուն կառուցելու համար: Սրանք էլ հո չեն հանդուրժի Երևանի կոյուղահոտը՝ մի բան կանեն: Այդպես էլ եղավ. տարածքը տվեցին ամերիկացիներին, որոնք էլ ոչ թե սկսեցին լիճը մաքրել, այլ վարվեցին իսկական հայավարի. ատամնացավից պրծնելու համար ատամը քաշեցին, այսինքն, պահանջեցին լիճը ցամաքեցնել այնքան, որ ջուրն իրենց «ամրոցի» պարիսպներից «մի հոտ քաշելու» տարածության չափ հեռանա:

Իսկ ահա Մեծ ճարտարապետի կտակի գլուխգործոցը վերաբերում էր խեղճ Գետառին: Այն երևանցիների ու նրանց իշխանությունների կողմից պետք է իսկական նահատակի պես հալածվեր, աղտոտվեր ու սեփական ջրերում նեխեր, բոլորի աչքից ընկներ այնքան, որ բառացիորեն երկրի երեսից ջնջեին, վրան էլ ասֆալտ քաշեին, որ ոչ մեկի մտքով իսկ չանցներ, թե քարտեզի վրա Գետառ է եղել: Թե չէ ինչ կստացվեր, մայրաքաղաքի ուղիղ մեջտեղով պիտի գետակ հոսեր, որի հունը մաքուր պահելու համար քաղաքապետարանը պիտի շրջակա սրճարանատերերից միջոցներ պահանջեր կամ ինքը տար, դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները բազմատեսակ դրամահավաքները, իսկ ծնողները, քաղբանտարկյալների պաշտպանության նստացույցերն ու սերիալնեը թողած, պիտի երեխաներին սովորեցնեն Գետառը մաքուր պահել: Բա դա մեզ հարիր է, մենք հո հոլանդացիներ չենք...

Գարուն է բացվել։ Կեղտը, որ այս տարի այդպես էլ ձյան տակ չհայտնվեց, առել է ամբողջ քաղաքը, ճգնաժամն էլ մյուս կողմից...

Բայց մեր քաղաքի «դարդն» այլ է. Մտածում է՝ ու՞մն ընտրել, որ միայն նախընտրական հիմնադրամով ասֆալտ ու աղբահանություն չկատարի, որ մնացած մի քանի կրնկատեղ կանաչն ու թուփն էլ չբետոնապատի, որ քաղաքի շունչը վերջնականապես չկտրի...

Այս խորագրի վերջին նյութերը