Աշխարհ

29.06.2017 16:17


Իրաքի բանակը «Իսլամական պետությունից» ազատագրել է Մոսուլ քաղաքը. Sky News

Իրաքի բանակը «Իսլամական պետությունից» ազատագրել է Մոսուլ քաղաքը. Sky News

Հունիսի 29-ին Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրաքի կառավարական բանակը Մոսուլ քաղաքն ամբողջությամբ ազատագրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստալիքի կայքը:

Նույն օրը Իրաքի բանակի հատուկ նշանակության ջոկատները ԻՊ զինյալներից ազատագրել են Մոսուլ քաղաքի Ալ-Նուրի Մեծ մզկիթը, որն այդ քաղաքում «Իսլամական պետության» ձեռքին մնացած ամենակարևոր և ամենավերջին հենակետերից մեկն էր: Այս մասին հայտնում է AFP News լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրաքի կառավարական ուժերի հրամանատարությանը:

Ավելի վաղ՝ հունիսի 21-ին, ԻՊ զինյալները պայթեցրել են Ալ-Նուրի մզկիթը և Ալ-Հադբա մինարեթը։ Զինյալները պայթեցրել են մզկիթը, երբ Իրաքի կառավարական ուժերը հասել են դեպի հին քաղաքի խորքերը։

Մզկիթը խորհրդանշանական էր նաև այն պատճառով, որ այստեղից է 2014-ին ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել այսպես կոչված «Իսլամական խալիֆայության» ստեղծման մասին:

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին մզկիթի պայթեցումը ԻՊ կողմից պարտության ընդունում է որակել։

ԻՊ-ից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը Իրաքի կառավարական ուժերը սկսել են 2016-ի հոկտեմբերի 17-ից։ Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև կառավարամետ շիա զինյալներ:

Մոսուլը Բաղդադից հետո մեծությամբ երկրորդ քաղաքն, որը ԻՊ վերահսկողության տակ էր անցել դեռևս 2014-ի հունիսին:

Այս խորագրի վերջին նյութերը