Քաղաքական

18.12.2010 16:24


Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում

Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և հոբելյանական համերգին: Կուսակցության 20-ամյակի կապակցությամբ հրավիրված նիստում Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ հանրապետականներ,

Հարգարժա՛ն հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք նշում ենք մեզ համար թանկ մի հոբելյան՝ Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 20-րդ տարեդարձը:

Հանրապետական կուսակցության հիմնումը 1990 թվականին բացառիկ իրադարձություն էր Հայաստանի քաղաքական կյանքում: Այդ ժամանակ կուսակցության հիմնադիր ղեկավարի՝ Աշոտ Նավասարդյանի նկարագիրը՝ իբրև ազատության մարտիկ և իբրև գործիչ, ինչպես նաև նրա քաղաքական կենսագրությունը դեռ քչերին էին հայտնի: Նոր իրավիճակում ստեղծվում էր նոր կուսակցություն, որ կոչված էր թարմ շունչ և նոր բովանդակություն հաղորդել մեր քաղաքական դաշտին: Մի կողմից սա վկայությունն էր ազգային պայքարի անընդհատության ու շարունակականության, այսինքն՝ ժառանգականության, մյուս կողմից կազմակերպական ձև էր առնում արդի մարտահրավերներին դիմագրավելու մեր կամքն ու վճռականությունը:

Լինելով բացառապես խաղաղ և սահմանադրական պայքարի կողմնակից՝ մեր կուսակցությունն իր հիմնադրման օրից ուներ հայության ինքնապաշտպանության զինված պայքարի անհրաժեշտության գիտակցությունը: Ակնհայտ էր, որ մեր ժողովրդին և հատկապես նրա արցախյան հատվածին պարտադրվում է պատերազմ, ակնհայտ էր, որ պատերազմը դառնում է անխուսափելի: Մեր կուսակցությունն այն ուժերից էր, որ պատրաստ էր նաև դրան՝ ի դեմս Անկախության բանակի և նրա անձնուրաց մարտիկների: Ճակատագրական պահին ողջ հայ ժողովրդի հետ մենք ելանք ազատամարտի, և դրանում իր նշանակալի ներդրումն ունեցավ նաև Հանրապետական կուսակցությունը:

Անկախ կուսակցական պատկանելությունից' մենք միշտ և անընդհատ մեծարում ու գլուխ ենք խոնարհում բոլոր մեր նահատակների հիշատակին, ում շնորհիվ արդեն ունենք բոլորովին ուրիշ Հայաստան և բոլորովին ուրիշ Արցախ: Փա՛ռք բոլոր անհմահ հայորդիներին:

Հարգելի՛ ներկաներ,

Մենք հպարտ ենք, որ մեր կուսակցությունը տարբեր տարիների ղեկավարել են հայ ժողովրդի այնպիսի արժանավոր զավակներ, ինչպիսիք են Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը և Անդրանիկ Մարգարյանը: Նրանց առաջնորդությամբ մեր կուսակցությունը կայացել է, ստացել ժողովրդի վստահությունը և ստանձնել առանցքային դերակատարություն երկրի կառավարման գործում:

Աշոտ Նավասարդյանը հույսի, հույզի և էներգիայի մարմնացում էր: Այն ժամանակ, երբ շատերն անգամ հոգու խորքում չէին կարող փայփայել անկախ պետականություն ունենալու հույսը, նա բաց քարոզում էր այդ վեհ նպատակը: Նա ընդդիմացավ մի համակարգի, որը համարվում էր ահազդու և անխաթար: Աշոտ Նավասարդյանն ուներ երազանք և ուներ նպատակ. նպատակ, որն այսօր իրականություն է' Հայաստանի անկախ պետականության վերականգնումը: Հանուն այդ նպատակի նա վտանգեց իր բարեկեցությունը, զոհաբերեց իր ընտանիքի հանգիստը, կրթություն ստանալու իր հնարավորությունը: Նրա ու նրա զինակիցների շնորհիվ է նաև, որ պահպանվեց հայոց ազատատենչ ոգին, և մենք հնարավորություն ունեցանք հաստատելու Հայաստանի երրորդ Հանրապետությունը:

Վազգեն Սարգսյանը հայոց նորագույն պատմության ամենավառ կերպարներից էր: Նա չխուսափեց պատասխանատվությունից ամենածանր պահերին' առաջ գալով և ցուցաբերելով իսկական առաջնորդի հատկանիշներ: Վազգենն այն մարդն էր, ով չընդունեց մեր հայրենիքի անքակտելի մասը' Արցախը, կրկին Ադրբեջանի իշխանությունների կամայականությունների պատանդ դարձնելու հավանականությունը: Այդ ժամանակ առկա տարբերակների ընտրությունը շատ հստակ էր, և Վազգենը կայացրեց իր միանշանակ ու վճռական որոշումը: Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում Վազգենի հիշատակի առաջ: Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում մեր պատմության ճակատագրական պահերին նրա և մեր բոլորի կատարած ընտրության համար:

Մեր կազմակերպության համար երրո՛րդ նվիրական անունը պետք է տամ' վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հիշելով: Նա համաձայնություն կերտելու, դժվարությունները հարթելու և ազգային նպատակներն առաջ մղելու գործում Հայաստանի ամենանվիրյալ հայրենասերներից էր: Նրա մղումներն ազնիվ էին, նրա շուրջ տիրում էր համաձայնություն, քանի որ Անդրանիկ Մարգարյանը բոլորին վարակում էր իր մարդասիրությամբ և հայրենասիրությամբ: Չի եղել որևէ դեպք, որ իր հետ փորձեն կիսվել գաղափարով կամ նախաձեռնությամբ, և նա չարձագանքի, չփորձի հասկանալ ու գնահատել, օժանդակել այն իրականացնելու գործին: Անդրանիկ Մարգարյանը պետական գործիչ էր՝ բառի բուն իմաստով և իր գործունեությամբ կարողացավ դառնալ այն հենասյունը, որի շուրջ ամրանում էր պետական մտածողությունն ու պետականամետ գործելաոճը:

Մեր երեք առաջնորդների կորուստը ծանր է եղել բոլորիս համար: Նրանք երազում էին հաղթանակած Հայաստան ու տեր էին կանգնում իրենց երազանքին: Այսօր արդեն մե՛նք պետք է իրականություն դարձնենք նրանց երազած հաջողությունների Հայաստանը, նրանց երազած բարեկեցիկ Հայաստանը, նրանց երազած հզոր ու խաղաղ Հայաստանը: Եվ, անշուշտ, դարձնելու ենք:

Հարգելի՛ գործընկերներ,

Հոբելյանները լավ առիթ են՝ անցած ճանապարհն արժևորելու, իսկ երբեմն՝ վերագնահատելու համար: Մեր ուղին եղել է այնքան դժվար, որքան դժվար է եղել Հայաստանի ուղին: Մեր կուսակցության երկու տասնամյակների կենսագրությունն անբաժանելի է մեր ժողովրդի կենսագրությունից: Հայաստանի հաղթանակներն ու պարտությունները, ձեռքբերումներն ու սխալները մերն են: Ո՛չ թե որովհետև Հայաստանը մերն է, այլ որովհետև մենք Հայաստանինն ենք՝ մեր կյանքով ու մեր ողջ գործունեությամբ ենք Հայաստանինը:

Կառավարող հզոր կուսակցության առկայությունն ապահովում է ներքին քաղաքական կայունություն, ինչը շատ կարևոր է: Առանց այդ կայունության չի կարող լինել տնտեսական առաջընթաց, ուրեմն և՝ ապագա: Բայց այսօր ես տեսնում եմ մեկ այլ վտանգ: Չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման. կանգնած ջրերը որպես կանոն ճահճանում են: Մենք նոր հեծանիվ չենք հորինելու: Այս հիվանդությունն ունի շատ պարզ դեղատոմս՝ ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում, զարգացման ծրագրերի մշակման նոր եռանդ և եվրոպական չափանիշների հետևողական ներմուծում մեր պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ: Շեշտում եմ՝ դա պետք է արվի առանց բացառությունների և վերապահումների:

Մի կողմից մենք պետք է բացառենք հեղափոխական ցնցումները, որ ոչ մի երկրի բարօրություն չեն բերել երբեք, մյուս կողմից մենք պետք է բացառենք տեղում դոփելու վտանգը, պետք է նոր բարձր տեմպ հաղորդենք մեր քայլերին: Մեր ճանապարհը ոսկե միջինն է: Եթե նախորդ երկու տասնամյակներին խոսվում էր ինչ-ինչ հարցերում մեր հասարակության անպատրաստ լինելու մասին (ի դեպ, այդ խոսքերում ճշմարտության, երևի թե, մեծ բաժին կար), ապա այսօր մենք ունենք բավականաչափ հասուն ու ինքնակազմակերպվող հասարակություն, ունենք լուրջ ու ձևավորված քաղաքական և հասարակական ուժեր, որոնք կարող են և պարտավոր են երկիրը բարձրացնել որակական նոր աստիճանի: Այդ ուժերի մեջ Հանրապետական կուսակցությանը վերապահված է առանձնահատուկ դեր: Ես կասեի՝ ամենապատասխանատու դերը: Հայտնի ճշմարտություն է. ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում:

Հարգելի՛ կուսակիցներ,

Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Դրանց պատճառների և նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է: Կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց: Իհարկե ո՛չ ամբողջությամբ, բայց կաշառակերությունն ու կոռուպցիան հասցվեցին այնպիսի նվազագույնի, որ ժողովուրդը սկսեց հավատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատավորներին: Սա հեքիաթ չէ, սա իրականություն է: Սա մեր վաղվա իրականությունն է: Այդ վաղը մենք պետք է մոտեցնենք մեր ուժերի ողջ լարումով: Մենք հպարտանում ենք մեր հայրենակիցներով, որոնք օրինապահ և օրինապաշտ են արտերկրում: Ես համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կհպարտանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինապահությամբ: Մեր քաղաքացիները հարգում են օրենքը, երբ այն բոլորի համար է: Օրենքի առաջ բոլորի հավասարությունը և պատժի անխուսափելիությունը պետք է ապահովեն պետական կառույցները: Մենք դա պետք է անենք: Այո՛, դժվար է լինելու, բայց ոչ մի լավ բան այս աշխարհում հեշտ չի լինում: 

Մեր կոալիցիոն գործընկերների՝ §Բարգավաճ Հայաստան¦ և §Օրինաց երկիր¦ կուսակցությունների մասին:

Մեր համագործակցությունը մենք համարում ենք արդյունավետ: Դրանից մեր երկիրը միայն շահել է: Շնորհակալ ենք մեր գործընկերներին ստորագրված կոալիցիոն համաձայնագրին հավատարիմ լինելու համար: Հանրապետականն էլ իր հերթին այս ընթացքում աշխատել է լինել հուսալի և սկզբունքային գործընկեր: Կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է:

Քանի որ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, բնականաբար ընտրությունների մոտենալուն զուգընթաց սկսվում են նաև խոսակցություններ, երբեմն անառողջ ասեկոսեներ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների փոխադարձ խանդի և մրցակցության մասին, իսկ ոմանք նույնիսկ հանդիսավորապես գուժում են կոալիցիայի տրոհումը: Անլուրջ զրույցներ մեկնաբանելը մեր խնդրից դուրս է, իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա առողջ մրցակցությունը բնական է և օրինաչափ: Կրկնում եմ' առողջ մրցակցությունը և ոչ թե խարդավանքները:  Խորհրդարան կմտնեն այն ուժերը, որոնք արդար պայքարում կվաստակեն ժողովրդի վստահության քվեն: Ուժերի վերադասավորում կարող է իրականացնել և պետք է իրականացնի միայն ու միայն ընտրողը: Այլ տարբերակներ պարզապես չեն քննարկվում:

Այստեղ ուզում եմ անդրադառնալ այն ասեկոսեներին, այն խոսակցություններին, որ վերջին շրջանում պտտվում են որոշ քաղաքական շրջանակներում, թե իբրև ես վերջնագիր եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Եվ, ղեկավարվելով իրենց տրամաբանությամբ' իրենց իսկ ժարգոնով ասած, փորձում են թասիբի գցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և կոնկրետ Գագիկ Ծառուկյանին: Բոլորիդ է հայտնի, որ ես երբեք որևէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավանդ' իմ գործընկերների հետ: Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օրինաչափ է, և հակառակը ենթադրել' պարզապես անտրամաբանական է:

Եվ կրկին պետք է հիշենք, որ նախընտրական մրցապայքարով պայմանավորված' մենք նորից մտնելու ենք հանրային կյանքի մի շրջան, որտեղ շատ ավելի հաճախակի են տեղ գտնելու էմոցիաները, տեղին ու հանիրավի մեղադրանքները, դրականը սևացնելու և բացթողումները ճոխացնելու  փորձերը: Սա բնական գործընթաց է, որից դեռ ոչ մի երկիր չի կարողացել խուսափել: Սա պիտի ընդունել որպես անխուսափելի իրողություն, բայցև չպետք է ձեռքերը ծալած նստել: Ես մեկ անգամ ևս հիշեցնում եմ, որ մենք գո՛րծ ունենք անելու: Մենք պիտի կարողանանք ոչ միայն նախընտրական շրջանում, այլև ընդհանրապես լինել շրջահայացության, մարդասիրության և քաղաքակիրթ երկխոսության ջատագովները մեր երկրում: Մենք պիտի կարողանանք հորդորել' բակային քննարկումներում, թե քաղաքական բանավեճերում՝ ձեռնպահ մնալ որևէ անձի, նաև միմյանց, անձնական վիրավորանքներ հասցնելուց, փորձել քննության առնել իրողությունները, ոչ թե մարդկանց: Չէ՞ որ ի վերջո մեր խնդիրը ոչ թե դատելն է, այլ լուծումներ գտնելը, մեր նպատակը ոչ թե միմյանց վանելն է, այլ հանուն դրական փոփոխությունների միմյանց գտնելը:

Ես սա ասել եմ ու նորից կրկնում եմ: Ոչ կառուցողական գործելաոճով երկար առաջ չես գնա: Ուրեմն եկե՛ք արդեն ձեռքբերվածի վրա հենվենք, ավելացնենք, պարտականություններն ու պատասխանատվությունը չգցենք իրար վրա ու առաջ գնանք: Քաղաքակիրթ հանրային երկխոսություն, սա՛ է, որ պետք է շարունակենք արմատավորել մեզանում:

Ընդդիմության մասին.

Մեր ընդդիմախոսներին հիմնականում կարելի է բաժանել երեք խմբի: Իհարկե՛ այս բաժանումը պայմանական է:

Առաջին խմբում մեր երկրի ու ժողովրդի բախտով անկեղծորեն մտահոգ անհատներ են, որոնք բարձրացնում են հարցեր, երբեմն՝ շատ սուր, վեր են հանում խնդիրներ, ահազանգ են հնչեցնում այնտեղ, որտեղ իշխանությունները ուշացել են: Այս մարդկանց մենք շնորհակալ ենք իրենց ազնվության, օպերատիվության համար, մեզ զգոն պահելու, մեր սխալը ժամանակին մատնանշելու համար: Մենք այդպիսի ուժերին հարգում ենք, և նրանց խոսքը միշտ լուրջ կշիռ ունի մեր ծրագրերը կազմելիս:

Այս խմբին կարելի է դասել նաև նրանց, ովքեր մեր կուսակցության և կառավարող կոալիցիայի քաղաքական գիծը մասամբ համարում են ճիշտ և մասամբ անընդունելի: Մենք բնականաբար մեր ընտրած ուղին համարում ենք ճիշտ: Այլ հարց է, որ մեր աշխատանքում տեղ գտած թերացումները կարող են դանդաղեցնել մեր ընթացքը, բայց ճանապարհը, վստահ եմ, ճիշտ է ընտրված:

Երկրորդ խմբում մարդիկ են, ովքեր Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը տեսնում են միմիայն իշխանափոխության մեջ: Նրանք ասում են. հենց որ Սերժ Սարգսյանի փոխարեն մենք լինենք հանրապետության ղեկին, ամեն ինչ լավ կլինի: Քանի դեռ նա է, ամեն ինչ վատ է և վատ է լինելու: Այս պարզունակ բանաձևն արդեն տարիներ շարունակ թմբկահարվում է: Երկրի Նախագահին բոլոր դժբախտությունների պատճառ հռչակելը, ինչպես նաև բոլոր խնդիրները հեշտ ու արագ, մի հարվածով լուծելու խոստումը, համոզված եմ, սպառել են իրենց: Ասելիքի բացակայությունը մի կողմից, §ամեն ինչ վատ է¦ սկզբունքը մյուս կողմից, հանգեցրին նրան, որ Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնությունը հռչակվեց ոչ ավել, ոչ պակաս §ռասիզմ»: Եթե պետք է ցեխ շպրտել Հանրապետական կուսակցության վրա, իսկ հանրապետականները տալիս են Նժդեհի անունը, ուրեմն պետք է անպայման ցեխ շպրտել Գարեգին Նժդեհի երեսին: Ա՛յ այսպիսի պարզունակ §տրամաբանական շղթա¦: Բայց մենք Հովհաննես Թումանյանի անու՛նն էլ ենք տալիս... Նաև շատ ու շատ մեր մյուս մեծերի ունուններն ենք տալիս: Մենք այսուհետ և՛ս շարունակելու ենք հետևել հայոց մեծերին՝ առանց վախենալու, թե հաջորդ միտինգի ժամանակ ինչ հրեշավոր պիտակ կփակցվի նրանց լուսավոր կերպարին:

Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում Նժդեհի փաստաբանը դառնալ: Նժդեհը դրա կարիքը բացարձակապես չունի: Ի տարբերություն մերօրյա որոշ ճարտասանների, նա ասելիք ունի իր ժողովրդին: Իսկ նրա պատգամն ու ասելիքը տեղ հասցնելու գործում Հայաստանի հանրապետական կուսակցությունը սոսկ իր համեստ դերն ունի:

Եթե կարճ ձևակերպենք. այս խմբի ներկայացուցիչների համար երկրագունդը պտտվում է ոչ թե արեգակի, այլ նախագահական աթոռի շուրջը: Բայց այստեղ կան նաև անհատներ, ովքեր պարբերաբար սահուն անցում են կատարում դեպի երրորդ խումբ. Երբեմն, իհարկե, վերադառնում են, բայց ավելի հաճախ մնում են այնտեղ: 

Երրորդ խումբը, որ բարեբախտաբար փոքրաթիվ է, ինքն է իրեն ընդդիմախոս հայտարարել: Չգիտեմ՝ ակամա, թե գիտակցաբար, նրանք իրականացնում են հայ ժողովրդին, հայոց պետականությունը և հատկապես հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր: Ընդ որում, դա արվում է հետևողական կերպով և մեթոդաբար, արվում է քայլերի որոշակի հաշվարկով, արվում է' ֆինանսական ռեսուրսներ ծախսելով, արվում է ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ավելին, նրանց ձևակերպումները հաճախ բառացի նույնությամբ մենք տեսնում ենք ադրբեջանական և թուրքական քարոզչության էջերում: Ընդգծում եմ. խոսքը մեր բանակում առկա խնդիրների առարկայական քննադատությանը չի վերաբերում: Այդ քննադատությունը մենք համարում ենք բնական և կարևոր: Հենց դրա կարևորության գիտակցումով է, որ մեր Զինված ուժերն օր-օրի այդքան բաց են դառնում հասարակության համար: Տվյալ դեպքում խոսքը բոլորովին այլ երևույթի մասին է: Այս երրորդ խմբի ներկայացուցիչներին մենք ընդդիմախոս չենք համարում: Մենք նրանց այլ անուն ենք տալիս:

Այս ամենով հանդերձ, միշտ պետք է հիշել, որ ընդդիմությունը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստությունն է, մեր զարգացման կարևորագույն խթաններից մեկը, իսկ §հանուն¦ գաղափարների շուրջ միավորված և լավ կազմակերպված ընդդիմությունը պարզապես բարեբախտություն է: Հրաշալի է, որ մեր երկրում այդպիսին կա և ամրանում է:

Հարգելի՛ հանրապետականներ,

Հանրապետական կուսակցությունն իր 20-ամյակը դիմավորում է անցած ուղիով հպարտ, նոր հայրենանպաստ գործերի վճռականությամբ և լուծում պահանջող ներկա բազում խնդիրների հստակ գիտակցմամբ: Մենք շատ լավ հասկանում ենք,

որ Հայաստանի հետճգնաժամային տնտեսությունը դեռ լիովին թափ չի հավաքել,

որ մեր տնտեսության մեջ արմատացած բազմաթիվ խնդիրները դեռ լիարժեք լուծում չեն ստացել, իսկ տնտեսավարող սուբյեկտների մրցունակության բարձրացումը, ողջ տնտեսության մրցունակության ավելացումն ու արդիականացումը դեռ նոր ու հստակ քայլեր են պահանջում մեզնից:

Մենք շատ լավ հասկանում ենք, որ նույնիսկ անընդհատ և նշանակալի մեծացնելով սոցիալական ուղղվածության ծրագրերի ծավալները, մեզ, միևնույն է, դեռևս չի հաջողվել չեզոքացնել բնակչության խոցելի խմբերի վրա բացասական զարգացումների ազդեցությունը: Մենք հստակ տեսնում ենք համաշխարհային անբարենպաստ զարգացումներով և կլիմայական խաթարումներով պայմանավորված գնաճի բեռը մեր ժողովրդի ուսերին, բայց, միևնույն ժամանակ, գիտենք նաև մեր որոշ գործարարների՝ փոփոխվող իրավիճակներում գների արհեստական բարձրացմամբ մի քանի դրամ ավել շահույթ կորզելու անընդունելի գործելաոճի մասին:  

Այս ամենը և բազմաթիվ ուրիշ խնդիրների գոյությունը մենք քաջ գիտակցում ենք: Գիտակցում ենք ու պատրաստ ենք նոր ձեռնարկումների, ավելի ակտիվ աշխատանքի և հաստատակամ որոշումների:

Եթե մենք ցուցաբերել և ցուցաբերելու ենք հնարավոր առավելագույն հանդուրժողականություն այլակարծության հանդեպ, ապա կոռուպցիայի, կաշառակերության և բյուջետային միջոցների մսխման հարցերում պետք է լինի զրո հանդուրժողականություն: Այս գործում մեծ անելիք ունեն շատ-շատերը, սակայն քաղաքական պատասխանատվությունը, իմ համոզմամբ, առաջին հերթին Հայաստանի հանրապետական կուսակցությանն է: Գողությունը, կաշառակերությունը հաստատապես պետք է պատժվեն, և կուսակցական պատկանելությունը կամ ցանկացած այլ տիպի կապեր որևէ նշանակություն չպետք է ունենան:

Երբ մենք ասում ենք ժողովրդավարության խորացում, եվրոպական չափանիշների ավելի արմատական ներդրում, դրանք սոսկ լոզունգներ չեն և ոչ էլ խոսքեր՝ ուղղված այլ լսարանների: Դրանք առաջին հերթին պետք են Հայաստանին և ո՛չ թե Եվրոպային: Սա մեր գիտակցված ճանապարհն է և մեր համոզմունքը: Եվրոպական տիպի ժողովրդավարությունն ու օրինականությունը մեր հասարակության պահանջն են, ինչը նա բազմիցս և հստակորեն արտահայտել է թե՛ ընտրությունների ժամանակ, թե՛ քաղաքական ուժերին քննադատելիս և թե՛ այդ նույն ուժերին խրախուսելիս:

Եվրոպական չափանիշները՝ խանութի ցուցափեղկում դրված սննդամթերքից սկսած մինչև պետաիրավական համակարգ, պետք է ընդօրինակելի դառնան մեզ համար: Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու հարց, բայց, կրկնում եմ, խաղի եվրոպական կանոնները, եվրոպական չափանիշները պետք է առավելագույնս տեղայնացվեն ու ներդրվեն մեր երկրում, որովհետև դրանք բարձր և ժամանակով ստուգված չափանիշներ են: Այդ չափանիշները մեզ անհրաժեշտ են զգալի առաջընթաց ապահովելու, մեր քաղաքացիների կենսակերպը փոխելու և մեր հասարակության կազմակերպական ուժն ավելացնելու տեսանկյունից:

Այստեղ չպետք է տեսնել հակասություն այն իրողության հետ, որ Հայաստանը ԱՊՀ անդամ է, ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանի Դաշնության հետ մեր բազմակողմանի և սերտ, ես կասեի, շատ դեպքերում օրինակելի համագործակցությունը չի կարող հակասության մեջ լինել այն արժեքների հետ, որ հռչակում է նաև ինքը՝ Ռուսաստանը: Ավելին, ես վստահ եմ, որ մեր բարեկամները թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում, թե՛ ամենուրեք միայն ուրախ կլինեն մեր ձեռքբերումների համար:

Եվ ի վերջո Հանրապետական կուսակցությունը տոնում է իր 20-ամյակը քաջ գիտակցելով, որ մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական կարևորագույն հարցը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, դեռ վերջնական՝ միջազգայնորեն ընդունված լուծում չի ստացել, և որ դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը:

Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցում մեր դիրքորոշումը հայտնի է: Ադրբեջանում արհեստականորեն սնուցվում է մի առասպել, ըստ որի' հայկական կողմը թույլ է, իսկ ադրբեջանականը' շատ ուժեղ: Թվում է, թե նման պատկերացումը վտանգավոր չէ, որովհետև չի արտացոլում իրականությունը: Բայց մենք գիտենք, որ ժամանակին պատերազմը նոր ուժով բորբոքվում էր հենց այն պահերին, երբ կար Հայաստանի և Արցախի ուժերի թերագնահատում: Այդ քարոզչական փուչիկը, իհարկե, միանգամից կպայթեր, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվեր: Բայց մեր խնդիրը պատերազմում հաղթելը չէ, մենք դա արդեն արել ենք: Մեր խնդիրը արդարացի լուծում գտնելն է, որին հասնելու ճանապարհի հարցում միակարծիք են և այդ մասին հստակ հայտարարել են թե՛ Հայաստանը, թե՛ խնդրի կարգավորման հետ առնչություն ունեցող տերությունները և թե՛ միջազգային ամենահայտնի կազմակերպությունները: Վերջին մի քանի ամիսների ընթացքում կարևորագույն բոլոր հարթակներում և խնդրի հետ կապ ունեցող բոլոր կողմերին  հրապարակավ ներկայացվել է այն եզրագիծը, որից այն կողմ մենք բանակցելու տեղ չունենք:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի հանրապետական կուսակցությունն ազգային պահպանողական կուսակցություն է: Մեր պահպանողականությունն առաջին հերթին վերաբերում է արժեքային համակարգին:

Մեր պահպանողականությունը հավատարմություն է անհատի նախաձեռնությանը և ազատությանը, իսկ դրանում մեր ժողովուրդն անգերազանցելի է: Մեր պահպանողականությունը հավատարմություն է ընտանիքի ամրությանը, որը յուրաքանչյուր մարդու ամրոցն է: Մեր պահպանողականությունը Հայաստանի անկախ պետականության հաստատությունների զարգացման և ամրապնդման հաստատակամություն է, քանի որ դա է մեր ժողովրդի պատմությունը կերտելու ամենակարևոր գործիքը:

Մեր կուսակցությունն այսօր բազմահազարանոց կուռ մարմին է, որը կարող է իսկապես օրինակելի քաղաքական ինստիտուտ համարվել: Բայց ինձ առավելապես ոգևորում է այն փաստը, որ մեր կուսակցությունն սկսել է մեծ հույսեր արթնացնել երիտասարդների շրջանում: Երիտասարդների հոսքը դեպի Հանրապետական կուսակցություն մեր ամենամեծ նվաճումն է: Սա շատ թանկ արժե, և ես հավաստիացնում եմ մեր երիտասարդներին, որ նրանք հուսախաբ չեն լինելու: Ուշադրությունը նրանց հասարակական-քաղաքական վերելքի, ինքնադրսևորման հնարավորությունների ավելացման և ընդհանրապես երիտասարդության խնդիրների նկատմամբ երբեք չի թուլանալու: Ընդհակառակը՝ ավելանալու է օր-օրի:

Օր-օրի ավելանում է նաև կանանց դերակատարությունը մեր կուսակցության մեջ, ինչն իսկապես ոգևորիչ է: Որպես պահպանողական կուսակցություն' մեր արժեքային համակարգում ամենակարևոր բաղադրիչների թվում են ամուր և առողջ ընտանիքը: Սակայն դա բնավ չի՛ նշանակում, որ կնոջ կոչումը կյանքում պիտի սահմանափակվի զուտ ամուսնական կյանքով, երեխաներով և տան հոգսերով: Մենք մշտապես ընդգծել ենք հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց դերը մեծացնելու, այն ավելի ծանրակշիռ դարձնելու հրամայականը: Այսօր էլ այն կարծիքին եմ, որ կանանց դերակատարությունը Հայաստանի պետական և քաղաքական համակարգի բոլոր մակարդակներում պետք է էլ ավելի ամրապնդվի: Ակնհայտ է, որ կանայք կարող են և պետք է անեն ավելին: Գաղտնիք չէ, որ կանանց ակտիվ մասնակցությունը քաղաքական կյանքում բարձրացնում է հասարակության զգոնության աստիճանը: Պատահական չէ, որ այն երկրներում, որտեղ կանայք ակտիվորեն ներգրավված են քաղաքական կյանքում, ցածր է կոռուպցիայի մակարդակը: Հետևաբար կանանց ներգրավվածության բարձրացման այս միտումը կուսակցության մեջ, անկասկած, պահպանվելու է:

Օր-օրի ավելանալու է նաև կուսակցության դերակատարությունը մեր հասարակության մեջ և մեր քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունների, մեզանում արմատավորված վատ ավանդույթների վերափոխման գործում: Մենք բարձրացնում ենք նշաձողը ոչ միայն կուսակցության գործունեության և դրա արդյունքների համար, այլև պահանջները կուսակցության անդամների ու նրանց գործունեության հանդեպ: Իր արածի ու չարածի համար պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը՝ յուրաքանչյուր հանրապետական: Պատասխանատու է ոչ միայն կուսակցության, այլև երկրի առջև: Ավելի՛ն, պատասխանատու է ոչ միայն սեփական վարքի, այլև իր ենթակաների, նաև՝ իր ընտանիքի անդամների վարքի համար: Ավելորդ չեմ համարում զգուշացնել, որ ինձ համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել մեր երկրում. իմ դիրքորոշումը հստակ է' թիկնապահներ կարող են լինել  միայն օրենքով սահամանված դեպքերում, օրենքով սահմանված չափի և ձևի մեջ: Այս ուղղությամբ, համոզված եմ, օրենսդիրը անելիք ունի:

Մեր այն գործընկերները, ում ժողովուրդը վստահել է իր խնդիրների լուծումը, իսկ կուսակիցները վստահել են սեփական բարի համբավն ու արժանապատվությունը, նրանք, ովքեր պաշտոն են ստանձնել, պատասխանատու են հարյուրապատիկ:

Անարդյունավետ աշխատանքը, թերություններն ու բացթողումները հաստատապես դառնալու են քննարկման առարկա: Անբարեխիղճ պաշտոնյաներ մեզ պետք չեն:

Կուսակցությունը չի կարող որևէ հանրապետականի համար հովանի լինել: Կուսակցությունը որևէ մեկիս անձնական ինչ-ինչ խնդիրների լուծման համար չէ. ճիշտ հակառակը, այդ մե՛նք ենք կուսակցության ծրագրերի իրականացման համար:

Եթե խնդիրներ ու հարցեր կան, ապա դրանց լուծման ձևը այս ու այն անկյունում բամբասանքը կամ խարդավանքները չեն: Խնդիրների լուծման համար գոյություն ունի կուսակցության գրասենյակը, որի դռները միշտ բաց են բոլորի համար՝ ո՛չ միայն կուսակցության ղեկավար մարմինների անդամների, այլ բոլորի համար: Եթե խնդիրներ կան, որ անձամբ ինձ հետ են կապված, ապա բոլորդ էլ գիտեք, որ ես ամեն շաբաթ, համարյա առանց բացառության, լինում եմ կուսակցության գրասենյակում և պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց:

Բոլորի համար կուսակցական պատասխանատվությունը պետք է լինի նույնը, պաշտոնատար հանրապետականի համար՝ շատ ավելի բարձր, որովհետև նրանց շատերն են նայում ու հետևում:

Այստեղ ես ուզում եմ անդրադառնալ նաև մեկ այլ հարցի, որ երևի թե հավելյալ բացատրության կարիք ունի, և ասել, որ ոմանք փորձում են մեր գիտակցված քայլերը մեկնաբանել, բնականաբար, յուրովի, ինչն իհարկե իրենց խնդիրն է, բայց բացատրելը մեր պարտավորությունն ու պարտականությունն է: Ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ միշտ չէ, որ մենք պատասխանատու քաղաքական պաշտոնների ենք նշանակում հանրապետականների: Կարծում եմ, որ միայն ու միայն ուժեղ կուսակցությունը կարող է այդպես վարվել' դրանով իսկ հնարավորություն տալով այն բազմահազար համակիրներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով կուսակցությունում չեն, բայց մշտապես եղել են մեզ հետ, իրականացրել են մեր ծրագրերն ու քաղաքականությունը: Մենք այս կուրսը շարունակելու ենք: Ցանկացած դեպքում, եթե տեսնենք, որ տվյալ գործը կարող է ավելի լավ կատարել մեկ այլ անկուսակցական, մենք այդպես ենք վարվելու:

Հարգելի՛ հանրապետականներ,

Ես նախկինում էլ եմ շեշտել երեք փոխկապակցված հետևյալ իրողությունները.

1. Հայաստանի պետականության զարգացման գործում առաջնային դերը կատարում է մեր երկրի ու ժողովրդի առջև ամենամեծ պատասխանատվությունը, այսինքն իշխանության պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իհարկե, կոալիցիոն գործընկերների հետ միասին:

Հանրապետականն ընդունում է երկրի ապագայի կերտման գործում իր պատմական ու պատվաբեր պատասխանատվությունը:

Մենք տերն ենք մեր խոսքի՝ ծառայել մեր պետականությանը և մեր երկրին:

Մենք նաև շարունակելու ենք ծառայել Հայոց իղձերի իրականացման և հայկական Սփյուռքի պահպանման ու ամրացման  վեհ նպատակներին:

2. Հայաստանի ու մեր սերունդների ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնած Հանրապետական կուսակցությունը պարտավոր է ստանձնել նաև քաղաքական, հասարակական և տնտեսական արդիականացման առաջամարտիկի դերը: Իսկ առաջնորդող ուժը պետք է լինի նաև ամենաօրինակելին, ամենաառողջն ու ամենաարդիականը: Միայն նման ուժը կարող է իր դաշնակիցներից ու ընդդիմախոսներից նույնը պահանջել: Կուսակցության արդիականացումը սկսվում է հենց մեզնից' ինձնից, ձեզնից, մեր կուսակցական ընկերներից: Եվ կրկին. մեր այն կուսակիցները, ում Հանրապետականը պաշտոն է վստահել, պիտի լինեն արդիականացման առաջին գծում կամ էլ պարտականությունները թողնեն ավելի նախանձախնդիր կուսակիցներին:

Հանրապետականը շարունակաբար բյուրեղանում ու ամրանում է:

Մենք փոփոխությունները սկսում ենք մեզնից:

3. Մեր երկրում հասարական, քաղաքական և տնտեսական արմատական փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ փոփոխությունները համահունչ են առաջնորդող ուժի ծրագրերին և հետևողականորեն իրականացվում են պետական իշխանության կողմից: Հենց նման փոփոխություններն են հուզում ժողովրդին, արձագանքում մարդկանց հոգում ու աջակցություն գտնում հասարակության կողմից, դառնում անշեղելի ու անշրջելի: Մինչ օրս Հանրապետական կուսակցությունը դրսևորել է քաղաքական կամք և հետևողականություն:

Հանրապետականը այսուհետ ևս  հետևողական է լինելու իր յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման գործում:

Մենք կանք, քանի դեռ տեր ենք մեր արժեքներին:

Մենք պարտավոր ենք հավատալ մեր ուժերին: Որևէ մեկը մեր երազանքի Հայաստանը մեր փոխարեն իրականություն չի դարձնելու: Դա մե՛նք ենք անելու՝ բոլորս միասին:

Կրկին շնորհավորում եմ բոլոր հանրապետականներին կուսակցության 20-ամյա հոբելյանի առթիվ: Մաղթում եմ բոլորիս, որ առաջիկա տասնամյակները մեր կուսակցության համար լինեն ավելի արգասաբեր՝ ի փառս մեր երկրի, հանուն Հայաստանի ժողովրդի և ողջ հայության: 

Շնորհակալություն»:

Այս խորագրի վերջին նյութերը