Աշխարհ

27.06.2017 13:04


ANF News. Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում

ANF News. Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում

Թուրքական իշխանությունները Սիրիայի հետ սահմանին անվտանգության պատ կառուցելուց հետո, նմանատիպ ծրագիր են իրականացնում նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին: Այդ մասին գրում է թուրքական «ANFNews» լրատվական գործակալությունը:

Հայ-թուրքական և թուրք-իրանյան սահմանին Թուրքիան նախատեսում է կառուցվելիք պատի հետ միասին ներդնել նաև «ինտեգրացիոն սահմանային անվտանգության համակարգ», որը իրենից ենթադրում է շուրջօրյա վերահսկողություն նշյալ սահմանների նկատմամբ:

Ըստ աղբյուրի` երկրի սահմանները պարսպապատվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2017թ. հունվարին Թուրքիայի քաղաքական կուլիսներում հայտնի դարձավ, որ Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիր քաղաքների կողմից։

Դրանից որոշ ժամանակ անց էլ Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ ականազերծման աշխատանքեր սկսվեցին Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին:

Դրա վերաբերյալ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի պատգամավոր Մահմութ Թանալը հարցադրում էր ուղղել Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին: Վերջինս հաստատել էր, որ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի և Իրանի հետ սահմանին անվտանգության պատ կառուցել:

Անվտանգության պատի կառուցման մասին որոշ տեղեկություններ էր հայտնել նաև Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած թուրք հայտնի սյունակագիր Աբդուրքադիր Սելվին: Վերջինս «Hürriyet» պարբերականի համար գրած հոդվածում նշել էր.

«PKK-ն թուրք-իրանյան սահմանին ռազմաճամբարներ ունի: Դրանք ներխուժելով Թուրքիա՝ գործողություններ են իրականացնում, ապա հետ են վերադառնում: Աղրը նահանգում ահաբեկիչների դեմ մեր կողմից իրականացված գործողությունների ժամանակ նրանք փախան դեպի այդ ռազմաճամբարները: Ի պատասխան դրան՝ Աղրը-Իգդիր սահմանը փակում ենք 70կմ-ոց պատով»:

Աղբյուրը՝ ermenihaber․am

Այս խորագրի վերջին նյութերը