Աշխարհ

27.06.2017 11:54


Թուրքիան ենթադրյալ գյուլենականների նոր ցուցակ է ուղարկել Գերմանիա

Թուրքիան ենթադրյալ գյուլենականների նոր ցուցակ է ուղարկել Գերմանիա

Թուրքիան շարունակում է ճնշումներ գործադրել Գերմանիայի վրա՝ «Գյուլենական համայնքի» (FETÖ) անդամների հետապնդման համատեքստում: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան Գերմանիային է ներկայացրել մի նոր ցուցակ, որտեղ ներառված են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ կասկածվող FETÖ-ի անդամ անհատների ու կազմակերպությունների անունները:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի խոսնակը տեղեկացրել է, որ նախարարությունը Թուրքիայից ստացել է մի քանի կարճ ցուցակ, որոնցում տեղեկություններ են ներկայացված տարբեր անձանց կամ կազմակերպությունների վերաբերյալ:

Վերջին անգամ դաշնային կառավարությունը Անկարայից նմանատիպ ցուցակներ էր ստացել ապրիլին, ապա, ուսումնասիրելով դրանցում առկա տեղեկությունները, ծանուցում էր ուղարկվել համապատասխան նահանգներ: Հայտնի է, որ Բեռլինի անվտանգության վարչությունում հունիսի 16-ից հետո առկա է 40 էջանոց մի ցանկ, որում 72 մարդու անուն է ընդգրկված:

Գերմանական մամուլի համաձայն՝ ներքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է այդ ցուցակները, ապա ճշտում դրանցում ներառված անձանց գտնվելու վայրը և համապատասխան նահանգների անվտանգության կառույցներին թեմայի վերաբերյալ հրահանգներ է ուղարկում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ այդ անձանցից և ոչ մեկի նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը