Կարծիք

27.06.2017 08:23


Անգամ չընտրված իշխանությունը պարտավոր է ծառայել ժողովրդին

Անգամ չընտրված իշխանությունը պարտավոր է ծառայել ժողովրդին

Ուսանողական տարիներին «պրակտիկան» անցկացնում էինք Մոսկվայում: Մի քանի տարի: Առաջին անգամ մեզ տեղավորեցին ուսանողական հանրակացարանում, բայց մի օր դիմացանք. տարածված սալի հոտից քիթներս բռնած դուրս փախանք ու վարձով տուն ճարեցինք: Դե բա ո՞նց կլիներ, մենք բաստուրմա ուտող, «կիլկիի կանսերվան» արհամարհող ժողովուրդ ենք, էդ էր պակաս սալի հոտի մեջ մնայինք:
Ինչևէ:
Մի քանի հոգով ապրում էինք 80 տարեկան ռուս տատիկի հետ նրա տանը: Մի օր երեկոյան հանկարծ տաք ջուրը կտրեցին: Ցուրտ փետրվարին էս տատիկը վռազ հագավ «բուշլատը» ու տնից դուրս եկավ: Մենք էլ հետևից հազիվ հասանք՝ իմանալու, թե տատիկն ո՞ւր է գնում էս մթանը: Մի քանի կանգառ թափով գնաց ու հասավ «ԺԵԿ»-ի դռանը, կոպալով ուժեղ ծեծեց ու ներս մտավ: Մի այնպիսի օրը գցեց աշխատողներին, որ մենք վախից չորացանք: Ո՞նց կլինի՝ իր տաք ջուրը կտրել են:
- Շան լակոտներ, դուք քանի՞ գլխանի եք, որ իմ ջուրը կտրել եք,-գոռում էր տատիկը:
Մինչև վերադարձանք տուն, արդեն տաք ջուրը տվել էին...
Էս էն խորը լճացման թվերին, երբ Ռայկինը ծաղրում էր չինովնիկությանը՝ «Սպրավկա բեր, որ սպրավկա ունես»:
Մենք էդ թվերին էլ, հիմա էլ զահլա չունենք ու ոչ էլ ցանկություն՝ տեր կանգնելու մեր իրավունքներին:
«Ղրաղ» ընկած ապրում ենք՝ չանհանգստացնելով ոչ մի չինովնիկի: Գյուղացիները հանկարծ առյուծի կաթ են խմում ու մի քանի ժամով մայրուղին փակում են, բայց հաջորդ պահին սուսուփուս բացում են ու շարունակում են չարքաշի իրենց կյանքը, քաղաքացին տան խոհանոցում ու Ֆեյսբուքում հայհոյում ու անիծում է գործող իշխանությանը, բայց էն ռուս տատիկի չափ համարձակություն չունի կոպալով դուրս գա փողոց, ժողովուրդը առաջին անհրաժեշտության ապրանքների գների հերթական բարձարցումից մի թեթև հերսոտում է, բայց սուսուփուս հաշտվում է իրեն կեղեքելու իրողության հետ...Եվ այսպես շարունակ...
Էս է մեր կյանքը...մի անկյունում վերընկած ապրել՝ մոռանալով, թե ով է տերը, ով՝ ծառան:
Անգամ չընտրված իշխանությունը պարտավոր է ծառայել ժողովրդին: Մինչդեռ, իրեն դրել է «Տերն ու ծառան» ստեղծագործության Մաթոս աղայի տեղը, մենք էլ մնացել ենք Մանասի կարգավիճակում...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը