Հարցազրույց

26.06.2017 20:42


Հովհաննես Բաչկով. «Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին»

Հովհաննես Բաչկով. «Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին»

Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ), վերադառնալով հայրենիք, հարցազրույց է տվել ՀԱՕԿ լրատվականին.

-Հովհաննես, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:

-Անկեղծ ասած, ինքս էլ մինչեւ վերջ չեմ գիտակցում` ինչ եմ արել: Մեծ ուրախություն եմ զգում: Այս Եվրոպայի առաջնությունն ինձ համար չորրորդն էր: Վաղուց էի ձգտում հաղթանակի, բայց տարբեր պատճառներով չէր հաջողվում: Այս հաջողությունը իմ` մարզիչների հետ կատարած մեծ եւ քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

-Ամենաբարդը անգլիացու հետ եզրափակիչ մենամա՞րտն էր:

-Բոլոր մենամարտերն էլ հեշտ չէին, եւ ես հատուկ որեւէ մեկը չեմ առանձնացնի: Լյուկ Մակորմեկը լավ բնռցքամարտիկ է: Նրա հետ առաջին անգամ էի հանդիպում: Սակայն, Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած 2016 թվականի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթել էի նրա երկվորյակ եղբորը, որը հետագայում մեկ քաշային կարգ վեր բարձրացավ:

-Այնուամենայնիվ, ինչպե՞ս ընթացավ քո «ոսկե» պայքարը:

-Առաջին ռաունդում դժվար էր, քանի որ ընտրած մարտավարությունը չէր անցնում: Սակայն, երկրորդ եւ երրորդ ռաունդներում ինձ հաջողվեց փոխել պայքարի ընթացքը եւ հասնել վաստակած հաղթանակին: Դա անգամ մրցակցի եւ նրա մարզչական շտաբի արձագանքից էր երեւում, բայց ես, մինչեւ վերջին պահը մրցավարների կողմից ինչ-որ «անակնկալի» էի սպասում:

-Անհաջող առաջին ռաունդից հետո մարզիչներն ի՞նչ ասացին քեզ:

-Դավիթ Թորոսյանն անհրաժեշտ ճշգրտումներն արեց եւ նաեւ ասաց. «Նա քոնն է: Նվագիր դուդուկդ եւ նա թող պարի»: Ինչպես կարող էի պարտվել նման խոսքերից հետո (ծիծաղում է):

-Ինչ-որ մեկին նվիրեցի՞ր հաղթանակդ:

-Իմ բոլոր հաղթանակները ես միշտ նվիրում եմ հայ ազգին:

Այս խորագրի վերջին նյութերը