Աշխարհ

26.06.2017 19:16


Հունիսի 15-22-ը թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 10 զինծառայող

Հունիսի 15-22-ը թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 10 զինծառայող

Հունիսի 15-22-ի Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 10 զինծառայող, ևս 36-ը վիրավորվել է: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ գործակալության՝ Թուրքիայի Շրնաք, Հաքքարի, Դիարբեքիր, Բինգյոլ, Էլազիգ, Սղերթ (Սիիրթ) նահանգներում Թուրքիայի ուժայինների գործողությունների հետևանքով «շարքից հանվել է» քրդական կառույցի 53 զինյալ:

Նշենք, որ քրդերի կորուստների մասին տվյալները կարող են դիտմամբ ուռճացված լինել կամ էլ կարող են ընդգրկել նաև խաղաղ քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները:

Բացի Թուրքիայի տարածքում գործողություններ իրականացնելուց, Թուրքիայի օդուժը գործողություններ է իրականացնում PKK-ի զինյալների դեմ նաև Իրաքի հյուսիսային շրջաններում, որտեղ էլ տեղակայված են քրդական կառույցի հիմնական հենակետերն ու թաքստոցները:

Բացի այդ, Թուրքիան զինուժը ժամանակ առ ժամանակ գործողություններ է իրականացնում նաև Սիրիայի քրդական կառույցների դեմ, որոնց թուրքական կողմը համարում է PKK-ի «սիրիական թև» և բնորոշում է որպես «ահաբեկչական կառույցներ»:

Թուրքիայի տարածքում քրդերի դեմ գործողությունները կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից: 2 տարի շարունակվող թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի հարավում և արևելքում մի շարք բնակավայրեր են ավերվել, տեղահանվել է 350-500 հազար մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը