Քաղաքական

25.06.2017 20:33


Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը «Ժառանգության» համագումարում

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը «Ժառանգության» համագումարում

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում

Համագումարի մեծարգո պատվիրակնե´ր,

Պատվարժան հյուրե´ր:

Պայքարի ու հաղթանակների բովով անցած աննկուն Նելսոն Մանդելան մի առիթով ասել է. «Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել իր ամեն մի անկումից հետո»: Վերջին շրջանում «Ժառանգությունը», ինչպես հայտնի է, ցավալի ցնցումներ ու ելեւէջներ ունեցավ, ոմանք՝ անկիրթ ու փոքրիկ որոշ գործիչներ, նույնիսկ շտապեցին գուժել կուսակցության, ինչպես նաեւ ավելի ուշ ստեղծված մեր նախընտրական դաշինքի մահը: Բայց, փառք Աստծո, «Ժառանգությունը» կարողացավ շտկել մեջքը եւ ռահակիցների մեծամասնության հետ կրկին «մարտադաշտում» է՝ պատրաստ հաղթական ավարտին հասցնելու սկսած գործը: Արդար պայքարի առաքելությամբ ծնված ուժը հնարավոր չէ ջլատել, կոտրել նրա պայքարի թափը, խոտորել իր ուղուց:

Ներկա համագումարը ազդականչն է «Ժառանգության» նոր ու նորացված սկզբի: Այն թույլ կտա համառոտակի չափել կուսակցության հետագիծը, ներքաղաքական եւ ներկուսակցական վայրիվերումները, դասեր քաղել վրիպումներից, իրականացնել կազմակերպչական ու կառուցվածքային բարելավումներ, հստակեցնել հետագա անելիքների քաղաքական օրակարգը եւ վստահորեն շարժվել առաջ:

Ո՞րն է, այսպիսով, պետության ինքնիշխանության կորստի, անհատի այլասերման եւ երկիրը սնանկացման տանող այս ճանապարհի հաջորդ կանգառը, որո՞նք են ազգի սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական գահավիժումը կասեցնելու եւ մարդակենտրոն, հայաստանակենտրոն նոր իրականություն դարբնելու ելքերը: Մեր երազանքների իրականությունը: Այս հարցերի շուրջ էլ հավաքվել ենք հաշիվ տալու ինքներս մեզ եւ հանրությանը, ներկայացնելու մեր տեսլականը, միասին փնտրելու լուծումները, հավաքականորեն գծելու մեր ճանապարհային քարտեզը:

Ամենաէական աքսիոմը, որին հանգեցնում են հետանկախական շրջանի առնվազն վերջին երկու տասնամյակները, հետեւյալն է՝ Հայաստանին հասու չի եղել ընտրական ճանապարհով իշխանության ձեւավորումը: Ժողովուրդը շատ հուսաց, որ ողջամտությունն, ի վերջո, կհաղթանակի, բայց միշտ հուսախաբ եղավ: Նրա համբերությունն այլեւս սպառվել է: Վերջին կաթիլները ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական, ապաեւ Երեւանի ավագանու չընտրություններն էին, որոնք, բնականաբար, գրանցեցին պաշտոնատար խաբեբաների օֆիսներում «թխված» արդյունքը: Վարչակարգը, որն իր ասելով՝ «կրկեսի վերածելու հայրենիք չունի», լավ սերտած ընտրակեղծիքների միջոցով հերթական անգամ կրկեսի վերածեց ընտրությունները՝ եւս մի քանի տարի պահպանելով իր ապազգային բնույթը:

Պարզ է՝ արդյունքում կունենանք այն, ինչ ունենք. հյուծված, մենաշնորհայնացված, քվոտավորված, օլիգարխիկ տնտեսություն, տեխնոլոգիապես հետամնաց արդյունաբերություն ու գյուղատնտեսություն, ցածրորակ կապիտալ շինարարություն, բարձիթողի գիտություն եւ կրթություն, արդի պահանջները չբավարարող մշակույթ, անհրապույր ներդրումային միջավայր, «հեռախոսային» դատական մարմիններ ու ոստիկանություն: Այս բնութագիրն ամբողջացնելու համար կարելի է հավելել համակարգային կոռուպցիան, սպառնալի չափերի հասնող արտագաղթն ու գործազրկությունը, աճող պետական պարտքերն ու նվազող պետբյուջեն, որը արդեն իսկ վտանգի տակ է դրել աշխատավարձերի ու կենսաթոշակների վճարումները, եւ այլն: Անորոշությունը, օրենքի, արդարության եւ վաղվա օրվա հանդեպ հավատի կորուստը, թշվառությունը չոքել են շարքային հայաստանցու` գյուղի ու քաղաքի տասնյակ հազարավոր ընտանիքների շեմին:

Մարդիկ հասկանում են, որ արագ փոփոխվող աշխարհում, երբ նորարար միտքը, տեխնոլոգիաները, մարդկային հարաբերությունների որակը հրամայաբար արդի կենսաձեւ են թելադրում, մենք չենք կարող դոփել տեղում, ապրել ու շնչել, աշխատել ու մեզ պաշտպանված զգալ աղճատված մի իրականության մեջ, որտեղ օրենքին փոխարինում է թայֆայականությունը, պետական շահին՝ նյութապաշտությունը, պատվին՝ փողը, արդարադատությանը՝ հաշվեհարդարը, հավատին՝ խարդավանքը, միասնությանը՝ հատվածապաշտությունը, կարգուկանոնին՝ ամենաթողությունը:

Որքան էլ ոմանք թերագնահատեն հայ հասարակության ներուժը, պետք է լավատես լինել եւ ապավինել այն բարուն ու դրականին, որ կան մեր ժողովրդի մեջ` ամուր ոգի, արդարության ձգտում, անկոտրում կամք: Ազնիվ դատենք եւ խոստովանենք, որ այդ ամենը մենք՝ ավել կամ պակաս չափով, տեսել ենք թե՛ ընդդիմության բազմահոծ հանրահավաքներում, թե՛ քաղաքացիական ընդվզումների ժամանակ, թե՛ «Սասնա Ծռերի» պահանջներին զորակցելիս: Անցած տարիների իր բոլոր ձեռնարկներում «Ժառանգությունը» միշտ զգացել է ժողովրդի սատարումը, թանկ է գնահատել նրա հետ հաստատված անքակտելի կապը, որը կուսակցության հանդեպ վստահության ցայտուն դրսեւորում է:

Երկու գումարումների Ազգային ժողովում ընդգրկված լինելով, իսկ դրանից առաջ հինգ տարի արտախորհրդարանական ընդդիմության կարգավիճակում, «Ժառանգությունը» երբեք իրեն հեռու չի պահել ժողովրդից, երբ հարաճուն թափով հասարակության վզին էին փաթաթվում նոր օրենքներ, որոնք գրեթե «օրինականացված ռեկետ» էին: Նկատի ունեմ Երեւան քաղաքի ավտոկայանատեղիներում վճարման պարտադիր համակարգի ներդրումը, արագաչափերով արձանագրվող եւ մասնավորի գրպանը մտնող աստղաբաշխական տուգանքների գանձումը, պարտադիր կենսաթոշակային հիմնադրամի մասին օրենքի ընդունումը, էլեկտրաէներգիայի վարձավճարների բարձրացումները եւ այլն: Այս ամենը, ըստ էության, հարստահարման մի ծանր շղթա էր՝ դրված սոցիալական անտանելի վիճակում գտնվող քաղաքացիների վզին:

Ոչ մի արդարացում չունեն հանրության եւ քաղաքականապես ակտիվ անձանց հալածանքները, որոնք տպավորված են հատկապես Սարի թաղի հայտնի միջադեպերի խորապատկերին: Ուզում են մեզ ապակողմնորոշել, շեղել կյանքի վրա ազդելու, այն վերափոխելու մղումներից: Նպատակամիտված սուտն ու կաշառքը դարձել են բռնատիրական վարչակարգի ներքաղաքական հենարանը: Սամվել Բաբայանը, Անդրեաս Ղուկասյանը, Ժիրայր Սեֆիլյանը, հավանաբար, վերջին քաղկալանավորները չեն լինելու. պահանջում ենք նրանց, ինչպես նաեւ Շանթ Հարությունյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ խղճի մյուս բանտարկյալների ազատ արձակումը:

Իշխանական վերնախավը հույս ունի, որ ուշադրություն շեղող կեղծ թեմաներն ուռճացնելու միջոցով կկարողանա զսպել քաղաքացիների եւ քաղաքական առողջ ուժերի համախմբումը: Բայց դարձյալ սխալվում է: Նրան չի օգնի անգամ մեծ տարածում ստացած եւ հասարակությունը մեթոդիկորեն այլասերող անբարոյական արժեքների, բռնատիրական բարքերի քարոզչությունը: Ընդդիմադիր ուժերի խնդիրն է հանրության մեջ անհանդուրժողականություն սերմանել արատավոր բարքերի, անտարբերության, պարտվողական տրամադրությունների հանդեպ: Հիշենք, թե ինչ էր սովորեցնում մեզ Ուինսթոն Չերչիլը. «Անհաջողությունը միայն ժամանակավոր է. հանձնվելով՝ դուք այն դարձնում եք մշտական»:

Այն, ինչ այժմ ունենք ներքին եւ արտաքին քաղաքական հարթակներում` վերջին նախագահական ընտրություններում ապօրինի վարչախմբի վերարտադրության արդյունքն է: Իր իշխանության արտաքին հովանավորության փնտրտուքներում գործող նախագահը միջազգային ասպարեզում մեկուսացրեց մեր երկիրը՝ ջուրը թափելով բարեկամ պետությունների եւ դաշնակիցների հետ կապերն արգասավորելու համար ներդրված ջանքերն ու միջոցները: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է վասալային փոխգործակցության աշխատաոճը: Հարաբերությունները կառուցվում են՝ ելնելով ազգային շահերի ու երկրի ազգային հարստության հաշվին վարչակարգին ցուցաբերվող արտաքին աջակցության երաշխիքների ձեւավորման նպատակներից:

Մեր հիշողություններում դեռ վառ է, թե ինչպես «մեկ գիշերվա մեջ» գիծ քաշվեց Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման ծրագրի շրջանակներում կատարված տեւական աշխատանքի վրա՝ հօգուտ Մաքսային միության մշուշոտ հեռանկարի, որի օգտակար գործողության գործակիցն առայժմ զրոյական է: Իսկ եթե ինչ-որ մեկն այդ համագործակցությունից նույնիսկ օգտվում է, ապա դա ժողովուրդը չէ, այլ իշխող խմբավորումը, որը գրպանում է, օրինակ, միլիոնավոր դոլարների այն գերշահույթները, որ ստացվում են «Ռոսնեւթ»-ի կողմից Հայաստանին էժան գնով հատկացվող էներգակիրները բնակչությանը վերավաճառելուց: Մոսկվայից իշխանությունների կախվածությունը խանգարում է համագործակցել բարեկամ երկրների հետ՝ մասնավորապես էներգետիկայի եւ անվտանգության ոլորտներում: Գոնե Արցախի եւ նրա ամբողջականության ճանաչումն ապահովված լիներ:

Երկիրն ավելի ու ավելի է ընկղմվում ստրկացուցիչ պայմանագրերի հորձանուտում: Մեզ փորձում են անընդունելի պայմաններ պարտադրել Արցախի հարցում, փորձում են հակադրել հազարամյակների մեր դրացի Իրանին, որը պատրաստ է կենսականորեն կարեւոր օժանդակություն ցուցաբերել հարեւան Հայաստանին: Եվրոպան ինքը պետք է հեռու մնա մեղսակցությունից եւ հարգի հայ ժողովրդի ինքնիշխանությունը, ինչը չէիր ասի Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺՀ) ղեկավարության մասին՝ նկատի ունենալով նրա կանխակալ պահվածքը:

Ռուսաստանի հետ, որին Հայաստանը կապված է խորը եւ երկուստեք շահավետ կապերով, փոխհարաբերությունների համակարգի ձեւավորման անխոհեմ ուղեգիծը սպառնում է խախտել տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը: Պաշտոնական Մոսկվան չի խորշում մեր գլխավոր հակառակորդին՝ Ադրբեջանին զինել նորագույն հարձակողական զենքով: Իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են երկրի տնտեսական զարգացման հեռանկարը պայմանավորել Կրեմլի, ավելի ճիշտ` օտարների եւ հենց իրենց աթոռային շահերով:

Ռազմավարական մեր գործընկերոջ վաճառած զենքը երկար ժամանակ պարապ չմնաց Ադրբեջանի զինանոցում: Անցյալ տարվա ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերվանից սկսյալ՝ 4 օր անընդմեջ, այն ռմբահարեց Մարտակերտը, Թալիշը եւ հարակից հայկական շրջաններն ու դիրքերը: Քառօրյա պատերազմը խլեց հարյուրից ավելի երիտասարդ կյանքեր, ունեցանք մեծ թվով վիրավորներ, ավերածություններ եւ 800 հեկտար տարածքային կորուստ: Միայն հայ զինվորի անձնուրացության շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել թշնամու առաջխաղացումը եւ վերականգնել հարաբերական անդորր: Չնայած պատերազմից հետո անցած ավելի քան 1 տարվա ընթացքում մահացու ելքով սահմանային միջադեպերն ավելի են հաճախացել: Ուրեմն՝ ո՞վ է պատասխան տալու խաղաղ պայմաններում զոհված զինվորների կյանքի համար:

Իհարկե, եւ ինչպես միշտ, մենք:

Հոռի երեւույթները, ցավոք, մեր կյանքից անպակաս են: Սակայն երկրում աճող դժգոհությունը հուշում է, որ վարչախմբի ջանքերը դատապարտված են ձախողման, եւ մեր ժողովրդին այլեւս խաբել չի հաջողվի: Մենք չենք լքի մեր երկիրը, մեր դիրքերը եւ ոչ մի տեղ չենք գնա՝ մենք կազատագրենք մեր պետությունը հակոտնյա տարրերից եւ ժողովրդին կվերադարձնենք նրա օրինական իրավունքներն ու ոտնահարված արժանապատվությունը:

Հայաստանի ժողովուրդը գիտի՝ ինչպես դա անել. մենք երկրում կստեղծենք ազատ ընտրությունների անցկացման երաշխիքներ, որոնց միջոցով կընտրենք օրինական իշխանություն եւ պետական հաստատությունները կազատենք կաստայական կապանքներից: Ամեն ինչ կարվի, որպեսզի հետայսու ոչ ոք չհանդգնի ժողովրդից խլել իշխանությունը եւ հանձնել ամեն կարգի արկածախնդիրների տնօրինությանը: Մեզ արդեն ոչ ոք չի կարող գայթակղել կեղծ կողմնորոշիչներով ու ստահոդ կարգախոսներով:

«Ժառանգությունը» քանիցս հայտարարել եւ կրկին հայտարարում է, որ իր գերագույն նպատակը սահմանադրական ընտրությունների միջոցով իրավակարգ իշխանության ձեւավորումն է, ազգային ինքնիշխան շահի գիտակցումն ու հետապնդումը: Ազատ ընտրությունների հանրակարգ հիմնելու համար անարդյունք թվացող պայքարի բազմամյա փորձը շատերի մեջ թյուր համոզմունք է ձեւավորել, թե ոչինչ փոխել հնարավոր չէ: Այնինչ պայքարն անարդյունք չի եղել, եւ այն շարունակելով՝ ավելի կմեծացնենք ժողովրդի համար շոշափելի հաջողությունների հասնելու հնարավորությունը: Ընտրակեղծարարներն անմիջապես անձնատուր կլինեն, եթե հայտնվեն մի իրավիճակում, որտեղ իրենց հնարքներն այլեւս չանցնեն:

Մեր խնդիրը հենց այդպիսի իրավիճակի ստեղծումն է: Շատ ժողովուրդներ այդ խնդիրը լուծել են համաժողովրդական խաղաղ անհնազանդության ալիք բարձրացնելու միջոցով, ոմանք փորձել են գնալ այլընտրանքային իշխանական կառույցներ կազմավորելու ճանապարհով:

Այո՛, մենք ի վիճակի ենք կուսակցապետությանը կանգնեցել այնպիսի իրադրության դեմհանդիման, որ նա անզոր լինի հերթական անգամ բռնանալ ընտրողների կամքի եւ ազատ ընտրությունների ինստիտուտի վրա: Մենք ի զորու ենք մեր երկրում չեզոքացնել ցանկացած եղանակով պետական իշխանության ուզուրպացման սպառնալիքը: Ո՛չ բռնի ուժը, ո՛չ կաշառքը, ո՛չ արտաքին հովանավորչությունը այսուհետ չեն ծառայի որպես ապօրինի իշխանության վերարտադրության ռեսուրսներ: Բայց միայն այնժամ, երբ մենք միասին գործենք:

Այս մասին շատ է խոսվել, ես չեմ զլանա եւս մեկ անգամ հիշեցնել, որ ահագնացող ճգնաժամից Հայաստանը կարող է դուրս գալ միայն համազգային կոնսոլիդացման միջոցով: Ակնհայտ է, որ գործող իշխանությունն այդպիսի ցանկություն չունի: Եվ ոչ էլ ի վիճակի է մեկտեղել բոլոր միավորները, քանի որ ցանկացած քաղաքական ուժի մեջ, թող դա ձեզ տարօրինակ չթվա, տեսնում է իր բիզնես-մրցակցին: Ուրիշ էլ ինչ չափանիշներով կարող է դատել ժողովրդի մասին չմտածող, ազգային հարստությունը մսխող իշխանությունը: Այլ ելք մեզ չի մնում, քան վերականգնել իր իշխանության եւ ապագայի հանդեպ մարդկանց հավատը, հավաքագրել ծառացած մարտահրավերներին դիմակայելու նրանց ներուժը:

Պետք է գործողության մեջ դնել հնարավոր ամեն ինչ՝ սկսած պայքարի նորանոր կենտրոններ եւ դիմադրության բջիջներ, մշտապես գործող քաղաքացիական բաց ֆորումներ ստեղծելուց, վերջացրած հակապետական միջազգային պայմանագրերի եւ հակասահմանադրական ազգային օրենքների չճանաչմամբ: Կարեւորագույն մեր անելիքներից մեկն էլ իշխանության բռնազավթման թեմայի արդիականացումն է՝ քաղաքական դասի ու հասարակության մեջ այդ երեւույթը խստորեն դատապարտելու եւ դրա շուրջ քաղաքացիական-քաղաքական միասնական ճակատ ձեւավորելու նպատակով:

«Ժառանգության», քաղաքական կառույցների եւ քաղաքացիական միասնական հասարակության հրամայականն է՝ համատեղելով ջանքերը, ստեղծել ճշմարիտ, համապարփակ վերահսկող մարմին-մեխանիզմ, որպեսզի ապահովվի ժողովրդի առջեւ բոլոր տեսակի «իշխանությունների» հաշվետվողականությունը ամեն շարժուձեւի, քայլի եւ խոսքի համար՝ բոլոր ժամանակներում:

Ժամն է` խոսակցություններից անցնել ապագա կերտելու առաքելությանը: Դա, անշուշտ, մի կուսակցության, առավել եւս մեկ մարդու գործ չէ: Պահանջվում են ուժ եւ տքնանք: Դեմքի խորագիտակ արտահայտությամբ արվող դատողությունները, հետին թվով այլոց խելք սովորեցնելու խրոնիկ սովորությունները պետք է մի կողմ դնել եւ զբաղվել ամենօրյա տքնաջան աշխատանքով, առանց որի չկա հաղթանակ: Հիշենք, թե ինչ էր ուսուցանում ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը. «Իրականում հաջողությունն ու փառքը պատկանում են նրան, ում դեմքը պատված է փոշով, քրտինքով ու արյունով, ով արիաբար ձգտում է հաղթանակի, ով սխալվում է եւ նորից ու նորից սկսում զրոյից, որովհետեւ չեն լինում ջանքեր՝ առանց մոլորությունների ու սխալների»:

Օրվա հրամայականներից մեկն էլ, որի մասին մենք առաջին անգամը չէ, որ խոսում ենք, մեր ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ Սահմանադրական հեղափոխության իրականացումն է` քաղաքական եւ քաղաքացիական շահագրգիռ ուժերի ամենալայն մասնակցությամբ:

Միայն միությա՛մբ կա հայոց փրկություն:

Կուզեմ խոսքս ավարտել մեծն Նժդեհի այն պատգամով, որն աշխարհահռչակ գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտի վերափոխված միտքն է. «Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխավերեւում եւ բարոյական օրենքը սրտի մեջ»: Չգիտեմ՝ մերօրյա «նժդեհականների» սրտերում կա՞ բարոյական օրենք, թե՞ ոչ, բայց ես կհորդորեի բոլորիս՝ մի՛շտ հավատարիմ մնալ այդ իմաստուն հանձնարարականին՝ լինի առօրյա կյանքում, թե պետական-հասարակական գործունեության մեջ:

Հանո՛ւն Հայաստանի Հանրապետության, մեր ազատության, ինքնիշխանության եւ ազգային շահի, հանո՛ւն մեր սուրբ նահատակների ու մեր երեխաների՝ առա՜ջ, դեպի հաղթանակ:

25 հունիսի 2017
Երեւան

Այս խորագրի վերջին նյութերը