Աշխարհ

23.06.2017 12:38


Թուրքիայի զինուժը 5 զրահամեքենա է ուղարկել Կատար

Թուրքիայի զինուժը 5 զրահամեքենա է ուղարկել Կատար

Հունիսի 22-ին Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին Թուրքիայի և Կատարի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Կատարի մայրաքաղաք Դոհա է ուղարկվել Թուրքիայի զինված ուժերի 5 միավոր զրահափոխադրիչ և 23 զինծառայող: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Կատարում տեղակայվելուց հետո Թուրքիայի զինուժը շարունակելու է իր գործունեությունը երկու երկրների միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում:

Ավելի վաղ, թուրքական մամուլից հայտնի է դարձել, որ առաջին փուլում Թուրքիան նախատեսում է Կատարում տեղակայել 200-250 զինծառայող:

Մինչ այդ, հունիսի 18-ին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները Կատարի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար ժամանել են Կատար:

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը և երկրի նախագահը հաստատել են «Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) վավերացնող օրինագիծը, ինչից հետո արդեն հնարավոր է դարձել զորախմբի տեղակայումը Կատարում:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն. Բահրեյնը, այնուհետև նաև արաբական այլ երկրներ, խզել են դիվանագիտական հարաբերությունները և ցամաքային, օդային, ջրային կապը Կատարի հետ:

Չնայած թուրքական կողմը փորձում է չեզոքություն պահպանել, սակայն միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունները արագ կերպով վավերացնում են Կատարում թուրքական զորախումբ տեղակայելու մասին պայմանագիրը: Բացի այդ, Թուրքիան սննդամթերքով է աջակցում մեկուսացման մեջ հայտնված Կատարին: Սա, ըստ երևույթին, հիմք է տալիս պնդելու, որ թուրքական կողմը Կատարի ճգնաժամում աջակցում է հենց Կատարին:

Նշենք, որ տարածաշրջանային երկրներից Կատարին իր աջակցություն է հայտնում նաև Իրանը, որը փորձում է օգտվել արաբական աշխարհում առաջացած ճեղքվածներից և էլ ավելի մեծացնել իր ազդեցությունը Պարսից ծոցի շրջանում:

Այս խորագրի վերջին նյութերը