Մեկնաբանություն

22.06.2017 11:05


«Ելք»-ի հերթական առաջադրանքը

«Ելք»-ի հերթական առաջադրանքը

Երեկ «Ելք» դաշինքի և հատկապես Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական կոմերցիայի տեսանկյունից շատ արդյունավետ օր էր, քանզի ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ կառավարության ծրագիրը (իշխանությունները ոչ միայն լավ են ճանաչում իրենց հաճախորդներին, այլև՝ լավ կերակրում): Հնարավորություն էր ստեղծվել հաճելին համատեղել օգտակարի հետ:

Հաճելին այն էր, որ «Ելք»-ը, վարչապետ Կարեն Կարապետյանին խաչաձև հարցաքննության ենթարկելով, «թունդ ընդդիմադիր» էր երևում: Դե իսկ Կարապետյանին «պատին դեմ տալու» օգտակարության մասին միայն «Ելք»-ցիները և հաճախորդացումը «մի քանի զրոներով» գնահատելու մասնագետը կիմանա:

Փաշինյանն ու իր գործընկերները խորհրդարանում շարունակեցին «անկախ» մամուլի մուտիլովկայական թեմաները և նոր մուտիլովկաներ անելու «պաս» տվեցին նույն «անկախ» մամուլին, որի մասնիկներից մեկն, ի դեպ, «Հայկական ժամանակն» է:

Առիթ եղել է գրելու, որ «Ելք» դաշինքը Բ26-ին պետք է մի շարք գործառույթների համար և այդ գործառույթների իրականացման դիմաց դաշինքի շարքային պատգամավորները հինգ տարի աշխատավարձ կստանան, իսկ «ավելի շարքայինները»՝ նաև բոնուսներ (նրանք, ովքեր «պեռվի կռուգ» հաճախորդներ չեն ու դուրս են մնացել խորհրդարանից, հայտնվել են տխրահռչակ Արմեն Աշոտյանի «կուռացիայի» տակ՝ անկախ փորձագետի կամ քաղաքագետի կարգավիճակով):

Դաշինքը գլխավորող եռյակից՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, յուրաքանչյուրն իր դերակատարումն ունի, բայց միասին նրանք նույն գործն են անում: Մեկին օգտագործում են ՀՀԿ ղեկավարի իրական ընդդիմախոսների դեմ, մյուսին՝ ներիշխանական մուտիլավկաների մեջ, երրորդին՝ բոլոր ուղղություններով: Հենց սա էլ կոչվում է «ինստիտուցիոնալ ընդդիմություն»:

«Ելք»-ը յուրօրինակ ենիչերիություն է անում հանրության դեմ: Այդ միավորը լեգիտիմ համարեց ընտրակաշառքային ընտրությունները, «Ելք»-ը Ստեփանակերտում «ռազմահայրենասիրական» թուղթ ստորագրեց Արտաշես Գեղամյանի կուսակցության հետ: Հիմա եկել է ներիշխանական «բազառներում» Սերժ Սարգսյանին «ընդդիմադիր» դիրքերից պաշտպանելու փուլը:

Փաստորեն, մեր երկիրը հազար ու մի արտաքին և ներքին լուրջ մարտավհրավերներ ունի, բայց արի ու տես, որ «ինստիտուցիոնալներին» բացառապես բանսարկություններն են հետաքրքրում ու թամաշան:

«Ելք»-ի վարքագծից դատելով՝ Բ26-ին էլ է միայն աթոռային հարցերը հետաքրքրում, իսկ թե սահմանին օրը քանի մարդ կզոհվի ու քանիսը կվիրավորվի, թողնված է «Ազգ-բանակ» ծրագրին, ըստ որի՝ իշխանությունները փող են առաջարկում զոհվողներին (զոհերի հարազատներից ու ամբողջ հանրությունից 1.000 դրամ հավաքելուց հետո) ու դրանով համարում անվտանգության ապահովման հարցում իրենց առաքելությունն ավարտած:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա նա, թերևս, տեղյակ է, որ եթե չզբաղվի քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն իրենով կզբաղվի: «Սմարթ» Հայաստան ունենալու համար նախևառաջ «սմարթ» քաղաքական գործիչներ են պետք: Միայն «դրայվով» հեռու չես գնա: Հատկապես որ «դիստորշընը» միացնող չկա:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Ժանրի կանոնների համաձայն՝ իշխանությունները մի կողմից օգտագործում են իրենց հաճախորդներին, մյուս կողմից՝ հաստիքային ՀՀԿ-ականների միջոցով նրանց տեղը դնում, որպեսզի չափները չանցնեն: Արդյունքում առաջանում է լեզվակռիվ, որը պետք է նաև տպավորություն թողնի հանրության անտեղյակ հատվածի վրա: Հենց նման մի բան էլ տեղի ունեցավ ԱԺ-ում՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ: Տեսարանը բրազիլական սերիալներին չէր զիջում:

Այս խորագրի վերջին նյութերը