Աշխարհ

22.06.2017 10:37


ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ԼՂ շփման գծում վերջին իրադարձություններով

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ԼՂ շփման գծում վերջին իրադարձություններով

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ղարաբաղյան շփման գծում հրադադարի վերջին խախտումներով, որոնց հետևանքով անցած շաբաթ բազմաթիվ զոհեր եղան։ Ազատությունը նշում է, որ այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Հորդորում ենք կողմերին խուսափել սրացումից և խրախուսում ենք շփման գծի ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով լարվածությունը նվազեցնելու միջոցների անհապաղ քննարկումը»,-ասված է Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթի հրապարակած հայտարարությունում։

Հիշեցնելով, որ հունիսի 19-ի հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել վերստին ներգրավվել ըստ էության բանակցություններում` բարեխղճորեն և քաղաքական կամքով, և ընդգծել են, որ այդպիսի բանակցությունները միակ ուղին են՝ խաղաղություն բերելու տարածաշրջանի մարդկանց, ովքեր ակնկալում են և արժանի են առաջընթացի դեպի հակամարտության կարգավորում, Պետդեպարտամենտը շեշտում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ինտենսիվորեն աշխատել կողմերի հետ։

«Մեր վաղեմի քաղաքականությունը, որում Մինսկի խմբի համանախագահները համակարծիք են, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, ներառյալ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը, հատկապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները», - ասված է հայտարարությունում։

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը