Տնտեսական

21.06.2017 16:02


Ռիչարդ Միլս․ «8 մլրդ դոլարի ներդրումը հնարավոր կլինի, երբ էներգետիկ շուկան ազատ լինի ու հնարավոր լինի այն արտահանել»

Ռիչարդ Միլս․ «8 մլրդ դոլարի ներդրումը հնարավոր կլինի, երբ էներգետիկ շուկան ազատ լինի ու հնարավոր լինի այն արտահանել»

8 մլրդ հնարավոր ներդրումային ներուժի մասին թիվը ցուցանիշ է, որ հաշվարկվել է Էներգետիկայի նախարարության կողմից, դեսպանությունում մեր գնահատումները նույնպես հաստատում են, որ կա այդպիսի ներուժ: tert.am-ը գրում է, որ այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նա հավաստիացրել է, ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են էներգետիկայի ոլորտում ներդրումներով: Շուրջ 8 մլրդ դոլարի համագործակցության հնարավորություն կա, բայց պետք է Հայաստանը դրա համար պայմաններ ստեղծի:

«Ամերիկյան ընկերությունների համար, որոնք այստեղ գալու մտադրություններ ունեն, կարևոր է, որ կարողանան ավելի ծավալուն, տարածաշրջանային մակարդակով գործունեություն ծավալել՝ Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան ներառել»,-ասել է Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով՝ ամերիկյան ընկերությունների համար կարևոր է, որ մաքսային հարցերը, ապրանքները սահմաններով տեղափոխելու խնդիրը կարգավորվի:

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներդրումներին՝ դեսպանը շեշտեց, որ խոսքը ներուժի մասին է, հնարավոր ներդրումների մասին է, բայց որը հնարավոր կլինի այն պարագայում, երբ հոսանքի էներգետիկ շուկան ազատ լինի ու հնարավոր լինի հոսանքի արտահանումը Հայաստանից դեպի Վրաստան, Իրան, այսինքն՝ դա այն պայմաններում հնարավոր կլինի, երբ նման ենթակառուցվածքներն առկա լինեն:

«Եթե հնարավոր լինի արտահանել նաև Թուրքիա, էներգետիկ շուկան բացվի, ապա դա ևս իրական հնարավորություններ կստեղծի: Այս 8 մլրդ դոլարի ներդրումները վերաբերում են ենթակառուցվածքների ձևավորմանը, հոսանքի փոխանցման համապատասխան վոլտաժի ձևավորմանը, որը հնարավորություն կտա ապահովել հոսանքի փոխանակումը Վրաստանի հետ, մասամբ վերաբերում է կանաչ էներգիայի խթանմանը»,-տեղեկացրել է Ռիչարդ Միլսը:

Մանրամասները՝ tert.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը