Աշխարհ

20.06.2017 22:10


Ազատազրկված թուրք լրագրողները պատմել են «չարիքի մեքենա» բանտերի մասին

Ազատազրկված թուրք լրագրողները պատմել են «չարիքի մեքենա» բանտերի մասին

«BBC Türkçe»-ի ստամբուլյան թղթակից Ռենգին Արսլանը անդրադարձել է Թուրքիայում ազատազրկված լրագրողների հիմնախնդիրներին: Արսլանի հետ զրույցում լրագրող և գրող Ահմեթ Շըքի կինը թուրքական բանտերը բնութագրել է որպես «չարիքի մեքենա»:

Ահմեթ Շըքը թուրքական «Odatv» լրատվակայքի հետ կապված դատավարության շրջանակներում 2011թ. մեկ տարի անազատության մեջ է գտնվել և դարձել թուրքական մամուլի ազատության հետ կապված դատավարությունների խորհրդանիշը: Իսկ վեց ամիս առաջ թուրք լրագրողը բանտարկվել է՝ «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով հանդերձ աջակցություն ցուցաբերելու» մեղադրանքով:

Լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունները պնդում են, որ բացի անարդարացի ազատազրկումներից, բանտերում լրագրողները լիովին մեկուսացվում են. նրանց ուղարկված նամակներն ու բացիկները իրենց չեն հանձնվում, իրենց գրած նամակներն էլ հասցեատերերին չեն ուղարկվում: Այս ամենի հետ մեկտեղ՝ գրաքննության են ենթարկվում նաև բանտարկյալների համար դրսից բերված գրքերը: Դրանցից ոչ բոլորն են հանձնվում հասցեատերերին, մի մասը տարբեր պատճառներով վերադարձվում են դրանք բերած հարազատներին: Մինչդեռ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հերքում է նամակների և գրքերի հետ կապված սահմանափակումների մասին լուրերը:

«Պետության կամայականությունների ամենացայտուն օրինակը կարելի է տեսնել բանտերում, և դրանք արդեն իրենց դրսևորումն են գտնում դատական որոշումներում: Այս քրեակատարողական համակարգը ամբողջությամբ հիմնված է չարակամության վրա և մասնագիտացված՝ ճնշելու համար նրանց, ովքեր իշխանական ուժի կողմնակիցները չեն: Ինչպես ասում է Ահմեթը՝ դա մի գերեզման է, որում ողջ-ողջ թաղում են մարդկանց»,-ասել է Ահմեթ Շըքի կինը:

Թուրքիայի Լրագրողների համայնքի տվյալների համաձայն՝ ներկայումս այս երկրում 160 բանտարկված լրագրող կա: Այնինչ, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը փետրվարին հայտարարել էր, թե Թուրքիայում միայն 30 լրագրող է անազատության մեջ գտնվում: Իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ որպես լրագրող ներկայացվող 177 ազատազրկվածներից իրականում միայն երկուսն ունեն դեղին լրագրողական քարտ: Նրա պնդմամբ՝ այս մասին արևմտյան կառույցներին լիովին թյուր տեղեկություններ են հաղորդվում:

Ազատազրկված լրագրողների հարազատները նշում են, որ նախկինում լրագրողները գոնե իրավունք ունեին գիշերվա կամ ցերեկվա ցանկացած ժամի անսահմանափակ հանդիպումներ ունենալ իրենց փաստաբանների հետ, իսկ այժմ թույլատրվում է շաբաթական միայն մեկ ժամ հանդիպում, որն անգամ 10 րոպեով երկարացնել հնարավոր չէ:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը