Քաղաքական

21.06.2017 07:42


Սամվել Բաբայանի մեղադրանքը փոխվել է․ նախաքննությունն ավարտվել է

Սամվել Բաբայանի մեղադրանքը փոխվել է․ նախաքննությունն ավարտվել է

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մեղադրանքը փոխվել է։ Այս մասին «7օր»-ի հետ զրույցում ասել է Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը։

-ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով և 190 հոդվածի 1-ին մասով (փողերի լվացում) է այժմ մեղադրանք առաջադրվել։ Մաքսանենգության հոդվածը դուրս է եկել։ Երկու հոդվածով էլ Սամվել Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում և գտնում է, որ նախկինի նման անհիմն առաջադրված մեղադրանքներ են,-նշել է Ա․Քալաշյանը։

Հարցին, թե հոդվածների փոփոխությունն ինչով է պայմանավորված, փաստաբանը պատասխանել է․

-Մաքսանենգությունը չի հիմնավորվել։ Փողերի լվացման հոդվածն էլ հերթական աբսուրդությունն է։ Հոդվածների առումով, մեղադրանքը մի փոքր թեթևացվել է՝ 3-7 տարին փոխարինվել է 2-5 տարով, սակայն մենք շատ ուժեղ փաստարկներ ունենք հերքելու այդ մեղադրանքները, ինչպես որ մաքսանենգությունը չհիմնավորվեց։

Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ գործի նախաքննությունն ավարտվել է, այսօրվանից ինքը սկսելու է ծանոթանալ նյութերին, ինչի համար 15 աշխատանքային օր կպահանջվի։

Ա․Քալաշյանը տեղյակ չէ, թե սույն գործով մյուս մեղադրյալների ցուցմունքներում փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, բայց ընդգծում է, որ եթե հակասական ցուցմունքներ լինեին, ապա առերեսում կկատարվեր, ինչը չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը