Լրահոս

19.06.2017 16:33


Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող. նրա կյանքին վտանգ է սպառնում

Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող. նրա կյանքին վտանգ է սպառնում

Այսօր Ստեփանակերտից Երևան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող՝ 1997 թ-ին ծնված Յուրի Զաքարյանը: tert.am-ը նշում է, որ այս մասին զինվորական հոսպիտալում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

«Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված: Նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազոտություն է իրականացվել, այս պահին վիրահատության անհրաժեշտություն չկա»,-մանրամասնել է նա:

Ճշտող հարցին՝ արդյոք զինծառայողի կյանքին վտա՞նգ է սպառնում, Գայանե Հովհաննիսյանը դրական պատասխան է տվել։

Գայանե Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ևս երկու վիրավոր զինծառայողներ Արցախից Երևան էին տեղափոխվել հունիսի 17-ին: Նա մանրամասնել է, որ 2-ի վիճակը կայուն է, գտնվում են հսկողության ներքո:

«1997թ.-ին ծնված Արմեն Վարդանյանը ականի պայթյունից գլխի շրջանում է վիրավորում ստացել: Գիտակցությունը տեղն է, նա գիտակցություն է ունեցել նաև տեղափոխման օրը, ինքնուրույն շնչում է, կոնտակտի մեջ է մտնում: Այս պահին վիրահատության կարիք չկա։ Նույն օրը մեկ այլ զինծառայող՝ աչքի շրջանում վիրավորում ստացած, Մալայան կենտրոնում վիրահատության էր ենթարկվել»,-մանրամասնեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը