Մեկնաբանություն

19.06.2017 09:25


Հերոսներ ու հակահերոսներ. ովքե՞ր են դատավորները

Հերոսներ ու հակահերոսներ. ովքե՞ր են դատավորները

«Սասնա ծռերի» անդամների դատավարության մեկնարկը տարատեսակ գնահատականների տեղիք տվեց:

Իշխանական քարոզչամեքենան ու դրան կցված «ընդդիմադիր» շրջանակները՝ «Ելք» կոչված կոմերցիոն միավորման գլխավորությամբ, «Սասնա ծռերի» անդամներին ներկայացնում են որպես քրեական հանցագործներ: Կա սրան հակառակ կարծիքը, ըստ որի՝ «Սասնա ծռերի» տղաները հերոսներ են և նրանց արածը պետք է դիտարկել որպես ժողովրդի արդարացի ապստամբության նախաձեռնություն:

Հարկ է նկատել, որ հանրության մեծ մասն այս վեճում ունի կրավորական կեցվածք: Մարդիկ օտարվել են պետությունից և իրենցից օտարել պետությունը, ու բնական է, որ ներքաղաքական հարցերով ունեն դիտորդի կարգավիճակ:

Եթե «Սասնա ծռերին» հաջողվեր իշխանափոխություն անել, ապա Արմեն Աշոտյանից մինչև Սամվել Նիկոյան, Խոսրով Հարությունյանից մինչև Էդմոն Մարուքյան դատափետելու էին Սերժ Սարգսյանի նախագահության տարիները և փորձելու էին տեղավորվել նորերի շարքերում: Դա, ի դեպ, զուտ հայկական երևույթ չէ. ամբողջ աշխարհում էլ քաղաքական «մաստ» փոխողներ կան և այդ «մաստ» փոխողները հատկապես ակտիվ են լինում անցումային փուլում գտնվող երկրներում:

«Սասնա ծռերի» մոտ բան չստացվեց, և հիմա իշխանությունները նրանց դատում են որպես հանցագործների:

Եթե մենք նորմալ պետություն լինեինք, ապա «Սասնա ծռերի» գործողությունները հանրության ճնշող մեծամասնության կողմից միանշանակ բացասական գնահատականի կարժանանային: Ավելին՝ նորմալ պետություն ունենալու դեպքում «Սասնա ծռեր» խումբ չէր էլ ստեղծվի: Այնպես որ, պետք է պատճառների, այլ ոչ թե հետևանքների մեջ խորանալ ու հասկանալ, թե ինչն ինչոց է և ինչու են Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ամենուրեք ապստամբներ ու զինված իշխանափոխության կողմնակիցներ փնտրում: Այսպես շարունակվելու դեպքում կարող է վերջում պարզվի, որ ամբողջ հայ ժողովուրդն է ապստամբ ու հանցագործ: Մի խոսքով...

Հարկ է նկատել, որ հերոսների ու հակահերոսների թեմայով վեճերը առավել սուր են արտահայտվում չկայացած պետություններում և հասարակություններում: Կայացած քաղաքական ու տնտեսական համակարգերում հերոսների ու հակահերոսների վեճն իր տեղը զիջում է այլ տիպի՝ ռացիոնալ թեմաներով վեճերին, որոնք իրենց հանգուցալուծումը գտնում են ընտրությունների ժամանակ:

Հայաստանում ընտրությունների ինստիտուտը հետևողականորեն ոչնչացվում է: «Ռեյտինգային» կոչված ընտրակարգի միջոցով ընտրակաշառքն ու այլ ընտրախախտումները «լեգիտիմացվեցին»: Այս տարվա ապրիլին ընտրությունների միջոցով բան փոխելու հնարավորության վրա մեծ «խաչ» քաշվեց:

Ապրիլին Բ26-ը փաստացի հայտարարեց, որ իշխանության հարցը չի լուծվելու ընտրությունների միջոցով և, կամա թե ակամա, դարձավ ապստամբության, զենքի միջոցով ու այլ ոչ ստանդարտ ճանապարհով իշխանության հարցը լուծելու պատվիրատու: Դրա համար էլ հերոսների ու հակահերոսների թեմայով քննարկումները շատ արդիական են դարձել ու դեռ կմնան քաղաքական օրակարգում:

Ի դեպ, հայաստանյան քաղաքական դաշտը ոչնչացնելով և քաղաքական մենաշնորհը խորացնելով՝ իշխանությունները ճանապարհ բացեցին ոչ միայն ներքին ցնցումների, այլ նաև Ադրբեջանի լկտիացման համար: Ակնհայտ է, որ եթե ներսում բան չփոխվի, ապա Հայաստանի ոչնչացված քաղաքական դաշտում ընդդիմության դերը կստանձնի Ադրբեջանը, ինչի արդյունքում մեր հանրությունը կհատուցի երիտասարդ կյանքերով: Այդպես էլ տեղի է ունենում: Մեր զոհերն ու վիրավորները առավելապես թիկունքում տիրող վիճակի հետևանք են:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը