Կարծիք

17.06.2017 09:11


Ինչպիսին կլինի Սասնա Ծռերի ճակատագիրը

Ինչպիսին կլինի Սասնա Ծռերի ճակատագիրը

Կա՞ր արդյոք հանցակազմ Սասնա Ծռերի գործողություններում, ժողովուրդն ունի՞ արդյոք ապստամբության իրավունք,ովքե՞ր են նրանք՝ հերոսներ, ահաբեկիչներ թե՞ ապստամբներ, և այլն, և այլն։

Որակումներն ու գնահատականները կախված են քաղաքական կողմնորոշումներից, իշխանության հետ ունեցած հարաբերություններից, ինչպես նաև, որպես դասը լավ սերտած «գերազանցիկների»՝ կողմից հնչող՝ իրավական, միջազգայնորեն ընդունված սահմանումներից ։ Իսկ եթե ապստամբությունը հաջողության հասներ, ապա պատկերացնել կարելի է թե ինչպես մերձիշխանական մտավորականությունը, քաղաքագետները, ինչպես նաև «գերազանցիկները» կսկսեին լուրջ դեմքով բացատրել ապստամբության անխուսափելիությունը և Սասնա Ծռերի պատմական առաքելությունը հայոց պատմության մեջ։ Հրապարակային կօրհներ նրանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ինչևէ, այսօր, հատկապես, այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքներից հետո, իշխանությունն իրեն ավելի ինքնավստահ է զգում, իսկ Սասնա Ծռերին ոչ այնքան ուժեղ աջակցությունն այլևս արհամարհում է։ԵՎ պատահական չի, որ ընտրություններից հետո մեղադրանքների ծավալը մեծացավ, նույնիսկ արդեն անիմաստ դատապարտված Գևորգ Սաֆարյանին նոր մեղադրանք առաջադրվեց։

Այս իրավիճակը շարունակվելու դեպքում, կասկած չունենաք, որ Սասնա Ծռերը կդատապարտվեն ամենադաժան պատժաչափերով՝ ընդհուպ ցմահ դատավճիռներով։ Շանթի և ընկերների անհամաչափ վճիռները ծիծաղելի կլինեն։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը, ոչ միայն Սասնա Ծռերին, այլև նույնիսկ Շանթին և ընկերներին, Անդրեաս Ղուկասյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Արմեն Միքայելյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին,Կարո Եղնուկյանին, Սամվել Բաբայանին քաղաքական հալածյալներ չեն համարում, պատկերն ամբողջական կլինի։ Ինչ փույթ, որ Սասնա Ծռերի հետ բանակցություններ անցկացվեցին, եղավ դատախազության հայտարարությունը՝ հանձնվելու դեպքում ինչ-ինչ մեղմացումների խոստումների մասին ։ Ինչ փույթ, որ նման ձևով հանրային կառավարման դեպքում, ընդվզումների գայթակղություն միշտ կարող է առաջանալ։ Կարևորը իշխանության պահպանումն է ամեն գնով և խաղի կանոններին չենթարկվողներին դաժանորեն պատժելը։

Իսկ ինչպես են եղել նմանատիպ իրավիճակներում հանգուցալուծումները տարբեր երկրներում։Չեմ ուզում օրինակներ բերել Մեծ Բրիտանիա- Իռլանդիա և նմանատիպ միջազգային հակամարտություններից։ Գուցե առավել բնորոշ կլինի օրինակներ բերել ներազգային հակամարտությունների հանգուցալուծումներից։

Այսպես․1991 թ. օգոստոսին ԽՍՀՄ-ում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո, մի քանի ամիս անց հեղաշրջման կազմակերպիչները համաներմամբ ազատ արձակվեցին։Նույն ձևով ազատ արձակվեցին 1993 թ․ Ռուսաստանում կառավարության շենքը գրաված և ապստամբության փորձ արած գործիչները։ Հատուկ նշեմ, որ երկու դեպքերում էլ զոհեր էին եղել։ Երկու դեպքերում էլ համաներումը հետապնդում էր ազգային համակեցության նպատակ։

Եղել են արդյո՞ք նմանատիպ իրավիճակներ Հայաստանում։ Հիշենք 1990թ․ ՀԱԲ-ի զինաթափումը, անդամների ձերբակալությունները և հետագայում ազատ արձակումը։Ի դեպ, այդպես էլ չբացահայտվեցին Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքայելյանի մահվան հանգամանքները։ 1995,1996թթ․ ՀՅԴ-ի անդամների և ԱԺՄ-ի անդամների և համակիրների ձերբակալությունները, մի դեպքում հեղաշրջման փորձի, մյուս դեպքում իշխանությունը զավթելու մեղադրանքներով։ 1998թ.ներքին իշխանափոխության շնորհիվ, բոլորն ազատ արձակվեցին իրադրության փոփոխության հոդվածով (բացառությամբ Տիգրան Ավետիսյանի, որը մահապատժի էր դատապարտված, իսկ այդ հոդվածը,ինչպես այժմ ցմահը իշխանությունների համար տաբու է)։ Ի դեպ նույն հոդվածով կարճվեցին Ղարաբաղ կոմիտեի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործերը։

Հաջորդը 2008 թ․ ՀԱԿ-ի համակիրների ձերբակալումներն էին, նույն իշխանության զավթման մեղադրանքով։ Նրանք 2009, 2011 թթ. համաներումներով ազատ արձակվեցին Հայաստանի և միջազգային հանրության հուժկու աջակցության շնորհիվ: Ըստ որում` չբացահայտվեցին 10 զոհերի մահվան հանգամանքները, որոնցից 2-ը հատուկ շեշտում եմ 2-ը ոստիկաններ էին։

Այսպիսով, եթե հույս ունենք ինչպես բուն Սասնա Ծռերի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների ազատ արձակմանը (արդար դատավարության մասին խոսելը ավելորդ մտավարժանքներ են), ապա, կամ Հայաստանում պետք է լինի թեկուզ ներքին իշխանափոխություն, կամ հայաստանյան և միջազգային հանրության լուրջ ճնշումներ։

Ավետիք Իշխանյան

Աղբյուրը՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը