Մեկնաբանություն

17.06.2017 07:00


Վտանգավորություն և հետընթաց

Վտանգավորություն և հետընթաց

Գրեթե ամեն օր լսում ենք զոհված կամ վիրավորված հայ զինվորի մասին:

Զինծառայողի մահվան կամ վիրավորում ստանալու մասին լուրը սովորական է դարձել: Ավելի ճիշտ՝ սովորական են դարձրել:

Երեկ միանգամից երեք զոհ ենք տվել: 20 տարեկանը չբոլորած տղաներ ...

ՀՀԿ-ն ԱԺ ընտրությունների ժամանակ հանրությանը ներկայացավ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: Նկատենք, որ իշխանությունն անկեղծ էր, քանզի այդ կարգախոսի շրջանակներում փողատեր ռեյտինգայինները Բ26-ի ծրագրերի իրականացման համար անվտանգ կերպով ընտրակաշառք բաժանեցին ու առաջընթաց արձանագրեցին ընտրակաշառքի ծավալի մեծացման հարցում:

Իշխանությունը 10.000 դրամով հանրության մեծ մասին դարձրեց անվտանգության ու առաջընթացի պահանջ չունեցող բիոզանգված: Արդյունքները տեսանելի են. զոհեր և վիրավորներ:

Մենք տեր չկանգնեցինք 90-ականների հաղթանակներին, մենք հետևություններ չարեցինք 2016-ի ապրիլյան պատերազմից և հիմա ստանում ենք այն, ինչ ցանել ենք:

Բ26-ն իր հաշիվները 10.000 դրամով փակել է հանրության հետ և «անկախ» մամուլի ու մյուս գործիքների միջոցով զբաղված է բացառապես մուտիլովկաներով՝ վասն վերարտադրության, վասն «Աթոռ-2040» ծրագրի կյանքի կոչման: Այլ բաներ իշխանությանը չեն հետաքրքրում: Ու դատելով ամենից՝ հանրության մեծ մասին էլ չի հետաքրքրում: Ամեն մեկն իր կյանքով է ապրում և երկուսն էլ թքած ունեն Հայաստանի Հանրապետության վրա, քանզի այն իրենցից օտարել են:

Եթե հանրությունը շատ հանգիստ է ընդունում մեր փառահեղ հաղթանակի խորհրդանիշներից մեկի՝ Սամվել Բաբայանի կալանավորումը՝ շինծու մեղադրանքի միջոցով, ապա պետք չէ զարմանալ, թե ինչու ենք անվտանգության ու առաջընթացի փոխարեն ստանում վտանգավորություն և հետընթաց: Խնդիրը Բաբայանի անձը չէ: Բաբայանը տվյալ դեպքում յուրօրինակ ինդիկատորի դեր է կատարում:

Իշխանությունները գնել են հանրության մի մասին, գնել են գրեթե ամբողջ քաղաքական ու լրատվական դաշտը և ապահովում են սեփական անվտանգությունն ու առաջընթացը: Նրանք ՀՀ քաղաքացիներին վերապահել են հարկեր ու տուրքեր վճարելու, ինչպես նաև իշխանության սեփականությունը դարձած ՀՀ-ի պաշտպանությունը կյանքի գնով ապահովելու գործառույթը, իսկ իրենց վերցրել են միայն լիազորությունները և փող կուտակելու գործը:

Դաժան իրականությունն այն է, որ մեր հասարակությունը հանդուրժում է այս ամենը: Ով չի հանդուրժում կա՛մ արտագաղթում է, կա՛մ դառնում է ներքին էմիգրանտ: Մյուսները կա՛մ 10.000 դրամով են գործարքի մեջ մտնում իշխանության հետ, կա՛մ պատգամավորական մանդատով, կա՛մ մեծապատիվ մուրացկանի կարգավիճակով: Մի օր բարակ տեղից թելը կկտրվի ու դժվար է ասել, թե ով որտեղ կհայտնվի:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Նրանք, ովքեր 10.000 դրամով ծախեցին իրենց հոգիները կամ իշխանությունների հետ քաղաքական գործարքի մեջ մտան ԱԺ ընտրություններին ընդառաջ, պետք է իմանան, որ մեր զինվորների արյան համար նաև իրենք են պատասխանատու:

Այս խորագրի վերջին նյութերը