Հարցազրույց

16.06.2017 16:05


Փոստանջյան. «Ելք»-ը ստեղծվել է իշխանության կողմից»

Փոստանջյան. «Ելք»-ը ստեղծվել է իշխանության կողմից»

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մեղադրում է «Ելք» դաշինքին՝ ոչ-իրական ընդդիմություն լինելու մեջ: Ազատությունը գրում է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պնդում է՝ «քաղաքական այդ ուժը ստեղծվել է իշխանության կողմից, որպեսզի այն ընդդիմության անվան տակ ծառայություններ մատուցի գործող ռեժիմին»:

Փոստանջյանը պատահական չի համարում, որ տարբեր հարցերի շուրջ «Ելք»-ի քաղաքական դիրքորոշումները համընկնում են իշխանության քաղաքական գծի հետ:

Ըստ Փոստանջյանի, նախ դաշինքի անդամները հրաժարվեցին պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ՝ համարելով դա «կեղծ օրակարգ», այժմ էլ «Ելք»-ի անդամները քննադատում են «Սասնա ծռեր»-ին՝ պնդելով, թե նրանք «հանցագործներ են»։

««Ելք»-ը կարող է բազմիցս տարբեր հայտարարություններ անել, որը վերաբերում է իրենց դիրքորոշումներին, դա այն է, որ կեղծ օրակարգ է սահմանադրական հանրաքվեն, մինչդեռ սահմանադրական հանրաքվեն փաստացի շեմն է այն նվազագույն, որը հիմք պետք է դներ այսօրվա այս կոշտ ավտորիտարիզմի անցման համար»,-ասել է Փոստանջյանը՝ շարունակելով. «Ակնհայտ է իրենց քաղաքական դիրքորոշումներից, որ նրանք ընդդիմություն չեն կարող լինել, որովհետև այդ դիրքորոշումները, որը իրենք հայտնում են, դրանք ուղղակի համընկնում են այսօրվա գործող ապօրինի ռեժիմի դիրքորոշումների հետ։ Հետևաբար ինչ ընդդիմության մասին կարող է լինել խոսքը։ Դեռ ավելին՝ նրանք հայտարարում են, որ «Սասնա ծռեր»-ը քաղաքական հալածյալներ, չեն և ուղղակի ասում են, որ նրանք քրեական հանցագործներ են։ Հետևաբար այս ամենը պետք է գնահատես նույն տիրույթում, և գնահատականը հետևյալն է, որ նրանք նույնպես նույն քաղաքականության գիծը կրողն են, սպասարկողն են, ինչպես գործող ապօրինի իշխանությունը»։

«Ազատություն». - Նպատակը ո՞րն է, ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, «Ելք»-ը գնացել իշխանության հետ նման համագործակցության։

Փոստանջյան. - Չի գնացել, իրենց կողմից ստեղծված, կազմակերպված այս խումբն է, հետևաբար իրենց կողմից ստեղծվածն է, իրենց ծառայություններ պետք է մատուցի։ Սա է։

«Ազատություն». - Որպես ընդդիմությո՞ւն։

Փոստանջյան. - Այդ անունն ուղղակի պետք է կրի, որպեսզի ցույց տա, որ իբրև թե Հայաստանում գոյություն ունի ընդդիմություն, և իրենց է այդ դերակատարությունը տրվել։

«Ազատություն». - Սա նշանակում է, որ Դուք համագործակցություն դժվա՞ր եք պատկերացնում ավագանիում։

Փոստանջյան. - Մենք արդեն իրենց ասեցինք, որ նրանք հաճախորդներ են, հետևաբար հաճախորդների հետ մենք չենք կարող համագործակցել։ Այսինքն՝ այդ քաղաքական ուժն ինքը հաճախորդաց քաղաքական ուժ է, հետևաբար բացառվում է։

Այս խորագրի վերջին նյութերը