Աշխարհ

16.06.2017 15:57


Ադրբեջանցի լրագրողն ահազանգում է, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում

Ադրբեջանցի լրագրողն ահազանգում է, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում

Ֆրանսիայում փախստականի կարգավիճակով բնակվող՝ «Ազադլիք» թերթի գլխավոր խմբագիր և «Ադրբեջանի ժամը» հեռուստածրագրի հիմնադիր, լրագրող Գանիմաթ Զահիդը հայտարարել է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն իր նկատմամբ մահափորձ են նախապատրաստում:

Լրագրողն այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն այդ հրամանը ստացել են անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից: Լրագրող Զահիդը գրում է նաև այն, որ այդ հրամանի համաձայն՝ իր սպանությունը պետք է դիտվի որպես բնական մահ:

«Ինձ վերացնելու համար ահաբեկչական հատուկ մշակված ծրագիր կա, ես նման հայտարարությունների կողմնակից չեմ, սակայն անում եմ, որպեսզի բացահայտեմ այդ նենգ ծրագիրը: Եթե անգամ նրանց հաջողվի վերացնել ինձ, ապա իմ գործը կշարունակեն այլ մարդիկ»,-նշում է նա:

Զահիդը «Ազադլիք» թերթի խմբագիրն է 1990-ականների կեսերից: Մի քանի տարի առաջ նրա նկատմամբ հորինված մեղադրանք էր առաջադրվել, որի արդյունքում դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: Սակայն ազատ արձակվելուց հետո էլ նրա նկատմամբ ճնշումներն ու հնչող սպառնալիքները չէին դադարել:

Նրա կողմից 4 տարի առաջ հիմնադրված «Ադրբեջանի ժամը» ինտերնետային հաղորդաշարը, որը հայտնի է իր հակաիշխանական քննադատությամբ, ադրբեջանցիների մոտ մեծ հեղինակություն է վայելում և հեռարձակվում է գրեթե ամեն օր:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը