Լրահոս

20.01.2010 17:02

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի հայտարարությունը

Հունվարի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը' ի դեմս «Ժողովրդավարություն», «Հայրենիք» և «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունների, ընդունել են հայտարարություն Բաքվի հայերի 1990թ. հունվարյան ջարդերի կապակցությամբ:

Ստորև ներկայացվում է հայտարարության ամբողջական տեքստը:

Քսան տարի առաջ պաշտոնապես դեռևս խորհրդային կոչվող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետականորեն կազմակերպվեց և սառնասրտորեն ի կատար ածվեց հայ բնակչության զանգվածային սպանդը: Առանձնակի դաժանությամբ սպանվեցին հազարավոր անմեղ մարդիկ' կանայք, երեխաներ ու ծերունիներ, իսկ տասնյակ հազարավորները, մարմնական ծանր վնասվածքներ ու հոգեկան ցնցումներ կրելով, հայրենազրկվեցին և բռնատեղահանվեցին:

Բաքվի հունվարյան ջարդերը, փաստորեն, Արևելյան Անդրկովկասի բնիկ և իրավամբ պետականակիր հայ ժողովրդի նկատմամբ 1905-1906, 1918-1920 և 1988-1990թթ. իրագործված բռնությունների ու տեղահանությունների վերջին ակորդը հանդիսացան: Դա Ադրբեջանի իշխանությունների յուրօրինակ պատասխանն էր հայրենի բնօրրանում արժանապատիվ ապրելու' Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ, արդարացի և օրինական իրավունքի, որն իրականացվեց ԽՍՀՄ իշխանությունների հանցավոր թողտվությամբ:

Մենք' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, վերստին դատապարտելով քսաներորդ դարի ողջ ընթացքում Ադրբեջանում կազմակերպված  հակահայ   բռնությունները, որոնց հետևանքով տեղաբնիկ հայ բնակչությունը զրկվել է պետականորեն ինքնակազմակերպվելու անօտարելի իրավունքից և, մասնավորապես, 1990թ. հունվարի 13-ից Բաքվում սկիզբ առած ջարդերը,  դրանք  գնահատում ենք որպես.

-մարդու իրավունքների և ազատությունների, առաջին հերթին' ապրելու իրավունքի  զանգվածային խախտման փաստ,

-այլատյացության և ազգային անհանդուրժողականության, էթնիկ զտումների' Ադրբեջանի պետական քաղաքականության ակնհայտ դրսևորում,

-մարդկության դեմ պետականորեն կատարված ծանրագույն հանցագործություն' Ցեղասպանություն, որի համար պատասխանատվությունը, միջազգային իրավունքի համաձայն, վաղեմության ժամկետ չունի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանում իրագործված հակահայ բոլոր բռնությունները, տեղահանություններն ու էթնիկ զտումներն ստանան իրավական գնահատական, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվեն պատասխանատվության' անկախ նրանց քաղաքական ու հասարակական ներկա դիրքից կամ կեցության վայրից:

Ի դրսևորումն այդ օրինական և արդարացի նպատակադրման, մենք դիմում ենք ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի անդամ երկրների խորհրդարաններին.

- անցկացնել 1990թ. հունվարի 13-ից մինչև 20-ը Բաքվի հայ բնակչության դեմ իրագործված բռնությունների անաչառ հետաքննություն և իրավական գնահատական տալ ոճրագործության կազմակերպիչների և իրականացնողների գործողություններին,

- հավասարության նշան չդնել խաղաղ պայմաններում պետականորեն կազմակերպված հանցագործությունների և այն զրկանքների միջև, որ տարածաշրջանի ժողովուրդները կրել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով:

Հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու համար պահանջում ենք դատապարտել և պատժամիջոցներ կիրառել հանցավոր պետության նկատմամբ: Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլև միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։