Մեկնաբանություն

16.06.2017 10:05


«Огласите весь список пожалуйста»

«Огласите весь список пожалуйста»

Բ26-ը «նագլի» խասիաթ ունի: Հա՛մ հաճախորդացնում են, հա՛մ օգտագործում հանրության դեմ, հա՛մ լյուստրացնում ու փչացնում: Դա, թերևս, պրոֆիլակտիկայի համար է արվում, որպեսզի հաճախորդաց դասը չհաբռգի ու չթպրտա:

Բացի այդ, լյուստրացիայի ենթարկելով հաճախորդներին՝ ՀՀԿ ղեկավարը դրանց գինն է գցում, ինչը հնարավորություն է տալիս գումար տնտեսել այս «նեղ մաջալին»:

Տարբեր են հաճախորդները, բայց գրեթե նույնն է նրանց ճակատագիրը: Սկզբում՝ թունդ ընդդիմադիր կեցվածք, անձնական վիրավորաքներ Սերժ Սարգսյանի հասցեին, ճղճղան ձայնով հնդկական կինոների սցենարներին համահունչ պահվածք: Հետո՝ ընդդիմադիր դիրքերից իշխանության իրական ընդդիմախոսների դեմ պայքար, ընդդիմության ընդդիմություն, մի քանի զրոների բացահայտում և վերջ:

Հաճախորդները, որպես կանոն, հայտնվում են ՀՀԿ-ի «պադվալում»: Թեև հիմա մի քիչ այլ բաներ էլ են լինում: Օրինակ՝ «Ելք» դաշինքի Նիկոլ-Արամ-Էդմոն եռյակին հրապարակավ «պադվալ» չեն տարել, բայց այն ինչ անում է «Ելք»-ը «ընդդիմադիր» դիրքերից Բ26-ի համար, արժանի է ոչ միայն «պադվալի», այլ նաև «չուլանի»: Հանրային «չուլանի»:

«Ելք»-ը ՀՀԿ-ին պետք էր ընտրակաշառքը լեգիտիմացնելու և ընտրության արդյունքները ճանաչելու համար: ՀՀԿ-ն, ավելի ճիշտ՝ Բ26-ը «Ելք»-ից ստացավ իր ուզածը: Ու դեռ շատ բաներ է ստանալու (բա հո հենց այնպե՞ս չեն տարել ԱԺ):

Իշխանությունը ստանալիք ունի նաև, այսպես կոչված, անկախ փորձագետներից, որոնց մի մասին իր տանիքի տակ էր հավաքել տխրահռչակ Արմեն Աշոտյանը՝ Բաղրամյան փողոցում «բարի ճանապարհի» արժանացած ասպետը: Հերթը, փաստորեն, հասել է այլ խումբ մարդկանց լյուստրացիայի կազմակերպմանը: Ի դեպ, սրանց մեջ միամիտներ կային ու ափաշքարա փող էին պահանջում Աշոտյանից, բայց կային նաև «քոքվածներ», որոնք գիտեին, որ Բ26-ին կից ու Աշոտյանի համակարգման ներքո փորձագիտություն անելն անվճար չի լինում (Դավիթ Շահնազարյանին ու նրա կոլեգաներին հարցրեք, կասեն): Գիտեին ու այդ իսկ պատճառով էլ հանգիստ ու լուռ էին:

Թե էլ ում է առաջիկայում լյուստրացնելու Բ26-ը, կիմանանք երևի շատ շուտով: Ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում՝ «Огласите весь список пожалуйста»:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը