Աշխարհ

16.06.2017 08:15


2016թ. Թուրքիայում արտաքին ուղղակի ներդրումները նվազել են 31 տոկոսով

2016թ. Թուրքիայում արտաքին ուղղակի ներդրումները նվազել են 31 տոկոսով

Թուրքիայում օտարերկրյա ներդրումների ծավալը նկատելիորեն նվազել է: Այս մասին տեղեկացնում է «Deusche Welle»-ի թուրքական ծառայությունը:

Այս մասին հայտնի է դարձել ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից օրեր առաջ հրապարակված «Ներդրումների համաշխարհային զեկույցից»: Մյուս կողմից, անցյալ տարի Թուրքիային բաժին է հասել համաշխարհային մակարդակով կատարվող ուղղակի ներդրումների միայն 2.3 տոկոսը՝ նախկին 1.9 տոկոսի փոխարեն: Մասնագետների պնդմամբ՝ արտաքին ներդրողները Թուրքիայից հեռանում են նույն արագությամբ, ինչ արագությամբ որ Թուրքիան է հեռանում Եվրամիության արժեքներից:

Զեկույցի համաձայն՝ 2016թ. ողջ աշխարհում արտաքին անմիջական ներդրումները նվազել են 2 տոկոսով՝ հասնելով 1 տրիլիոն 746 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ 14 տոկոսով նվազել է նաև զարգացող երկրներում (որոնց թվին է պատկանում նաև Թուրքիան) կատարված արտասահմանյան ներդրումների ծավալը՝ կազմելով 646 միլիարդ դոլար: Իսկ միայն Թուրքիայում արտաքին ներդրումները 2016թ. նվազել են 31 տոկոսով՝ հասնելով 11.9 միլիարդ դոլարի: Սա 2010թ. հետո այս երկրում կատարված ներդրումների ամենացածր ցուցանիշն է:

Մասնագետների կարծիքով՝ Թուրքիայում արտաքին ներդրումների ծավալի նման անկումը պայմանավորված է վերջին տարիների ընթացքում պարբերական դարձած ահաբեկչություններով, հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջմամբ և դրանից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմով:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը