Քաղաքական

15.06.2017 14:44


ԵՄ դեսպան. «Հայերը գենետիկորեն ուզում են ազատություն ու բավականին քաջ են` պայքարելու իրենց ազատության համար»

ԵՄ դեսպան. «Հայերը գենետիկորեն ուզում են ազատություն ու բավականին քաջ են` պայքարելու իրենց ազատության համար»

«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար»,- այսօր կայացած համաժողովում հայտարարել է Պյոտր Սվիտալսկին։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի կարծիքով, Հայաստանում ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոփոխվի: Ըստ դեսպանի, անհրաժեշտ է հանձնաժողովում ներառել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Սվիտալսկին այսօր Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված՝ ընտրական զարգացումներն ամփոփող համաժողովին նաև հայտարարեց՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում իշխանությունը փորձում է Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցնել իր շահերին։

«Սակայն աշխարհում Ընտրական օրենսգիրքը չի դառնում բաժանող խնդիր, կցանկանայի, որ նույնն էլ Հայաստանում լինի։ Իմ խորհուրդն է` բարելավեք Ընտրական օրենսգիրքը: Ինչպես ընտրությունները ցույց տվեցին, այն բարելավման տեղ ունի։ Հայերի համար կարևոր է հաստատությունների արժանահավատությունը։ Ընդհանրապես, հայերի համար հատկապես կարևոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ես բարձր եմ գնահատում ԿԸՀ-ի աշխատանքը, սակայն այդ կառույցը պետք է լինի հանրային մեծ վստահություն վայելող։ Խոսքն ընկալումների մասին է։ Կարծում եմ` ԿԸՀ-ի կազմը պետք է ընդլայնվի, այնտեղ պետք է ներառվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայերին իմ խորհուրդն է՝ մտածեք` ինչպես ԿԸՀ-ն դարձնել արժանահավատ։ Եթե հանձնաժողովն ուզում է, որ հանրությունը վստահի իրեն, ապա պետք է ունենա արժանահավատ գործող կառույց»,- ասաց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին այսօր իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանի իրավապահ համակարգին, նշելով՝ եթե իրավապահ մարմինները չեն դիտվում անկախ ու չեզոք, ապա երբեք չեն կարողանա համոզել մարդկանց, թե ի շահ հանրության են գործում։ «Թեև իրավապահ համակարգը պետության բաղկացուցիչ մասն է, այն չպետք է ընկալվի որպես քաղաքական էլիտայի շահերին ծառայող համակարգ։ Հանրային ընկալումները պետք է փոխել»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Ըստ նրա, ընտրատեղամասերում ընտրություններն արդար են եղել, սակայն ուշադրություն պետք է դարձնել, «թե ինչ է եղել դրսում»։ «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին։ Կար անգամ մի նկար, որում պատկերված էին բուժհաստատություններում հիվանդների փոխարեն քվեարկող բժիշկներ: Միգուցե դրանք փոքր երևույթներ են, սակայն ազդեցիկ են։ Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար։

Երբեմն բարդություններ կան քրեական գործերում նման փաստերի բացահայտման հետ կապված: Մինչդեռ այդ փաստերն ակնհայտ են: Կարծում եմ` ջանքեր կներդրվեն, որ նման երևույթները վերանան»,- նաև ասաց դեսպանը, ընդգծելով՝ հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության:

«Հայերը գենետիկորեն ուզում են ազատություն ու բավականին քաջ են` պայքարելու իրենց ազատության համար։ Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հարցում: Ժողովրդավարությունն այստեղ հասունանալու է, և Հայաստանն ունենալու է արդյունավետ գործող ընտրական համակարգ»,- իր խոսքն ամփոփեց Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը