Աշխարհ

14.06.2017 07:55


ԱՄՆ-ի գլխավոր դատախազը ցուցմունք տվեց Սենատում

ԱՄՆ-ի գլխավոր դատախազը ցուցմունք տվեց Սենատում

Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումներին երեքշաբթի ցուցմունք էր տալիս գլխավոր դատախազ եւ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզը: Դեռեւս մարտին Սեշնզն ինքնաբացարկ էր հայտնել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննությունից այն բանից հետո երբ պարզվել էր, որ իր թեկնածության շուրջ Սենատի լսումների ընթացքում Սեշնզը հայտնել էր, որ չի հանդիպել Ռուսաստանի որեւէ պաշտոնյայի, մինչդեռ ավելի ուշ պարզվել էր, որ նա մեկ երկար եւ երկու կարճատեւ հանդիպում էր ունեցել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Գլխավոր դատախազի խոսքով, հարյուրավոր այլ հանդիպումների թվում Կիսլյակի հետ հանդիպումների մասին նա պարզապես մոռացել էր.

«Ես որեւէ կերպ չեմ փորձել միտումնավոր սուտ ցուցմունք տալ»:

Ավելին, Ջեֆ Սեշնզի խոսքով, հանդիպումներից մեկի մասին մինչ օրս էլ չի հիշում, քանի որ այն ընդունելության ընթացքում է տեղի ունեցել: Հավանաբար, նշում է գլխավոր դատախազը, պարզապես դեսպանի ձեռքն է սեղմել.

«Եթե Ռուսաստանի դեսպանի հետ նույնիսկ որեւէ կարճատեւ զրույց է տեղի ունեցել, ես այդ մասին չեմ հիշում»:

Մեկ բան սակայն Ջեֆ Սեշնզն ընդգծեց՝ որեւիցե պաշտոնյայի, այդ թվում եւ դեսպան Կիսլյակի հետ հանդիպումների ընթացքում նա ամերիկյան ընտրություններին որեւէ միջամտության հարց չի քննարկել: Ցանկացած նման մեղադրանք ԱՄՆ-ի գլխավոր դատախազն անվանեց կեղծիք:

Իր ցուցմունքներում գլխավոր դատախազը նաեւ հրաժարվեց մի շարք հարցերի պատասխանել, որոնք վերաբերում էին նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներին, քանի որ չէր ցանկանում հրապարակել ԱՄՆ-ի նախագահի հետ զրույցների բովանդակությունը: Սեշնզի այդ որոշումը սակայն սենատորների բացասական գնահատականների արժանացավ.

«Դուք երդում եք տվել, աջը բարձրացնելով այսօր այստեղ հայտարարել եք, որ երդվում եք ասել ճշմարտություն, իսկ այժմ դուք չեք պատասխանում մեր հարցերի: Դուք խոչընդոտում եք այս հետաքննությունը»:

Սենատորներն ԱՄՆ-ի գլխավոր դատախազին տեղեկացրեցին նաեւ, որ հանձնաժողովը նրան հավանաբար կրկին կհրավիրի, քանի որ Սենատի հետաքննության ընթացքում նոր հարցեր կարող են առաջանալ:

Այս խորագրի վերջին նյութերը