Աշխարհ

14.06.2017 09:55


Թուրք-քրդական բախումները երկուստեք կորուստներով շարունակվում են

Թուրք-քրդական բախումները երկուստեք կորուստներով շարունակվում են

Հունիսի 12-ին Թուրքիայի տարբեր նահանգներում շարունակվել են թուրքական զինուժի, ուժային կառույցների և «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) միջև բախումները: Թուրքական կողմն ունեցել է մեկ կորուստ, մի քանի զինծառայող վիրավորվել է: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներից մեկը մահացել է Բինգյոլում քրդերի հետ բախումներում: Եվս 5 զինծառայող վիրավորվել է Հաքքարի նահանգում:

Թուրք-քրդական բանխումները շարունակվել են նաև Թուրքիայի հարավարևելյան մի շարք այլ նահանգներում, որտեղ զգալի թիվ է կազմում հենց քրդական բնակչությունը: 2015 թ. ինտենսիվացած բախումները հարաբերական դադարնեով շարունակվում են մինչ օրս:

Սակայն եթե 2015 թ. վերջին և 2016 թ. սկզբին բախումները ավելի ինտենսիվ էին բնակավայրերում, մասնավորապես՝ Դիարբեքիրի կենտրոնական թաղամասում՝ Սուրում, Շրնաքում, նույն Հաքքարիի տարբեր բնակավայրերում, ապա 2016 թ. կեսերից բախումները կրկին տեղափոխվել են լեռնային վայրեր: Գրեթե նույն մարտավարությունը PKK-ն ընտրել էր 1980-90-ականների խոշոր բախումներում պարտություն կրելուց հետո:

Բացի Թուրքիայի տարածքից, թուրքական զինուժը քրդական կառույցի դեմ գործողություններ է իրականացնում նաև Իրաքի հյուսիսային լեռնոտ շրջաններում: Այդտեղ են գտնվում PKK-ի հիմնական բազաները և սնման աղբյուրները: Հունիսի 12-ին թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է քրդերի դիրքերը:

Այս ավիահարվածների արդյունքների մասին բաց աղբյուրներից հստակ տվյալներ ստանալը դժվար է, քանի որ թուրք-քրդական նմանատիպ բախումներում կողմերից յուրաքանչյուրը իր հերթին աղավաղում է տեղեկատվությունը:

Այս խորագրի վերջին նյութերը